Շաքարավազն էժանացել է. Ո՞ւմ պետք է շնորհակալ լինենք դրա համար

Վերջին շրջանում առավել հաճախ է խոսվում գնաճի մասին: Ինչպես գիտենք, Կենտրոնական բանկը նպատակադրել է ունենալ տարեկան 4% գնաճ, որն այս տարի  շատ մոտ կլինի իրականանալուն: ԿԲ նախագահի հրապարակած տվյալների համաձայն՝   տարին կամփոփվի 3,3-3,5% ցուցանիշով:   Եթե հաշվի առնենք առաջիկայում սպասվող զարգացումները, ապա գնաճի այս տարվա նպատակադրումը, ամենայն հավանականությամբ, մոտ կլինի կատարվելուն, և եթե հաշվի առնենք, որ աշխատավարձի և թոշակների զգալի բարձրացում առաջիկայում չի նախատեսվում, ապա սպառողների համար այս ցուցանիշն այնքան էլ ուրախալի չէ:

Սակայն գնաճի այս տխուր թեմայի մեջ կա մի ուրախալի կետ, ասել է թե՝ կա մի մթերք, որը որոշել է հոսանքին հակառակ լողալ: Այո, Հայաստանում շաքարավազն էժանացել է: Եվ քանի որ այս երևույթը համընկել է հետհեղափոխական շրջանի հետ, բնականաբար, կառավարությունը շտապել է այն սեփականաշնորհել:  Դեռևս հուլիսի վերջին Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը զեկուցել էր, որ Հայաստան շաքարավազ ներմուծող տնտեսվարող ընկերություններն ու շաքարավազի ներկրման խմբաքանակներն էապես ավելացել են: Ոլորտում ստեղծված մրցակցության արդյունքում տեղի է ունենում շաքարավազի գնի նվազում: Ներկա դրությամբ շաքարավազի 1 կգ-ն արժե 285 դրամ՝ տարեսկզբի 390 դրամի համեմատ, այսինքն՝ գինը նվազել է 16%-ով:

Այստեղ, իհարկե, առաջին կասկածելի միտքն է՝ «Ոլորտում ստեղծված մրցակցության արդյունքում տեղի է ունենում շաքարավազի գնի նվազում»: Իհարկե, այս հայտարարությունը շատ գրավիչ է հնչում, սակայն  պետք է հասկանանք, որ իրական կյանքում շուկան մոնոպոլիայից մրցակցայինի այդպես վայրկենական չի կարող վերափոխվել: Դրա համար ամիսներ, և, ինչո՞ւ չէ, նաև տարիներ են պետք: Շուկա նոր մուտք գործող ընկերությունները դեռ պետք է դիրքավորվեն, իրենց ենթակառուցվածքները զարգացնեն, որից հետո միայն կարող են մասնակցել գնային մրցակցությանը և նվազեցնել գները, ուստի չի կարող 3-4 ամսում այնպիսի մրցակցություն ձևավորվել, որ ազդի շաքարավազի գնի վրա:

Այնուհանդերձ, պետք է փաստենք, որ շուկայում գնանկում իսկապես կա, բայց ոչ Ա. Շաբոյանի մատնանշած չափի: Ուստի, փորձենք հասկանալ, թե ինչո՞վ է պայմանավորված այդ էժանացումը: Մեր երկրում շաքարավազի հիմնական պահանջարկը բավարարվում է ներմուծման հաշվին, ուստի առաջին բանը, որ պետք է ուսումնասիրենք՝  միջազգային գներն են:

Գծապատկերում ներկայացված է 1 ֆունտ շաքարավազի համար  գների դինամիկան՝ ԱՄՆ դոլարով արտահայտված, որից պարզ է դառնում, որ վերջին 2 տարում համաշխարհային շուկայում նկատվել է գների անկում, որն էլ ավելի արագացել է 2018թ. մայիսից: Եթե, իհարկե, մի կողմ դնենք այն վարկածը, որ մեր երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն ազդել է նաև շաքարավազի միջազգային գների վրա, ապա ակնհայտ է դառնում, որ մեր երկրում էժանացման առաջին պատճառը միջազգային գների անկումն է: Հայաստանը՝ որպես ներմուծող երկիր, շաքարավազը ներմուծել է նախկինից ավելի էժան գնով, ինչն էլ հիմք է հանդիսացել էժանացման: Հաջորդ բաղադրիչը, որ որոշակի դերակատարում է ունեցել էժանացման մեջ, դրամի փոխարժեքն է: Ինչպես ներկայացրել ենք մեր նախորդ վերլուծություններից մեկում, հայկական դրամը 2018թ. առաջին 9 ամիսների տվյալներով՝ հանդիսացել է ամենակայուն արժույթներից մեկը, և 9 ամսվա կտրվածքով արժևորվել է դոլարի նկատմամբ 0.2%-ով: Սա ևս իր նպաստն է ունեցել  էժանացման հարցում:

Ամփոփելով՝ փաստենք, որ շաքարավազի գնի էժանացումը, որ կառավարության կողմից մատնանշվել է՝ որպես մրցակցության վերականգնման արդյունք, հեռու է իրական համարվելուց, և կառավարությունը պարզապես փորձել է սեփականաշնորհել այս հաջողությունը: Այս նույն իրավիճակն է նաև կարագի, բանանի և մի շարք այլ մթերքների պարագայում, և այս էժանացման համար բնավ պետք չէ շնորհակալ լինել Փաշինյանին և կառավարությանը, քանզի միակ բանը, որ կառավարությունն արել է՝   էժանացումն արձանագրելն է:   Հետաքրքիր է, եթե այս տևական գնանկումից հետո շաքարավազը սկսի թանկանալ, կառավարությունը ինչպե՞ս է մեկնաբանելու: Գոնե այդ ժամանակ անկեղծ կնշի՞, որ մեր երկրում շաքարավազի գինը հիմնականում կախված է միջազգային գներից, և գնագոյացման մնացած բաղադրիչներն այստեղ երկրորդային են, թե՞ դարձյալ կաշխատի «ինչը լավ է՝ մեր շնորհքն է, ինչը վատ՝ մենք կապ չունենք» սկզբունքը:

ՀԱՅԿ ԲԵՋԱՆՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս