««Ռեֆորմիստների» կուսակցությունն ակցիա չի կազմակերպել, սակայն կուսակցության անդամներին չի էլ արգելում մասնակցել ակցիաների». Վահան Բաբայանի պարզաբանումը
Վերջին օրերին համացանցում ակտիվ քննարկվում է Ֆեյսբուքում հայտնված մի շարք անձանց նամակագրություն, որտեղ նրանք գրառումներ են կատարում մարդիկ հավաքագրելու և գումարով փողոցներ փակելու շուրջ։ Ըստ նամակագրության՝ նրանք, ովքեր կես ժամով կփակեն փողոց, դրա դիմաց կստանան 1000 դրամ։
Նամակագրության մեջ նշվում է նաև, որ նման ակցիա իրականացնողը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, որն այդ քայլին գնում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին աջակցելու համար, որի մասին, սակայն, տեղյակ չէ Ն. Փաշինյանը։
Հոկտեմբերի 26-ին «Կեցցե Հաայստանը» պաստառներով որոշ անձինք փակել էին Մաշտոց-Սայաթ-Նովա պողոտաները։
Ակցիայի հաջորդ օրը լուրեր տարածվեցին, որ ակցիային կազմակերպիչներից մեկը «Ռեֆորմիստներ» կուսակցության անդամ Լիլիթ Խաչատրյանն է, ով հայտարարել էր, որ իրենք իրականացնում են ոչ թե բողոքի ակցիա, այլ ֆլեշմոբ։
168.am-ը «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանից փորձեց ճշտել, թե ի՞նչ առնչություն ունի իրենց կուսակցությունն այդ ակցիաների հետ։
«Մեզ մոտ ներքին ժողորդավարություն է, մենք չունենք կուսակցության որոշում նման ակցիա կազմակերպելու կամ ակցիային օժանդակելու, սակայն կուսակցության անդամներ կան, որոնք որպես ՀՀ քաղաքիացներ՝ մասնակցում են տարբեր ակցիաների։
Մեր կուսակցությունում կան մարդիկ, որոնք ունեն իրենց լրատվամիջոցը, հասարակական կազմակերպությունները, այսինքն՝ ակտիվ մարդիկ են և մասնակցում են ակցիաների»,- նշեց Վահան Բաբայանը և նկատեց, որ ինքը չի արգելում իր կուսակցության անդամներին մասնակցելու ակցիաների, քանի որ կուսակցության անդամներն ունեն իրենց տեսակետները տարբեր հարցերի շուրջ:
«Ով մասնացել է ակցիայի, դա իր սահմանադրական իրավունքն է, ի՞նչ կարող եմ մեկնաբանել»,- շեշտեց Վ. Բաբայանը։
Ինչ վերաբերում է գումարի դիմաց ակցիաներին մասնակցելուն, ապա մեր զրուցակիցն ասաց, որ, եթե եղել են մարդիկ, որոնք շահագրգռել են ակցիայի կազմակերպմանը, ապա դա իրենց խնդիրն է. «Ակցիայի կազմակերպիչը «Ռեֆորմիստների» կուսակցությունը չէ, այս հարցի հետ կապված ոչինչ չեմ կարող ասել»:
Անդադառնալով այն խոսակցություններին, թե այս ակցիայով՝ Նիկոլ Փաշինյանին աջակցելու քողի տակ, նորընտիր կառավարությանն են վարկաբեկում, Վահան Բաբայանը նշեց, որ դրա հետ կապված տարբեր կարծիքներ է լսել, սակայն դրա հիմնական լոզունգներում կառավարությանը հակա որևէ բան չի տեսել։
«Կարծում եմ՝ մարդիկ ցանկանում են նոր նախաձեռնություն ձևավորել, որտեղ հակա բաներ չեմ տեսել»,- եզրափակեց Վահան Բաբայանը։
Զվարթ Խաչատրյան