Զարկերակային ճնշման բարձրացում. 5 պատճառ
Զարկերակային ճնշման բարձրացման՝ հիպերտոնիայի հետևանքները տարբեր են՝ սկսած սրտային անբավարարությունից մինչև կաթված: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ երբ հիվանդը տեղյակ չէ հիպերտոնիայի մասին, կաթվածի հավանականակությունը կարող է մեծանալ 60 տոկոսով: Հիպերտոնիայի զարգացումը պայմանավորված է մի խումբ գործոններով, այդ թվում՝ ժառանգական նախատրամադրվածությամբ:
Ավելորդ քաշ: Վերջերս անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ ավելորդ քաշ ունեցող և ճարպակալմամբ տառապող անձանց շրջանում մեծանում է արյունատար անոթների խնդիրների առաջացման հավանականությունը, որոնց հետևանքով սիրտը ստիպված է լինում լուրջ ջանքեր գործադրել: Ավելորդ քաշից ազատվելը հնարավորություն կտա իջեցնել ճնշումն ու նվազեցնել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը:
Անառողջ կենսակերպ: Ալկոհոլի, աղի չարաշահումը, ծխախոտը, ֆիզիկական ակտիվության բացակայությունը հանգեցնում են զարկերակային ճնշման բարձրացման: Եթե ցանկանում եք խուսափել տհաճ հետևանքներից, ակտիվ կյանքով ապրեք, շաբաթվա ընթացքում մի քանի անգամ մարզվեք: Հետևեք սննդակարգին, հավասարակշռեք այն:
Կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ վառ էմոցիաները՝ ատելություն, գրգռվածություն, անհանգստություն, ուղղակիորեն կապված են զարկերակային ճնշման բարձրացման հետ: Հարկավոր է հոգ տանել հոգեկան առողջության մասին:
Կլինիկական պատճառներ: Զարկերակային ճնշման բարձրացումը կարող է կապված լինել քրոնիկ հիվանդությունների հետ, այդ թվում՝ երիկամների, վահանաձև գեղձի աշխատանքի հետ կապված խնդիրների, ինչպես նաև դիաբետի և ապնոէի հետ:
Դեղամիջոցներ: Որոշ դեղամիջոցներ, այդ թվում՝ հորմոնալ հակաբեղմնավորիչներ և ասթմայի դեմ նշանակվող դեղեր, կարող են նպաստել զարկերակային ճնշման բարձրացմանը: Խնդրի պատճառ կարող են դառնալ նաև ոչ ստերոիդային դեղամիջոցները, հակադեպրեսանտներն ու ցավազրկողները: Այս դեղամիջոցները փոխում են նատրիումի և հեղուկի հավասարակշռությունը, ինչն իր հերթին՝ հանգեցնում է արյունատար անոթների նեղացման և հիպերտոնիայի:
Տարիք: 40 տարեկանից բարձր մարդիկ առավել հակված են հիպերտոնիայի: Տարիքի մեծացմանը զուգընթաց՝ արյունատար անոթները թուլանում են, ինչը սրտին ստիպում է կրկնակի ուժով աշխատել:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը