Ցավոք, հայկական խաղողի մեծ մասը հակաբիոտիկախեղդ է արված
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հոկտեմբերի 30-ին կազմակերպել էր տեղեկատվական այց Վայոց ձորի Աղավնաձոր և Ելփին համայնքներ՝ ծանոթանալու Եվրոպական միության գյուղատնտեսական ծրագրերի կողմից տեխնիկական ու ֆինանսական աջակցություն ստացած ֆերմերային տնտեսություններին:
Այցին մասնակցում էր նաև Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին:
ENPARD ծրագրի տեխնիկական, ֆինանսական և վերապատրաստման աջակցության շնորհիվ Ելփին համայնքում ստեղծվել է «Երփին» բարձրորակ պանրի արտադրամասը, իսկ ՕԳԱՆ-ը ֆինանսական և տեխնիկական աջակցություն է տրամադրել «Տրինիտի» ընկերությանը, որն առաջինն է Հայաստանում սկսել արտադրել օրգանական գինի:
Ընկերության հիմնադիրներից Հովակիմ Սաղաթելյանը տեղեկացրեց, որ ինչպես շատերը, այնպես էլ իրենք, գինիներն արտահանում են Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա ու այլ եվրոպական երկրներ, ԱՄՆ, ստանում դրական արձագանքներ:
«Մենք 10 տարվա մեջ արեցինք այն, ինչ մեր նախնիները 6000 տարի այստեղ անում էին՝ ապացուցելու, որ մենք կայանում ենք: Իհարկե, դժվար է, բայց փորձում ենք մի նիշ ստեղծել գինու շուկայում, որը կոչվում է պատմական գինիներ: Հուսով ենք՝ կկարողանանք, ու եվրոպացին կցանկանա համտեսել այն խաղողները, որից սկսվել է գինու պատմությունը: Այստեղից 2 կմ հեռավորության վրա է գտնվում աշխարհի հնագույն հնձանը՝ 6100 տարեկան, մենք էլ մեր գինին հենց այդպես ենք անվանել՝ 6100, երբ որ Եվրոպայում հարցեր լինեն, տեղեկացնենք, որ հին, բարեկիրթ մշակութային ազգ ենք: Իսկ գինու որակը կխոսի մեր մշակույթի ու մեր մասին: Ամենակարևորը, կվերադառնանք մեր արմատներին, որը օրգանական խաղաղագործությունն ու գինեգործությունն է, եղել է մեր նախնիների ճանապարհը: Հուսով ենք՝ հայոց գինու վերածնունդը քայլ առ քայլ կիրականանա: Մենք տարին 30.000 շիշ գինի ենք պատրաստում, որի մեծ մասն արտահանվում է, իսկ Հայաստանում վաճառվում է մասնագիտացված խանութներում»,- ասաց Հովակիմ Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ Եվրոպայում գինեգործությունը, հատկապես՝ օրգանականը, մշտապես պետության ուշադրության կենտրոնում է, հովանավորում են:
168.am-ի հետ զրույցում Հովակիմ Սաղաթելյանն անդրադառնալով օրգանական ու քիմական հավելումներով գինիներին՝ նշեց, որ տարբերվում են տեխնոլոգիայով և խաղողով:
«Տեսեք, ասենք՝ մարդը հիվանդանում է, օգտագործում է մուրաբա, հանգստանում է, Մեկն էլ հակաբիոտիկ է օգտագործում: Ցավոք, հայկական խաղողի մեծ մասը հակաբիոտիկախեղդ է արված, քանի որ այն էժան է, էֆեկտիվ և ավելի հեշտ է: Բայց տարիների ընթացքում «քթից դուրս է գալիս»: Մարդն իմունիտետ չի ունենում այլևս: Եվրոպական բոլոր գինիներն էլ են այդպես եղել»,- նկատեց Հովակիմ Սաղաթելյանը:
Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս տարբերել օրգանական ու ոչ օրգանական գինիները, «Տրինիտի» ընկերության հիմնադիրը կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց.
«Մեկ լիտր խմում են, եթե առավոտյան գլխացավ են ունենում, ուրեմն լավ գինի չէ»:
Անի Կարապետյան