Բաժիններ՝

Խորհրդակցություն ԱՀ ոստիկանությունում

ԱՀ ոստիկանության ղեկավարության մոտ 2018թ 2-րդ կիսամյակում անցկացվելիք օպերատիվ խորհրդակցությունների պլանի համաձայն՝ ԱՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ղահրամանյանը սույն թվականի հոկտեմբերի 27-ին օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց հասարակական կարգի ապահովման բաժնի, տարածքային ստորաբաժանումների պրոֆիլակտիկայի բաժին-բաժանմունքների և թույլտվության համակարգի ծառայողների հետ։

Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին. «Նախկինում դատված անձանց կողմից կատարված հանցագործությունների ուղղությամբ տարվող, ինչպես նաև թույլտվության համակարգի կողմից քաղաքացիների զենքերի գրանցման և վերագրանցման ուղղությամբ կատարված աշխատանքների դրվածքի» վերաբերյալ հարցերը։

Օրակարգի 1-ին հարցով զեկույց ունեցավ ԱՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Հարությունյանը, ով հիմնականում կանգ առավ նախկինում դատված անձանց կողմից կատարված հանցագործությունների մանրակրկիտ վերլուծությանն ու դրանց կանխարգելման աշխատանքներին։

Թույլտվության համակարգի կողմից քաղաքացիների զենքերի գրանցման և վերագրանցման շարժի և առաջացող հարցերի վերաբերյալ զեկույցը ներկայացրեց ԱՀ ոստիկանության ՀԿԱԲ թույլտվության համակարգի ավագ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Մարատ Պետրոսյանը:

Ընդհանրացնելով խորդհրդակցության արդյունքները՝ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ղահրամանյանը տարածքային ստորաբաժանումների պրոֆիլակտիկայի բաժին-բաժանմունքների ծառայողներին հանձնարարեց առավել ակտիվացնել նախկինում դատված անձանց կողմից հանցագործությունների կանխարգելման աշխատանքները և բոլոր պայմանները ստեղծել քաղաքացիների զենքերի գրանցման և վերագրանցման գործընթացում քաղաքացիների պատշաճ սպասարկումն ապահովելու համար։

ԱՀ ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս