Ինչու է Նիկոլ Փաշինյանը միևնույն հարցի վերաբերյալ տարբեր մեկնաբանություններ հնչեցնում

Հոկտեմբերի 21-ին Կապանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների արդյունքում քաղաքապետ ընտրվեց անկուսակցական Գևորգ Փարսյանը։ Նրա հետ պայքարում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Բաբայանը, ում քարոզարշավին մասնակցել և իր աջակցությունն էր հայտնել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

ՏԻՄ ընտրություններից հետո Ն. Փաշինյանը ֆեյսբուքյան իր հերթական ուղիղ եթերում անդրադառնալով Կապանի քաղաքապետի ընտրությանը՝ հայտարարեց, թե նման արդյունք արձանագրելը վկայում է այն մասին, որ Հայաստանում հաստատվել է ժողովրդավարություն, քանի որ քաղաքապետ է ընտրվել այն թեկնածուն, ում իշխանությունը չէր սատարում։

Այս հայտարարությունից մի քանի օր անց խորհրդարանում Նիկել Փաշինյանը կրկին անդրադառնալով Կապանի ընտրություններին, սակայն, բոլորովին այլ կերպ մեկնաբանեց Կապանում տեղի ունեցած ընտրությունները: Մասնավորապես՝ նա դրանում մեղադրեց նախկին իշխանություններին՝ ասելով, թե Կապանում դեռևս հեղափոխություն տեղի չի ունեցել: Ըստ նրա՝ ՀՀԿ-ն հույս ունի, թե կարող են հաջորդ ընտրություններում կիրառել Կապանի մոդելը. «Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշումը կապված էր Սյունիքում հին համակարգի գոյության վերաբերյալ կառավարության համոզմունքի և ստացված տեղեկատվության հետ։ Սյունիքում հեղափոխություն տեղի չի ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ մարզում կան տնտեսական և քրեական ուժեր, ովքեր մտածում են, թե իրենք ավելի հզոր են ու կարող, քան ժողովրդական իշխանությունը»,- ասել է նա՝ հավելելով, թե Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելով՝ ցանկանում է «սեպը սեպով հանել»։

Հավելենք, որ մինչ այդ նա Հունան Պողոսյանի նշանակումը ներկայացրել էր Սյունիում նարկոթրաֆիկի դեմ պայքարելու մղումով:

Կարդացեք նաև

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ն. Փաշինյանի կարծիքի փոփոխությանը և ընդանրապես Կապանի քաղաքապետի ընտրություններին, նշեց, որ Կապանի ընտրությունների մանրամասներին ծանոթ չէ, սակայն ընդհանրացնելով երևույթը՝ կարող է ասել, որ այնտեղ որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել, այսինքն՝ ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործում  կամ ընտրակաշառք չի եղել։

«Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ մի երևույթ եմ նկատել որոշ թեկնածուների մոտ, որոնք հին ձևով մտածում էին, որ ընտրություններին գնալու են ոչ թե ընտրակաշառք տալով, այլ այս կամ այն թաղամաս գնալով համաձայնություն էին ձեռք բերում տվյալ տարածքի հայտնի մարդու հետ։

Այսինքն, այն ժամանակ այս մարդու «պադերժկա» ասածը համարվում էր, օրինակ, 1000 ձայն։ Սա Երևանում չաշխատեց, հաստատ գիտեմ, որ այս թեկնածուներն այս կամ այն հաշվարկով պետք է ստանային ձայների 30-40 տոկոսը, սակայն նրանք ստացել էինք 1 տոկոս։ Չգիտեմ, արդյո՞ք այս հին երևույթն օգտագործվեց Կապանում, թե՞ ոչ։ Ենթադրում եմ, որ ՀՀ մարզերում այս իներցիան՝ նախկին ընտրությունների ձևաչափի, շարունակվում է։ Երևի սա նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը»,- նշեց Հ. Իգիթյանը և նկատեց, որ այս ամենն իր համար երկրորդական էին, քանի որ կար իշխանության կողմից սատարվող թեկնածու, և ուղղակի չէր երևում ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործումը։

«Այսօր ունենք այն, ինչ ունենք, հայտարարվել էր ընտրություններ, ընտրվել է այն մարդը, որը չէր պաշտպանվում իշխանությունների կողմից։ Լա՞վ է, թե՞ վատ, այդ մարդուն չեմ ճանաչում, սա արդեն ժամանակը ցույց կտա։ Ի վերջո, ընտրված քաղաքապետի վրա  կրկնակի պատասխանատվություն կա, որովհետև մի կողմից՝ նա պետք է արտահայտի ժողովրդի սպասելիքները, մյուս կողմից՝ կա իշխանություն, որը կմատնանշի այն թերությունները, որոնք նա թույլ կտա»,- եզրափակեց Հովհաննես Իգիթյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս