«Այս քրեական գործն ի սկզբանե դատապարտված է». Երեմ Սարգսյան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը: Նիստի մեկնարկին տուժող կողմը չէր ներկայացել, այդ իսկ պատճառով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ նրանց բացակայությամբ նիստը շարունակելու վերաբերյալ որոշում կայացնելու: Վերադառնալով՝ դատավորը հայտնեց, որ տուժող կողմը պատշաճ ծանուցվել է, և առանց նրանց ներկայության կարելի է նիստը շարունակել:
Այնուհետև Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատախազ Աբգար Առաքելյանին ինքնաբացարկ ներկայացրեց՝ նշելով, որ սույն քրեական գործով դատախազն օբյեկտիվ չէ:
Վերջինս էլ նշեց, որ որևէ կաշկանդվածություն չունի, և ներկայացված միջնորդությունն անհիմն է: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:
Լրագրողների հետ զրույցում Երեմ Սարգսյանն ասաց, որ այստեղ քրեական գործ առկա չէ. «Ի սկզբանե արդեն դատապարտված է այս քրեական գործը, մոռանանք ցանկացած իրավաբանություն: Եթե ասում են, որ նոր հանգամանք է երևան եկել, պետք է հիմնավորեն, որ դա այդպես է: Մենք ասում ենք, որ դա նոր երևան եկած հանգամանք չէ, ուղղակի ի սկզբանե եղել է: Մնացած ենթադրությունները, թե մենք ենթադրում ենք՝ կա, թե չկա, իրավաբանության հետ որևէ կապ չունեն, կամ՝ պատճենների տեսքով քրեական գործը կազմակերպել, ես էլ ասում եմ՝ իրականում դրանք օրենքին և իրականությանը չեն համապատասխանում: Ոնց են հակառակը հիմնավորում՝ չկա»:
Պաշտպանը ձեռնպահ մնաց նշել, որ այս գործում քաղաքական ենթատեքստ կա: Նա կարծում է, որ գործի քննության ընթացքում ամեն ինչ տեսանելի կլինի: Պաշտպանի խոսքով՝ նմանատիպ բոլոր գործերով պետական մարմինները կաշկանդված են. «Կաշկանդվածության արդյունքում է, որ քննչական մարմինը մեղադրական եզրակացություն է կազմել, կաշկանդվածության արդյունքում է, որ յոթ օր հետո դիմեցին, որպեսզի կալանավորվի Հայկ Սարգսյանը, որ Առաջին ատյանի դատարանն այն ժամանակ բավարարեց, հետո Վերաքննիչը թողեց անփոփոխ: Կաշկանդվածության արդյունքում է, որ դատախազը հաստատեց մեղադրական եզրակացությունը: Ես չեմ կարող մտածել, որ այս ամենը, ինչն տեղի է ունենում դատարանում, չգիտեին. գրավոր տեսքով նախաքննության ավարտին ներկայացվել է քննիչին, դատախազին, և բոլորը տեղյակ են եղել այս ամենի մասին: Եվ եթե այդքանն իմանալով հանդերձ՝ որոշել են, որ այս քրեական գործը դատարան ուղարկելու քրեական գործ է, ուրեմն այստեղ միանշանակ կաշկանդվածություն գոյություն ունի: Պատահական չէ, որ մեղադրողին բացարկ ենք հայտնում այդ հիմքով»:
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը 50 մլն գրավի դիմաց փոխվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար: