Իրավաբանական ծառայություններ մատուցողների կողմից եկամուտները խիստ թերի են հայտարարագրվում, ոլորտում առկա է մեծ ստվերային տնտեսություն. ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց շրջանում անցկացված դիտարկումների առնչությամբ:
«ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրականացրած դիտարկումները վկայում են, որ խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց կողմից խիստ թերի են հայտարարագրվում եկամուտները և ոլորտում առկա է մեծ ստվերային տնտեսություն: ՊԵԿ-ը նաև տեղեկացված է ՀՀ փաստաբանների պալատի կողմից նույն խնդրի վերաբերյալ փաստաբաններին ուղղված նամակի մասին և ողջունում է ճշգրիտ հաշվառում կատարելու մասին պալատի խորհուրդը:
Միաժամանակ այս փուլում, հաշվի առնելով փաստաբանների բարձր դերը ժողովրդավարական հասարակությունում, ՊԵԿ-ը հայտնում է, որ հակված է զերծ մնալ փաստաբանների նկատմամբ հարկային հսկողության կոշտ միջոցներ որդեգրելու քաղաքականությունից և առաջարկում է բոլոր շահագրգիռ անձանց՝ նախկինում ներկայացված հաշվարկներում ոչ ճիշտ տվյալներ արտացոլած լինելու դեպքում ներկայացնել ճշգրտված հաշվարկներ: Հորդորում է նաև չթաքցնել հարկվող շրջանառությունը` կնքվող պայմանագրերում ճշգրիտ արտացոլելով հոնորարի չափը, ճշգրիտ որոշել ծառայությունների մատուցման պահը և օրենքով սահմանված կարգով դուրս գրել հաշվարկային փաստաթղթեր, չխուսափել հարկման հատուկ համակարգից ընդհանուր համակարգի անցնելուց, ինչպես նաև չտրոհել ձեռնարկատիրական գործունեությունը մի քանի սուբյեկտների միջև:
Միաժամանակ հայտնում ենք, որ Պետական եկամուտների կոմիտեն պատրաստ է երկխոսության փաստաբանների հետ՝ հարկային վարչարարությանը վերաբերող ցանկացած հարցով»,- ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ: