
Նոբելյան դափնեկիրները Մեյին և Յունկերին նախազգուշացրել են գիտության համար Brexit-ի բացասական հետևանքների մասին

Մի խումբ գիտնականներ, որոնց թվում են Նոբելյան մրցանակների 29 դափնեկիրներ եւ Ֆիլդսյան մեդալներով պարգեւատրված վեց մաթեմատիկոսներ, բաց նամակ են հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերին: Ինչպես հայտնել է Press Association գործակալությունը, նամակում Միացյալ Թագավորությանը եւ Եվրամիությանը նախազգուշացնում են այն բացասական ազդեցության մասին, որը Brexit-ը կարող է թողնել եվրոպական գիտության վրա։
«Կոշտ Brexit-ը կարող է էական վնաս հասցնել գիտությանը, այնպես որ կառավարության անդամները պետք է նստեն եւ անսան մեզ»,- հայտարարել է բրիտանացի կենսաքիմիկոս Փոլ Ներսը, որը ֆիզիոլոգիայի գծով Նոբելյան մրցանակ է ստացել 2001 թվականին:- Մեզ անհրաժեշտ է (ԵՄ-ի հետ) այնպիսի գործարք, որը կապահովի գիտության ֆինանսավորման այն մասի փոխարինումը, որը կորստի կմատնվի Brexit-ի հետեւանքով, կպահպանի ուղեւորությունների ազատությունը տաղանդավոր գիտնականների համար եւ նրանց զգալ կտա, որ այդ երկրում ուրախ են իրենց համար»:
Ֆրենսիս Քրիքի ինստիտուտի, որը գլխավորում է Ներսը, հազարավոր աշխատակիցների 97 տոկոսը համոզված է, որ կոշտ Brexit-ը կվնասի բրիտանական գիտությանը, իսկ 82 տոկոսը կարծում է, որ այն նաեւ կործանարար ազդեցություն կունենա ամբողջ եվրոպական գիտության վրա:
Չնայած այն բանին, որ «մեղմ» եւ «կոշտ» Brexit-ի հստակ սահմանումներ գոյություն չունեն, առաջինի ներքո որպես կանոն նկատի է առնվում Մեծ Բրիտանիայի անդամակցության եւ միասնական շուկա մուտքի պահպանումը մաքսային միությունում: «Մեղմ» Brexit-ը նաեւ որպես կանոն կապում են եվրոպացիների համար տեղաշարժման ազատության պահպանման հետ, ովքեր կցանկանային աշխատել Մեծ Բրիտանիայում: Մեյի կառավարությունն այս պահին մտադիր է հետեւել ավելի կոշտ տարբերակին, որը պետք է Լոնդոնին ավելի շատ ազատություն ընձեռի որոշումներ կայացնելիս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: