
ՀՀԿ-ից որոշ պատգամավորներ միացել են ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքին, իսկ ՀՅԴ-ն չի միացել

ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես գալու համար անհրաժեշտ 27 ստորագրությունն արդեն հավաքվել է: Ստորագրահավաքն իրականացնողներից «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՅԴ-ն չի միացել ստորագրահավաքին, քանի որ ԸՕ վերաբերյալ նրանց 3 սկզբունքային առաջարկները չեն ընդունվել, սակայն վստահեցրել են, որ արատահերթ նիստի ժամանակ կողմ կքվեարկեն նախագծին:
Նա նշեց, որ ստորագրահավաքին միացել են նաև ՀՀԿ պատգամավորներից, իսկ ՀՀԿ մյուս գործընկերներին Զոհրաբյանը զգուշացնում է`չփորձել վերջին անգամ սեպ խրել այն բարեփոխումների մեջ, որոնք հնարավորություն են տալու համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրություններ անցկացնել:
«Ես այս վերջին շրջանում լավատես եմ դարձել և չգիտեմ՝ ինչու վստահ եմ, որ երկուշաբթի ունենալու ենք առաջին ընթերցմամբ ընդունված օրենսգիրք»,- ասաց Զոհրաբյանը:
Հիշեցնենք, «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները ստորագրահավաք են սկսել`ԸՕ-ի քննարկման համար երկրորդ արտահերթ նիստը հրավիրելու: