Բաժիններ՝

Մարդը ապահովագրված չէ սխալներ գործելուց. Բարոյականի և անբարոյականի սահմանագծին

Վերջին ժամանակներս ԼԳՏԲ-ը համայնքը փորձեր է անում հասարակությանը բաժանել մասերի, բայց կարևորն այն է, որ այս երևույթի հետ կապված և՛ հասարակությունը, և՛ Հայ Առաքելական եկեղեցին միակարծիք են և ունեն նույն դիրքորոշումը, որը հիմնված է, բացարձակապես, Աստվածաշնչյան պատվիրանների վրա:

Քրիստոնեությունը երբեք չի կարող դեմ գնալ Աստծո պատվիրաններին և ընդունել չարիք համարվող երևույթներ, որոնց գլխավոր նպատակը հոգևոր և ազգային գիտակցության մեջ բարոյական արժեքների կործանումն է։ Եկեղեցին չի կարող թույլ տալ մի ամբողջ ազգի կործանում, միայն այն պատճառով, որ այդ համայնքի ներկայացուցիչներն իրենց ազատ կամ բավարարված զգան։

Օրինակ մարդու իրավունքների ազատության քողի տակ թույլ տալ ԼԳՏԲ համայնքին օրենքով կատարել ամուսնություն՝ կնշանակի կործանել այն բարոյական արժեքները, որը քարոզում է Ավետարանը։

Քրիստոնյա հավատացյալների պայքարն այս մարդկանց դեմ չէ, այլ երևույթի։ Այս համայնքի ներկայացուցիչները երբեք էլ չեն հալածվել եկեղեցու կողմից, նրանք միշտ էլ ազատ իրավունք են ունեցել այցելելու եկեղեցի, ինչպես մնացածները և, բնականաբար, հնարավորություն են ունեցել ապաշխարելու և դարձի գալու, եթե ցանկացել են։

Նրանք էլ բոլորին հավասար ունեն մտքի, խղճի, ազատ ընտրության իրավունք, ընտրում են այն, ինչ ցանկանում են, ապրում են այնպես, ինչպես կամենում են՝ առանց պարտադրանքների։ Հասարակությունը նրանց ընտրության վրա երբեք ճնշում չի գործադրել, հետևաբար այնքան էլ բարոյական չէ այս համայնքի պահանջները մեր հասարակությունից այն պարագայում, երբ իրական բարոյալքվածները և սխալ ուղիով ընթացողները իրենք են։ Իսկ հասարակության կողմից ճնշված լինելու առասպելի հեղինակը հենց իրենք են՝ սադրանքների միջոցով:

ԼԳՏԲ համայնքն այսօր մեր երկրում ունի ազատ ապրելու, տեղաշարժվելու, արտահայտվելու, կրթվելու բոլոր իրավունքները, կեցության համար բոլոր անհրաժեշտ պայմանները, սակայն ցանկանում են մի բան, ինչը եկեղեցին չի կարող տալ իրենց, և ոչ այն պատճառով, որ չի ցանկանում, այլ քրիստոնեությունն ունի իր սկզբունքները, բարոյական արժեքները, որոնք փոփոխման ենթակա չեն՝ անկախ եվրոպական պահանջներից ու մանիպուլյացիաներից։

Եկեղեցին այստեղ ոչ թե պայքարում է ընդդեմ ինչ որ մարդկանց, այլ ընդդեմ սոդոմական այս մեղքի։

Մարդը ապահովագրված չէ սխալներ գործելուց, բայց շատ կարևոր է հետագայում կամքի ուժ դրսևորել և ապաշխարությամբ դարձի գալ, ինչի հնարավորությունը նրանք նույնպես ունեն և միշտ էլ ունենալու են։

Ինչպես քրիստոնեությունն է սովորեցնում՝ ատիր մեղքը, սիրիր մեղավորին։

Մարիետտա Խաչատրյան

Qhana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս