Բաժիններ՝

Գեղարքունիքում ճանապարհաշինության ծավալները նախորդ տարվա ցուցանիշները կգերազանցեն կրկնակի անգամ

Գեղարքունիքի մարզի ճանապարհաշինության ոլորտում այս տարի լուրջ ներդրումներ են իրականացվում, ինչի արդյունքում հիմնանորոգվում են միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհները՝ բավականին մեծ ծավալներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, աշխատանքներն իրականացվում են պետբյուջեի, ՀՀ կառավարության կողմից տրամադրվող սուբվենցիայի եւ համայնքապետարանների միջոցների հաշվին: Որոշ տեղերում արդեն ավարտվել են ճանապարհաշինական աշխատանքները, որոշ տեղերում գտնվում են ընթացքի մեջ, իսկ որոշ տեղերում էլ նոր-նոր է տրվում մեկնարկը:

«Պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվող հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են Սեմյոնովկայում, Հայրավանքում, Ծովագյուղում, Կարճաղբյուրում: Սեմյոնովկայում 9,2 միլիոն դրամի ներդրմամբ վերականգնվել է Սեմյոնովկա-Դիլիջան ճանապարհի վթարային հենապատը, ուղղվել է ասֆալտբետոնյա ծածկը: 30 միլիոն դրամի ներդրմամբ հիմնանորոգվել է Ծովագյուղ մտնող ճանապարհը 300 մետր երկարությամբ: 34,5 միլիոն դրամով հիմնանորոգվել է Հայրավանքի եկեղեցի տանող ճանապարհը:248 միլիոն դրամի ներդրմամբ Կարճաղբյուրում հիմնաFնորոգվել է 2 կիլոմետր ներհամայնքային ճանապարհ, 1 կամուրջ: 28 միլիոն դրամի ներդրմամբ վերականգնվել է Մարտունի-Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի 32-րդ կիլոմետրում առաջացած նստվածքը:

Ճանապարհաշինական խոշոր ծրագիր է իրականացվել Երեւան-Սեւան-Իջեւան միջպետական ճանապարհի 51-57-րդ կիլոմետրում: Ներդրված 327 միլիոն դրամի հաշվին 5,8 կիլոմետր երկարությամբ տեղադրվել է միաշերտ ասֆալտբետոնյա ծածկ եւ մետաղական արգելափակոցներ: Ունեցել ենք ներհամայնքային ճանապարհների նորոգման սուբվենցիոն 15 ծրագիր, որոնցից 10-ն արդեն ավարտված են, ընթացքի մեջ կամ ավարտական փուլում են գտնվում 5 ծրագիր:Ընթացքում կամ ավարտական փուլում են գտնվում նաեւ տեղական բյուջեների հաշվին իրականացվող ճանապարհաշինական 9 ծրագիր, որոնց պայմանագրային ընդհանուր գինը կազմում է 170 միլիոն դրամ: Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքում արդեն ունենք շուրջ 59 հազար քառակուսի մետր, տեղական բյուջեների միջոցների հաշվին իրականացված աշխատանքների արդյունքում՝ 20 հազար 660 քառակուսի մետր մակերես զբաղեցնող ասֆալտապատ ներհամայնքային ճանապարհներ:

Այժմ պետական բյուջեից տրամադրված 688 միլիոն դրամի հաշվին հիմնանորոգվում է Մարտունի-Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի Վարդենիս-Շատվանի խաչմերուկ հատվածը՝ 5 կիլոմետր երկարությամբ: Աշխատանքների 50 տոկոսն արդեն կատարված է: Պետական բյուջեի միջոցներից 71 միլիոն դրամ է հատկացվել Լանջաղբյուրի ներհամայնքային փողոցի հիմնանորոգման համար:1,3 կիլոմետր երկարության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 20 օր առաջ, արդեն ավարտին են մոտենում հողային աշխատանքները, մոտ օրերս կտեղադրվի նաեւ ասֆալտբետոնյա ծածկը:

Ընթացքի մեջ է նաեւ Ծաղկաշեն-Գանձակ համայնքներն իրար կապող կամրջի շինարարությունը, որտեղ պետբյուջեից ներդրվել է 72,7 միլիոն դրամ: 38,1 միլիոն դրամ էլ հատկացվել է Գագարինի կամրջի մոտ առաջացած փլվածքի վերականգնման համար: Այստեղ սկսվել են հողային աշխատանքները: Մոտ օրերս նույն պետբյուջեի միջոցներով կմեկնարկեն ճանապարհաշինական երկու խոշոր ծրագրեր Հարսնաքար հյուրանոցային համալիր-Սեւանի թերակղզի եւ Ծովագյուղ-Շորժա ուղղություններում: 229 միլիոն դրամ հատկացված է Հարսնաքար հյուրանոցային համալիր-Սեւանի թերակղզի, 280 միլիոն դրամ՝ Ծովագյուղ-Շորժա ճանապարհների հատվածների հիմնանորոգման համար:

Աշխատանքների մեկնարկը կտրվի մոտակա օրերին եւ կավարտվի մինչեւ տարեվերջ: 356 միլիոն դրամ է կազմել Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Լիճք-Մարտունի հատվածի հիմնանորոգման համար նախատեսված գումարը: Եթե այս բոլոր ծրագրերը մինչեւ տարեվերջ ավարտվելու են ամբողջությամբ, որին կարելի է անգամ չկասկածել, ապա մենք կունենանք միջպետական, հանրապետական, միջհամայնքային ու համայնքային նշանակության շուրջ 45,4 կիլոմետր երկարության հիմնանորոգված ճանապարհներ, որտեղ ընդհանուր ներդրումը կազմելու է մոտ 4 միլիարդ դրամ: Իսկ այս արդյունքը կրկնակի անգամ գերազանցում է նախորդ տարում մարզում իրականացված ճանապարհաշինական ծրագրերի ծավալներին»,-ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը:
Նույն աղբյուրի հավաստմամբ՝ 2019 թվականին եւս Գեղարքունիքում կիրականացվեն ճանապարհաշինական ծավալուն աշխատանքներ, որոնց մեջ ներառված կլինեն Շորժա-Վարդենիս եւ Ծովակ-Ախպրաձոր կենսական կարեւոր նշանակության ճանապարհները:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս