ՔՊ-ի «դռան» առջև լուրջ հերթ է. «Իմ քայլը» դաշինքի ցուցակում անակնկալներ են սպասվում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Բարիկադներ քանդելու» հայտարարություններն ու ՔՊ-ականների այս կարգի այլ մեկնաբանություններն իրականում շատ ավելի լուրջ ու խորքային պատճառներ ունեն: Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, ըստ էության այսպիսով փորձ է արվում նախապատրաստել հանրությանը՝ խորհրդարանական ընտրությունների՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի անակնկալներին:

Ըստ էության, ունենալով կադրային լուրջ խնդիրներ, եղածը սպառելով գործադիրում եւ Երեւանի ավագանու կազմում բաշխելով, այսօր ՔՊ-ն բավական բարդ կացության առջեւ է՝ համամասնական ցուցակը կազմելու առումով, քանզի մի կողմից անհրաժեշտ է ընդգրկել հանրության համար ընկալելի եւ ընդունելի կերպարներ, մյուս կողմից՝ այնպիսիք, որոնք արդյունավետ կլինեն ԱԺ-ում:

Վերջապես, ընտրություններից հետո խնդիրներ են առաջանալու հենց գործադիր կազմում պատգամավոր դարձածների թափուր տեղերը լրացնելու առումով:

Մեր աղբյուրների պնդմամբ, ցուցակում ստիպված կլինեն ընդգրկել թե՛ գործադիր մարմնի անդամների, թե՛ ավագանու անդամների, սակայն հարկ կլինի ներգրավել նաեւ անկուսակցականների, այդ թվում՝ նախկին իշխանությունների հետ ակտիվ համագործակցած, որոնց մեջ քիչ չեն լինի մարդիկ, որոնք, մեղմ ասած, միանշանակ չեն ընդունվի հանրության կողմից:

Հասկանալի է, որ հիմա ՔՊ-ի «դռան» առջեւ հավատարմության երդում տվողների, դարձի եկողների, խնդրողների լուրջ հերթ է, Փաշինյանին մոտ կանգնածների միջոցով ամեն մեկն իր լոբբինգն է փորձում անել, սակայն Նիկոլ Փաշինյանի առաջնային խնդիրը ցուցակի որակի, ընկալելիության եւ սեփական թիմակիցներին չնեղացնելու համադրելիությունն ապահովելն է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս