Արարատի մարզի վեց համայնքներում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ

Արարատի մարզի վեց՝ Զանգակատուն, Լուսաշող, Նոր Կյանք, Դալար, Վերին Դվին եւ Հովտաշեն համայնքներում հոկտեմբերի 21-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Համայնքներից չորսում ընտրություններն արտահերթ են:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հովիկ Գասպարյանն ասաց, որ Զանգակատուն համայնքում իրենց թեկնածությունն են առաջադրել անկուսակցականներ Հովիկ Կարապետյանը, Արմեն Մանուկյանը, Արշավիր Պետրոսյանը: Այստեղ ընտրելու իրավունքն ունեցող քաղաքացիների թիվը 914 է: Նախկին համայնքապետն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն: Լուսաշող համայնքում, որտեղ ընտրությանը կարող են մասնակցել 415 քաղաքացիներ, իրենց թեկնածությունն են առաջադրել անկուսակցականներ Արսեն Ալեքսանյանը, Գոռ Գրիգորյանը, Արա Սաֆարյանը:

Համայնքի ղեկավարը կրկին լիազորությունները վայր էր դրել իր դիմումի համաձայն: Նոր Կյանք համայնքում արտահերթ ընտրություններին իրենց թեկնածությունն են առաջադրել անկուսակցականներ Կարեն Աբրահամյանը, Արամ Գրիգորյանը եւ Սուրեն Վարդանյանը: Այս համայնքում ընտրելու իրավունք ունեն 1987 քաղաքացիներ: Նոր Կյանք համայնքի նախկին գյուղապետը Գարիկ Սարգսյանն էր, ով իր լիազորությունները վայր էր դրել Արարատի մարզպետ նշանակվելու կապակցությամբ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թիվ 12 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ստեփան Խաչատրյանը նշեց, որ Արտաշատի տարածաշրջանում արտահերթ ընտրություններ կանցկացվեն Հովտաշեն համայնքում: Այստեղ իրենց թեկնածությունն են առաջադրել անկուսակցականներ Խաչիկ Խաչատրյանը եւ Սուրեն Մկրտչյանը:

Համայնքում ընտրելու իրավունք ունի 936 քաղաքացի: Հովտաշենի նախկին գյուղապետը Արարատի ներկայիս փոխմարզպետ Արթուր Մկրտչյանն է, ով իր լիազորությունները դադարեցրել էր այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Մարզում հերթական ընտրություններն են ընթանալու Դալար եւ Վերին Դվին համայնքներում: Վերջինում տեղի կունենան նաեւ ավագանու ընտրություններ: Այստեղ առաջադրված միակ թեկնածուն անկուսակցական Լյուդմիլա Պետրովան է: Ընտրելու իրավունքն ունի 1697 քաղաքացի: Դալարում համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն անկուսակցականներ Գագիկ Ալեքսանյանը եւ Գոռ Պետրոսյանը: Ընտրելու իրավունք ունի 2254 քաղաքացի:

Լիլիթ Մաճկալյան

Տեսանյութեր

Լրահոս