Ոտնձգություն` անչափահասի նկատմամբ. տեսանյութում երևացող անձին ճանաչողներին խնդրում ենք հայտնել Քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու անչափահասի նկատմամբ առերևույթ ոտնձգություն կատարած անձի ինքնությունը:
Քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա՝ Ոստիկանության շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում: Անչափահասը ճանաչվել է տուժող։
Նախաքննության ընթացքում զննության են ենթարկվել դեպքի վայրի շրջակայքում տեղակայված անվտանգության տեսախցիկների տեսագրությունները:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչականշրջանի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։