Ի՞նչ և ո՞ւմ անունն է գրված ծրարների մեջ. միայն Արմեն Սարգսյանը գիտի
Հունիսին, փաստաբանների և քաղհասարակության՝ հասարակական կազմակերպությունների առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարգադրեց ստեղծել մի խորհրդատվական մարմին՝ իրավաբաններից կազմված աշխատանքային խումբ, որը նախագահին կօգնի Սահմանադրական դատարանի (ՍԴ) անդամի արժանի թեկնածու ընտրել: Ամիսներ առաջ նշյալ մասնագետների խումբը սկսել էր աշխատանքները։ Վերջիններս նախագահին են ներկայացրել իրենց մասնագիտական կարծիքները, և թերևս հենց վաղը ՀՀ նախագահը կհրապարակի ամենաշատ դրական կարծիքներ հավաքած թեկնածուի անունը։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրվելուց հետո ՍԴ -ում թափուր մնացած տեղի համար ապրիլի 26-ին Ազգային ժողովին ներկայացրել էր Էմիլ Բաբայանի թեկնածությունը: Վերջինս ներկայացված միակ թեկնածուն էր: Որոշ փաստաբաններ, իրավապաշտպան կազմակերպություններ այդ ժամանակ սուր քննադատության ենթարկեցին Արմեն Սարգսյանի կողմից ներկայացված թեկնածուին: Ըստ քննադատությունների՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի տեղակալ Էմիլ Բաբայանը պաշտոններ է զբաղեցրել ՀՀ արդարադատության նախարարությունում, Էթիկայի հանձնաժողովում, և հետևաբար՝ ունակ չէ անկախ որոշում կայացնելու։ ԱԺ-ն այդպիսով մերժեց Արմեն Սարգսյանի թեկնածուին, իսկ ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» դաշինքներն ընդհանրապես բոյկոտեցին քվեարկությունը։
Քաղհասարակությունն ու իրավաբանները Նախագահին հորդորեցին փոխել ընթացակարգը, որից հետո առաջադրվեցին ՍԴ դատավորի թվով 5 թեկնածուներ, որոնց անունները 12 իրավաբաններից կազմված մասնագիտական աշխատանքային խումբը հրաժարվում էր հրապարակել։
ԶԼՄ-ներին, սակայն, հաջողվեց պարզել թեկնածուների անունները՝ փաստաբան Վահե Գրիգորյան, որի թեկնածությանը կողմ են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած «Հայ ազգային կոնգրեսը» և թավշյա հեղափոխականները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշ հասարակական կազմակերպություններ։ Մյուս թեկնածուն Արդարադատության խորհրդի աշխատակազմի նախկին ղեկավար Իշխան Նազարյանն է։
Թեկնածուներից են նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավունքի տեսության ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր Արթուր Վաղարշյանը, փաստաբան Բաբկեն Սահրադյանը, ինչպես նաև Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Սուրիկ Ղազարյանը, որը ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում։
Ըստ ԶԼՄ-ների՝ ՀՀ նախագահի կողմից ստեղծված խորհրդատվական մարմնի թվով 12 ներկայացուցիչներն են՝ Էմիլ Տարասյանը և Զորայր Հարությունյանը՝ նախագահի աշխատակազմից, Բարձրագույն դատական խորհրդից՝ ՀՀ Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, ՄԻՊ գրասենյակից՝ Նինա Փիրումյանը, ՀՀ արդարադատության նախարարությունից՝ Աննա Վարդապետյանը, Արդարադատության ակադեմիայից՝ Անահիտ Մանասյանը, Ֆրանսիական համալսարանից՝ Կարին Ղազարյանը, Ամերիկյան համալսարանից՝ Լևոն Գևորգյանը, Սլավոնական համալսարանից՝ Արամ Վարդևանյանը, Երևանի պետական համալսարանից՝ Սամվել Դիլբանդյանը, Փաստաբանների պալատից՝ Տարոն Սիմոնյանը, ՀՀ դատավորների միությունից՝ Վահե Ենգիբարյանը:
Երեկ 168.am-ը ՍԴ դատավորի թեկնածուի հավակնորդների վերաբերյալ պաշտոնական գրավոր հարց էր ուղղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:
«2018թ. հունիսի 11-ի Ձեր ՆԿ-84-Ա կարգադրությամբ՝ ձևավորվել է խորհրդակցական աշխատանքային խումբ և կանոնակարգվել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հետ կապված հարաբերությունները: Մեր տեղեկություններով՝ աշխատանքային խումբը բաղկացած է եղել 12 անդամից: Խնդրում ենք սահմանված կարգով մեզ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե ովքե՞ր են ընդգրկված եղել խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբում, ովքե՞ր են եղել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հավակնորդները, ինչպես նաև վերը նշված կարգադրության 6) կետով սահմանված՝ կարգադրության 2-րդ կետի 5-րդ ենթակետում նախատեսված անհատական հարցազրույցն ավարտելուց հետո՝ եռօրյա ժամկետում աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամի՝ յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ անանուն խորհրդատվական կարծիքները»,- ասված էր մեր հարցման մեջ:
ՀՀ նախագահի աշխատակազմից ի պատասխան մեր խնդրանքի՝ պատասխանել էին.
«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի այն երկու հավակնորդների հետ, ովքեր խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի անդամների մեծամասնության հավանությանն էին արժանացել: Առաջիկա օրերին Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածությունը կներկայացվի Ազգային ժողով:
Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի գործառույթները և դրանից բխող՝ դատավորի պարտականություններն ու պատասխանատվության շրջանակը, միջազգային փորձում ընդունված մոտեցումները, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հավակնորդի ընտրության գործընթացի կարևորությունը՝ Հանրապետության նախագահի այս տարվա հունիսի 11-ի կարգադրությամբ ստեղծվել էր Խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խումբ՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության գործընթացը կանոնակարգելու նպատակով:
Աշխատանքային խմբում ընդգրկված էին իրավաբան մասնագետներ տարբեր կառույցներից և գիտակրթական հաստատություններից:
Նախատեսված ժամկետներում դիմում էր ստացվել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հինգ հավակնորդից: Աշխատանքային խմբի կողմից նրանցից յուրաքանչյուրի հետ կազմակերպվել էր անհատական զրույց, որից հետո աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամ փակ ծրարով ներկայացրել էր յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ խորհրդատվական կարծիք, որը փոխանցվել էր Հանրապետության նախագահին՝ որոշումը կայացնելիս մասնագետների կարծիքներին ծանոթանալու նպատակով:
Վերոհիշյալ մեխանիզմի կիրառումը թույլ է տալիս ՍԴ դատավորի թեկնածուի որոշման գործընթացը դարձնել ավելի կանոնակարգված ու ավելի ժողովրդավարական ՝ հնարավորություն ընձեռելով բոլոր թեկնածուներին մասնակցել գործընթացին, ինչպես նաև ստանալ իրավաբան մասնագետների խորհրդատվական կարծիքները հավակնորդների վերաբերյալ:
Այս գործընթացին զուգահեռ՝ հունիսի 6-ին Հանրապետության նախագահը դիմել էր Սահմանադրական դատարան՝ ՍԴ դատավորների թեկնածության առաջադրման, դրա ժամկետները սահմանող՝«Սահմանադրական դատարանի մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով:
Ինչ վերաբերում է հավակնորդների վերաբերյալ խորհրդատվական կարծիքները հրապարակելուն, ապա հարկ է նշել, որ աշխատանքային խմբի անդամների՝ փակ ծրարով Հանրապետության նախագահին ներկայացված խորհրդատվական կարծիքները պարունակում են յուրաքանչյուր հավակնորդի մասնագիտական և անձնական հատկանիշների նկարագրություն, և որևէ թեկնածուի օգտին «կողմ» կամ «դեմ» քվարկություն չեն հանդիսանում: Միևնույն ժամանակ այդ կարծիքները հրապարակելու վերաբերյալ նախնական պայմանավորվածություն առկա չէ ոչ հավակնորդների, ոչ էլ խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի անդամների հետ: Հաշվի առնելով վերոնշյալը՝ ձեռնապահ ենք մնում Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի հավակնորդների վերաբերյալ խորհրդատվական կարծիքները հրապարակելուց»։
Նախագահի աշխատակազմը, ըստ էության, մերժեց մեր խնդրանքը։ Մենք չէինք պահանջում, որպեսզի հրապարակվեն կոնկրետ թեկնածուների անունները կամ նրանց մասին որևէ տվյալ, բայց ցանկանում էինք դրական կարծիքի արժանացած երկու թեկնածուների մասին մասնագետների կարծիքները հրապարակայնացնել։
Ինչո՞ւ էր սա կարևոր։ Նախ, որպեսզի ապահովվի գործընթացի թափանցիկությունը, որովհետև իրարամերժ տեղեկություններ ենք ստանում աշխատանքային խմբում ներգրավված կարծիքների և թեկնածուի առավել շատ դրական կարծիքներ հավաքած երկու թեկնածուների մասին։
Թեկնածուներից Վահե Գրիգորյանը, հիշեցնենք, դեռևս ԱԺ-ում ՍԴ դատավորի թափուր տեղի համար ներկայացված թեկնածու Էմիլ Բաբայանի հարցի քննարկման ժամանակ ֆեյսբուքում գրել էր.
«Երեկ Ազգային ժողովում քննարկվել էր ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության հարցը։ Երկար մտածեցի՝ արձագանքե՞լ, թե՞ ոչ։ Ոչ մի պատրանք չեմ ունեցել, որ անցած իրադարձությունները որևէ ազդեցություն ունեցած կլինեն իշխանության որակի վրա։ Բայց տեղի ունեցածը գերազանցեց նույնիսկ իմ ունեցած պատկերացումներն առ այսօր նման նշանակումների վերաբերյալ (տես նիստի տեսագրությունը այստեղ):
Պրն Ա. Սարգսյանի (ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի,- Ա.Վ.) կողմից առաջադրված թեկնածու պրն Է. Բաբաբյանի նկատմամբ որևէ նախատրամադրվածություն չեմ ունեցել մինչև այս տեսանյութը և իր ներկայացրած փաստաթղթերն ուսումնասիրելը։ Ծանոթ եմ նաև մոտ 30 հ/կ-ների տարածած հայտարարությանը, որով նրանք կոչ էին անում թափանցիկ և հրապարակային մրցույթի միջոցով ընտրել ՍԴ դատավորի թեկնածուին։
Ես ապշած եմ այն կատարյալ ցինիզմից, որով համակված և ներծծված է հանրապետության սահմանադրական արդարադատության ատյանի դատավորի ընտրության այս ողջ գործընթացը։ Ներքևում հատ առ հատ կշարադրեմ դիտարկումներս, որոնք, կներեք, բայց չբարձրաձայնել արդեն չեմ կարող։ Ես դեռ վարանում էի՝ արտահայտվե՞լ, թե՞ ոչ այս մասին։ Բայց այս ելույթների չստացված արտիստիզմը և այն կատարյալ դեմագոգիան, որով Հայաստանի կրած պարտությունները միջազգային ատյաններում ներկայացվում է՝ որպես իրենց մասնագիտական արժանիքներ, բոլոր սահմաններն անցնում է։
Հակիրճ գնահատականս է, որ սա ՀՀԿ հերթական քաղաքական նշանակումն է՝ գրոտեսկի հասնող ամբարտավանությամբ։ Ընդ որում, սրանում իրենց ուղիղ մասնակցությունն ու ներդրումն ունեն թե ներկայացնողը, թե ներկայացնողի ներկայացուցիչը, և թե հենց ինքը՝ թեկնածուն։ Քանի դեռ ժողովուրդը համակված է գործադիր իշխանության դիրքերը վերցնելով, ՀՀԿ-ն անաղմուկ և մթության քողի տակ ռևանշի դիրքերն է ամրապնդում, որի միջնաբերդը լինելու է հենց Սահմանադրական դատարանը։ Ինչպես և մինչ այսօր դրա խիստ բացասական դերակատարությունը Հայաստանի ժողովրդավարության դեմ լարված ցանկացած դավադրության և ծուղակի դեպքում։ ՀՀԿ-ն այդ անում է հերթական քաղաքական նշանակմամբ այս պաշտոնում։ Ես հիմա փորձեմ ներկայացնել այս ամենի կոնկրետ փաստական հիմնավորումները։
Հ.Գ. Ես չեմ հավակնում այս պաշտոնին և դրա համար ունեմ շատ որոշակի և կայուն պատճառ, որը բխում է իմ ստանձնած մասնագիտական պարտավորություններից։ Նույնիսկ եթե ես չունենայի նման պատճառ, ինքնին իմ այս հրապարակմամբ ես ինքս ինձ համար այլևս էթիկական արգելք եմ ստեղծում այս թափուր պաշտոնին հավակնելու համար, թեկուզև ֆորմալ իմաստով նման էթիկական սահմանափակում որևէ իրավական ակտով չի նախատեսված։ Սա նման դատական բարձր պաշտոնին առաջադրվող էթիկական ստանդարտի իմ անձնական չափն է։
Այս հրապարակման ողջ նպատակը Սահմանադրական դատարանի դերը և հանրության շրջանում դրա հեղինակությունը հերթական կուսակցական նշանակումից զերծ պահելն է։ Համոզված եմ, որ ժողովրդական շարժման այս ողջ ներուժը պետք է հնարավորինս արագ ուղղորդել մասնագիտական տիրույթների ավգյան ախոռների մաքրման գործին»։
Եվ ահա, նույն Վահե Գրիգորյանը հավակնում է ՍԴ դատավորի թափուր տեղը զբաղեցնել։
168.am-ի տեղեկություններով՝ Նախագահի կողմից ստեղծված բազմաթիվ անդամների դուր չի եկել Վահե Գրիգորյանի արհամարհական, քամահրական և մեծամիտ կեցվածքը, որով նա ներկայացել է հարցազրույցին։ Նա կասկածի է ենթարկել որոշ ներկայացուցիչների մասնագիտական և բարոյական որակների մասնակցությունը դատավորի թեկնածու ընտրելու այդ գործընթացին։
Թերևս նաև այդ է պատճառը, որ ՀՀ նախագահի աշխատակազմը հրաժարվում է հրապարակել երկու այդ թեկնածուների մասին կարծիքները՝ թեկուզև առանց նրանց անունները մասնավորեցնելու։
Մեր տեղեկություններով՝ աշխատանքային խմբից շատերը բացասական գնահատական են տվել նրա թեկնածությանը թե մասնագիտական, թե իր այդ մեծամիտ վերաբերմունքի համար։ Այնուամենայնիվ, Վ. Գրիգորյանը երկու ամենաշատ դրական գնահատականներ ստացած թեկնածուներից մեկն է։
Ինչևէ, Նախագահն առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ՝ վաղը, Ազգային ժողով կներկայացնի Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածությունը։ Ո՞ւմ թեկնածուն կհաղթի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ ՀՀ նախագահի կողմից ստեղծված խորհրդակցական աշխատանքային խմբի։ Ծրարները կարող է բացել միայն ՀՀ նախագահը։
Հիշեցնենք, որ այսօր հանդիպելու են (միգուցե արդեն հանդիպել են) Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը։