«ՀՀՇ 2 կամ ՀՀԿ 2 ձևավորելու վտանգը, անշուշտ, կա». Նարինե Դիլբարյան
Հարցազրույց լեզվաբան, քաղաքական վերլուծաբան Նարինե Դիլբարյանի հետ
– Տիկին Դիլբարյան, Նիկոլ Փաշինյանը հրաժարականից առաջ կատարեց նշանակումներ, մասնավորապես՝ Սյունիքի մարզպետ նշանակվեց նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, ինչը դժգոհությունների ալիք բարձրացրեց Սյունիքում , իսկ գյուղատնտեսության նախարար Կարեն Կարապետյանի սանիկ Գեղամ Գևորգյանը։ Ինչո՞ւ նախկին իշխանությունների հետ կապվող անձանց Նիկոլ Փաշինյանը նման պաշտոններ տվեց։
– Այս ամբողջ հետհեղափոխական ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը ձևավորեց իր թիմը, իր կադրային բանակը, թերևս հենց այդ բանակը դարձավ հեղափոխության կամ Փաշինյանի աքիլեսյան գարշապարը։ Եթե հիշում եք՝ առաջին ալիքի վրա պաշտոններ ստացան այն անձինք, դեմքերը՝ հաճախ անծանոթ, փորձառության և մասնագիտական արհեստավարժության տարբեր աստիճաններ ունեցող, ովքեր ուղղակի մասնակցել էին «Իմ քայլը» շարժմանը կամ ՔՊ-ի ստեղծմանը։ Անգամ տարբեր մեկնաբանություններ հնչեցին, որ ով քայլել է՝ նա է պաշտոն ստանում։ Ինչպես տեսնում ենք՝ Փաշինյանի կադրային գործունեության արդեն երկրորդ փուլն է երևան գալիս, որտեղ արդեն ընտրանքի սկզբունքները փոխված են։ Այս ընթացքում Փաշինյանը հասկացավ, որ փորձի բացակայությունը խնդիր է, իսկ հեղափոխական խանդավառության առկայությունը դեռևս բավարար պայման չէ նման գործունեություն ծավալելու համար, և ձեր մատնանշած երկու նշանակումները ցույց տվեցին, որ ընտրվում են որոշակի փորձառություն ունեցող, հին կադրային բանակի դեմքեր։
Կարծում եմ՝ Սյունիքի մարզպետի նշանակումը, թերևս, ձգողականության ուժի զգացողությունից էր։ Սյունիքում իշխանությունը միշտ նախապատվությունը տվել է ուժային, ոչ ժողովրդավարական, կոշտ, կասկածահարույց մեթոդների տեր մարդկանց։ Գուցե դա թելադրված է նրանից, որ այդ մարզից սպասվում է անհնազանդություն կամ համարձակության այլ դրսևորումներ։ Այս մակարդակում Փաշինյանը գնաց հենց այդ ճանապարհով, այսինքն՝ ընտրել ուժեղ անձի, որը կկասեցնի Սյունիքում ինչ-որ տարակարծությունների ձևավորումը։ Սյունիքի բնակչությունն այդքան էլ համաձայն չէր այդ երևույթի հետ, տեղի ունեցան բողոքի ակցիաներ, խոսում էին, որ մարզպետը պետք է սյունեցի լինի։ Իհարկե, սյունեցի լինելն անհրաժեշտ ու բավարար հանգամանք չէ, բայց, համենայնդեպս, Հունան Պողոսյանի կենսագրությունից բոլորովին չէր բխում, որ նա կարող է լինել լավ մարզպետ։ Բայց որ նա ուժային դեմք է, տիրապետում է այլակարծության լռեցման և իշխանության հրամանները տեղ հասցնելու մարտավարական և ռազմավարական հնարքներին, ակնհայտ է։
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության նախարարին, այստեղ ևս գործել է այն գայթակղությունը, որ նա կապեր ունի, լավ կառավարիչ է, բայց դժվար է ասել, որ այդ կադրերը Փաշինյանին հաջողություն կբերեն։ Նախընտրական այս շրջանում այդպիսի մարդկանց ընտրությունը, որքան էլ հեղափոխությունը վստահության բարձր քվե ունի, էապես սասանել է այդ վստահությունը. կադրերն են որոշում ամեն ինչ։
– Ինչո՞վ էր պայմանավորված կադրային քաղաքականության նման կտրուկ փոփոխությունը։
– Կարծում եմ՝ Փաշինյանը հասկացավ, որ փորձառություն չունեցող, հին համակարգում գործունեություն չծավալած, բայց հեղափոխական խանդավառություն ունեցող մարդիկ անարդյունավետ էին շատ ոլորտներում, և փորձեց օգտվել կադրային այն բանկից, որն ունեին Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը՝ նախորդ համակարգը։ Ես չեմ բացառում, որ կային խորհրդատուներ, որոնք ինտենսիվ բացատրում էին, որ հին կադրերը փորձված են՝ անկախ հեղափոխական կամ այլ կողմնորոշումներից։ Ուժի ձգողականության գայթակղությանը նախընտրական շրջանում դիմանալը երևի դժվար է։ Այսինքն՝ Հունան Պողոսյանը կարող է երաշխավորել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կայացման ընթացքում և վարչապետի հրաժարականի ընթացքում իր մարզում տեղի չեն ունենա այլևայլ՝ իշխանության համար անցանկալի երևույթներ։
– Այսինքն՝ իշխանությունը կորցնելու վախ, ամեն դեպքում, կա։
– Ցանկացած կառավարություն միշտ ունենում է տագնապներ և գայթակղություններ։ Մենք սրընթաց թևակոխում ենք արտահերթ ընտրություններ, և բյուջեի կատարողականն է կարծես մնում ստվերում, բայց ակնհայտ էր, որ տնտեսական արդյունավետությունը բավական ցածր էր, և հիմա փորձ է կատարվում բարձրացնել այդ արդյունավետությունը։ Եկեք ընդունենք, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը հեռացավ՝ տնտեսական բավականին մեծ աճ թողնելով, և գուցե կա գայթակղություն, որ այդ նախորդ թիմի անդամները, որպես առավել փորձառուներ, կարող են ավելի լավ աշխատել։ Բայց ինչպես առաջին կադրային ընտրանքի սկզբունքն էր ծայրահեղական, այդպես էլ՝ սա։ Այդ սև ու սպիտակների հակադրությունը Փաշինյանին անընդհատ հետապնդում է՝ մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղության գնալու։ Իհարկե, կարելի է հասկանալ նրա այդ արտահայտությունը, որ քաղաքական ռասիզմ պետք չէ իրականացնել, բայց թիմային աշխատանքը ոչ մի կապ չունի ռասիզմի հետ։ Եթե մենք դատապարտում ենք նախորդ համակարգի աշխատանքը, ապա մենք չենք կարող պնդել, թե ռասիստ է նա, ով թույլ չի տալիս հին համակարգի համապատասխան մեթոդներով ծառայությունն այսօր իրականացնել։
– Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց, և, ամենայն հավանականությամբ, դեկտեմբերին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ. ի՞նչ սպասելիքներ ունեք։
– Ինձ համար չափազանց անցանկալի էր այս սրընթացությունը, որովհետև կեղծված սահմանադրական փոփոխությունների ճանապարհով որդեգրեցինք խորհրդարանական կառավարումը, որը ենթադրում էր կուսակցական ամուր համակարգի գոյություն, բայց մենք չունենք կուսակցական համակարգ։ Մենք ունենք միայն իշխանական ուժերի մեծամասնություն։ Իսկ այս պարագայում կարծես ստեղծվել էր հնարավորություն՝ ձևավորել այդ կուսակցական դաշտը, բայց դա դարձյալ տեղի չունեցավ։ Գուցե պատճառն այն տագնապներն էին, որ ոչ արդյունավետ տնտեսական, տեղային ինքնավար կառավարումը կարող է մարդկանց մեջ հիասթափություն առաջացնել և փոխել հեղափոխական էյֆորիան։ Այդ ընտրությունները կկայանան, և, անտարակույս, ՔՊ-ն միայնակ կամ իր կողմից կազմավորված ինչ-որ դաշինքով կհասնի մեծ հաջողության, դա բնավ անսպասելի արդյունք չի լինի, բայց արդյո՞ք այդ արդյունքից կբխի, որ Հայաստանն ավելի արդյունավետ կգնա առաջ, բավական կասկածում եմ։ Տեսեք, հին կուսակցությունները կորցրել են իրենց ուժն ու հեղինակությունը, իսկ նորերին ձևավորվելու հնարավորություն գրեթե չտրվեց։
– Միակուսակցական համակարգի վտա՞նգ եք տեսնում։
– Ամբողջ խնդիրը դրան է վերաբերում։ Ջախջախիչ հաջողությունները, անգամ՝ քաղաքապետարանում, իհարկե, խանդավառում են, երբ դու ունես 81%, բայց դա լավ ճանապարհ չէ։ Միակուսակցական համակարգերը վերածվում են ավտորիտար բռնապետական համակարգերի։ Բացի այդ, մենք տեսել ենք ՀՀՇ-ի միահեծան իշխանությունը, որը, ցավոք, ոչ մի լավ բանով չավարտվեց, բայց սկսվեց խիստ խանդավառ, ազնիվ գաղափարներով, բայց դրանից հետո ստացանք կոռումպացված համակարգ։ Հետո ՀՀԿ-ն, որը հիմնել էին լուսահոգի Աշոտ Նավասարդյանն ու իր ընկերները, հանկարծ վերածվեց նոր ԽՄԿԿ-ի, այսինքն՝ մի կառույցի, որի դեմ պայքարում էին ՀՀԿ-ի հիմնադիրները։ Հիմա ՀՀՇ 2 կամ ՀՀԿ 2 ձևավորելու վտանգը, անշուշտ, կա։
– Մյուս կուսակցություններն ի՞նչ անելիքներ ունեն, ռեստարտի հնարավորություն ունե՞ն։
– Ռեստարտն արդեն տրվել էր, դրա խանդավառությունը կար։ Եթե նկատեցիք՝ ինչ-որ նոր կուսակցությունների ստեղծման փուլ էր սկսվել, որն ամբողջապես անցավ միայն «Սասնա ծռեր» կուսակցությունը, մնացածներին պարզապես ժամանակ չտրվեց։ Ես մեծ անհանգստություններ ունեմ, որ կուսակցությունները ռեստարտի փոխարեն՝ կզբաղվեն պայմանավորվածությունների դաշտ ստեղծելով, ինչը մեզ մոտ շատ ընդունված է եղել։ Նախկինում առանց Սերժ Սարգսյանի կամ նրանից առաջ եղած ղեկավարների հետ պայմանավորվելու՝ անհնար էր հաղթահարել անցողիկ շեմը։ Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ հանգուցալուծվում էր պայմանավորվածություններով, ընդդիմության դաշտն էլ էր պայմանավորվում, և քանի որ այդ մեթոդները ծանոթ են մեր գործող կուսակցություններին, նրանք կարող են դիմել այդ սկզբունքին։ Անկեղծ ասած՝ տարբեր զրույցներից գիտեմ, որ շատ կուսակցություններ փորձում են պայմանավորվածությունների եզրեր գտնել, այսինքն՝ առաջարկվում է կառավարելի ընդդիմության մոդելը։ Շատ կուսակցություններ, ինչ ասես՝ կարող են խոստանալ Նիկոլ Փաշինյանին, իհարկե, դրանից չի բխում, որ նրանք իրենց խոստումը կկատարեն, սակայն խոստում տվողները շատ են։
– Այս ամենը, ի վերջո, ինչի՞ կարող է հանգեցնել՝ հաշվի առնելով նաև Արցախի վերաբերյալ հնչող վերջին հայտարարությունները։
– Անարդյունավետ համակարգի ռեստավրացիայի վտանգ եմ տեսնում։ Հին համակարգի ռեստավրացիան իմ աչքի առաջ կարծես տեղի է ունենում։ Հին կադրերը, որոնք հայտնի են ոչ թե իրենց գաղափարական, ժողովրդավարական գործունեության մեթոդներով, այլ ուժային, նաև՝ կոռուպցիոն, վերադառնում են. ամենամեծ վտանգը դա է։ Եթե դրան էլ գումարում ենք Արցախի իրավիճակը, այդ զիջումների վերաբերյալ թեմայի բարձրացումը, դրանք բոլորը խայծեր են, որոնք նետվում են։ Եթե մենք նախորդ համակարգով ենք գնալու, ապա այդ խայծերը շատ արագ կարող են դառնալ ականներ, իսկ ականները փոքրիկ ցնցումներից գործունեության մեջ դրվելու հատկություն ունեն։