Բաժիններ՝

«Ես դեմ եմ եղել տեսանկարահանող սարքերի ավելացմանը. Ոստիկանները միշտ պետք է հսկողություն իրականացնեն». Տիգրան Քեյան

«2012 թվականից սկսած կարմիր գծերից բյուջե ոչ թե ավելի շատ գումարներ են մուտքագրվել, այլ վնասներ են հասցվել: Նախկինում հավաքագրած գումարներն անգամ չեն բավարարել ծառայության մատուցման հետ կապված ծախսերի փակման համար: Քաղաքացիների բողոքների մոտ 90 տոկոսը բավարարվել է: Այսինքն, կատարվել է որոշակի աշխատանք, որի համար քաղաքային բյուջե գումար մուտք չի գործել: Տարեկան վնասը կազմել է շուրջ 100 միլիոն դրամ»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության (հ/կ) համահիմնադիր Տիգրան Քեյանը:

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով հնարավոր կոռուպցիոն ռիսկերին՝ Տիգրան Քեյանը նշեց.

«Քանի որ ոչ բոլոր իրավախախտումներն են վարչական տույժի ենթարկվել, կա տեսակետ, որ հնարավոր է՝ վնասը պայմանավորված լինի մարդկային որոշակի գործոնով: Կարող էին խախտումն ապացուցող տվյալներ ոչնչացնել, իրենց կամարտահայտությամբ այս կամ այն անձին տուգանել կամ ոչ: Ամեն դեպքում, կխուսափեմ վերջնական որևէ բան հայտնել, թող համապատասխան մարմիններն ուսումնասիրեն, տեսնեն»:

Ինչ վերաբերում է վթարներին, ապա Տիգրան Քեյանի պնդմամբ՝ Ճանապարհային ոստիկանության կողմից հսկողությունը մեղմացնելու հետևանքով վարորդներն անկարգապահ են դարձել:

Կարդացեք նաև

«Այժմ մի շարք հատվածներում կատարվել են փոփոխություններ, հետիոտնի համար նախատեսված որոշ հատվածներում լրացուցիչ տեսախցիկներ են տեղադրվել, որպեսզի անվտանգ լինի»,- նշեց նա:

Հարցին, արդյո՞ք մի շարք հատվածներում լուսացույցների բացակայությունը վթարների, վրաերթերի պատճառ չի հանդիսանում, Տիգրան Քեյանը պատասխանեց.

«Գիտակից վարորդը պետք է հասկանա, որ, եթե շրջանաձև երթևեկություն է, ապա տվյալ հատվածում պետք չէ, որ լուսացույց լինի: Շրջանաձև երթևեկությունը խթան է հանդիսանում մեղմացնելու տվյալ հատվածի երթևեկությունը, իսկ լուսացույցն ավելի շատ խցանման պատճառ է դառնում: Գիտակից վարորդը պետք է նաև միշտ զիջի հետիոտնին»:

Անդրադառնալով տեսանկարահանող սարքերին ու վարորդների այն մտահոգությանը, թե իշխանափոխությունից հետո դրանց թիվը նվազելու փոխարեն՝ կարծես թե ավելանում է, «Վարորդի ընկեր»(հ/կ համահիմնադիրը նկատեց.

«Ես դեմ եմ եղել տեսանկարահանող սարքերի ավելացմանը: Ոստիկանները միշտ պետք է հսկողություն իրականացնեն, որովհետև նրանց ներկայության դեպքում են կանխվում վթարները, պահպանվում երթևեկության կանոնները: Ոստիկանին տեսնելով՝ վարորդն էլ չի մտածում՝ տեսախցիկն իրեն նկարո՞ւմ է, թե՞ ոչ:

Այս հարցով առաջարկ ներկայացրել ենք Ոստիկանությանը, դեռ փոփոխություններ են կատարվում: Ցանկանում են միասնական համակարգ ներդնել ՀՀ-ում, ինչպես Վրաստանում է: Հիմա միջազգային փորձն են ուսումնասիրում՝ տեսնելու, թե որքանո՞վ արդյունավետ կլինի նման համակարգի ներդրումը»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս