Միացյալ Նահանգները հրապարակավ զգուշացրեց հնարավոր հետևանքների մասին
«Իրանն ու Հայաստանը բազում ընդհանուր շահեր ունեն տարածաշրջանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց իրանցի քաղաքագետ Ալի Սալամին՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջան, այդ թվում՝ Հայաստան կատարելիք այցին:
Հիշեցնենք, որ Բոլթոնն այցելելու է Մոսկվա, Բաքու, Թբիլիսի և Երևան: Դեռևս չհաստատված տեղեկությունների համաձայն՝ այցի օրակարգում տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերն են` Իրանի քաղաքականությունն ու իրավիճակը Սիրիայում: «Հոկտեմբերի 20-ին ես կմեկնեմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան ու Վրաստան` հանդիպելու իմ գործընկերների ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ` ամերիկյան շահերն անվտանգության մի շարք հարցերում առաջ մղելու համար»,- օրեր առաջ «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել էր Բոլթոնը:
Բոլթոնի այցին հաջորդելու է ամերիկացի մեկ այլ պաշտոնյայի այց տարածաշրջան, ով զբաղվում է Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների հարցերով: Այս օրերին տարածաշրջանում էր ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը, ով հորդորեց հայկական, վրացական և ադրբեջանական ընկերություններին՝ առևտրային հարաբերություններ չունենալ այնպիսի իրանական ընկերությունների հետ, որոնք կարող են լինել պատժամիջոցների տիրույթում:
Ալի Սալամիի գնահատմամբ՝ Միացյալ Նահանգները կոշտ քաղաքականություն է իրականացնում Իրանի դեմ, և այդ քաղաքականությունը ներկայումս ջանում է տարածել ողջ աշխարհի ու տարածաշրջանի վրա, փորձելով ազդել նաև այստեղ Իրանի հարաբերությունների վրա: Ըստ նրա, դժվար չէ հասկանալ, որ ԱՄՆ-ը փորձելու է իր քաղաքականությունը հնարավորինս պարտադրել տարածաշրջանում Իրանի գործընկեր երկրներին, որոնք շատ չեն:
«Ինչ վերաբերում է կոնկրետ Հայաստանին, ապա, կարծում եմ, ինչպես Միացյալ Նահանգները, այնպես էլ Իրանը հասկանում են, որ Հայաստանն այն երկիրն է, որը պետք է փորձի առանց առճակատումների առաջ շարժվել թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ Իրանի հետ, որովհետև վերջինի հետ շատ են ընդհանուր տարածաշրջանային անվտանգության շահերը: Իրանը միշտ գործընկերային վերաբերմունք է ակնկալել և նկատել հայկական կողմից, կարծում եմ` ոչինչ չի փոխվել, և կասկածներ այս հարցում չկան, կա հարաբերությունները խորացնելու ավելի մեծ պատրաստակամություն:
Ընկալելի է նաև այն հանգամանքը, որ կրճատվելու է մի շարք ոլորտներում համագործակցությունը, որն ընդլայնվել էր Միջուկային համաձայնությունից հետո, որովհետև Իրանի գործընկերները ևս հայտնվում են ռիսկային գոտում: Այսինքն` հարաբերությունները կշարունակվեն այն ոլորտներում և այն ընկերությունների հետ, որտեղ այդ ռիսկերը չկան: Մենք մեր գործընկերներին չենք կարող հակառակը պարտադրել: Կարծում եմ` ամերիկյան պաշտոնյաների տարածաշրջան կատարած այցերից հետո պետք է ակտիվանա իրանական կողմը՝ հանդիպումներ ծրագրելով տարածաշրջանային երկրների ղեկավարների, այդ թվում՝ ՀՀ վարչապետի հետ:
Այս իրավիճակում էլ ավելի է կարևորվում այն հանդիպումը, որը կա երկու երկրների ղեկավարների արտաքին քաղաքական հանդիպումների և այցերի օրակարգում: Նոր իրավիճակում, որը պայմանավորված է՝ ինչպես ԱՄՆ քաղաքականությամբ, այնպես էլ՝ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններով և Իրանում տեղի ունեցող իրադարձություններով, կարիք կա քննարկել երկկողմ հարաբերությունների օրակարգը և առաջնահերթությունների ցանկը, քանի որ այս հարաբերությունները կարևոր են մեզ համար, և Հայաստանը կարող է դառնալ այն միջնորդ գոտին, որտեղ այս հակամարտությունը գուցե ավելի մեղմ դրսևորումներ ունենա:
Կան որոշակի ակնկալիքներ, որ նույնիսկ այս բարդ իրավիճակում կողմերը քաղաքական կամք կդրսևորեն՝ իսկապես իրականացնել այնպիսի քաղաքականություն միմյանց ուղղությամբ, որ տարիների բացը կվերականգնվի: Թեև Իրանում իրավիճակը բավականին լարված է որոշ ոլորտներում, սոցիալական դժգոհությունը բարձր է, որը կլանել է իշխանություններին, կա ցանկություն աշխատել այն գործընկերների հետ, որոնք դրան պատրաստ են և աշխարհից չմեկուսանալու համար անհրաժեշտություն են»,- ասաց Սալամին:
Անդրադառնալով ԱՄն պետքարտուղարի փոխտեղակալի հորդորին` Ալի Սալամին ասաց, որ դրանով Միացյալ Նահանգները հրապարակավ զգուշացնում է այն հետևանքների մասին, որոնք կարող են Իրանի հետ սերտ առևտրատնտեսական հարաբերությունների պարագայում ունենալ տարածաշրջանի երկրները: «Այնպես չէ, որ դա անսպասելի էր, քանի որ նման ձևակերպումներ, ակնարկներ եղել են ամերիկացի այլ պաշտոնյաների մեկնաբանություններում»,- ասաց նա: