«Բոլթոնի այցի ժամանակ կարող եք ակնկալել բաց և շիտակ քննարկումներ». ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ

«ԱՄՆ-ը՝ որպես համանախագահ երկիր, աջակցում է, որպեսզի կողմերը միասին խոսեն, և աջակցում է, որպեսզի երկրի ղեկավարների միջև շփումներ լինեն»,- այս մասին այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության հարցին:

Ջորջ Քենթն ընդգծեց, որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահ երկրներից մեկն է՝ ասելով. «Եվ մենք ՄԱԿ ԳԱ շրջանակում կազմակերպեցինք հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև: Դրանից հետո ՀՀ վարչապետ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահը հանդիպեցին Դուշանբեում ԱՊՀ երկրների առաջնորդների հավաքի ժամանակ: Երկու ղեկավարներն էլ այդ շփման վերաբերյալ դրական արտահայտվեցին: ԱՄՆ-ը՝ որպես համանախագահ երկիր, աջակցում է, որպեսզի կողմերը միասին խոսեն, և աջակցում է, որպեսզի երկրի ղեկավարների միջև շփումներ լինեն: ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրասիան համանախագահ երկրներ են, և Ադրբեջանի ու Հայաստանի հետ միասին՝ ԵԱՀԿ անդամ երկրներ են, մեր բոլոր երկրներն ընդունում են ԵԱՀԿ չափանիշերը, որոնք հայտնի են Մադրիդյան սկզբունքներ անվամբ, այստեղ հիմնական սկզբունքներն են ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ինքնորոշման իրավունքը ժողովուրդների: Յուրաքանչյուր երկիր կարող է այդ սկզբունքների վերաբերյալ իր մեկնաբանությունն ունենալ, սակայն սկզբունքները սրանք են: Մեր դերակատարումը կողմերի միջև շփումներին նպաստելն ու աջակցելն է, որպեսզի կողմերը քննության առնեն բոլոր հարցերը և կարողանան լուծումներ գտնել»:

Խոսելով ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջան կատարելիք այցի օրակարգից` Ջորջ Քենթն ասաց, թե ԱՄՆ-ը հասկանում է, որ Հայաստանը «օրհնված է լավ մարդկանցով», քաղաքացիներով, բայց ունի դժվարին հարևանություն:

«Դեսպան Բոլթոնը կայցելի Մոսկվա և տարածաշրջանի այլ երկրներ: Մենք հասկանում ենք այն մարտահրավերները, որոնք ծառացած են Հայաստանի առջև տարածաշրջանային առևտրի տեսանկլյունից, սակայն մեզ շարունակում են չափազանց մտահոգել ռազմական ու պետական տարրերը Իրանում, որոնք նպաստում են տարածաշրջանային անկայունությանը, ոչ կայունությանը:

Կարդացեք նաև

Կան օրինական առևտրի հետ կապված հարցեր, սակայն մյուս կողմից՝ կան նաև հարցեր, թե ինչպես են հեղափոխության պահապանները ահաբեկչությանն աջակցում: ԱՄՆ-ը տարիներ առաջ մի քանի այլ երկրների հետ բանակցեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ, բայց դա չօգնեց այն իրավիճակին, որ Իրանը վերջ տա իր ապակայունացնող դերին՝ աջակցելով այնպիսի ռեժիմների, ինչպիսին Ասադն է Սիրիայում, Հըզբոլլահը և Համասը: Դեսպան Բոլթոնի այցի ժամանակ կարող եք ակնկալել բաց և շիտակ քննարկումներ թե երկկողմ հարաբերությունների դրական հնարավորությունների մասին, և թե տարածաշրջանային անվտանգության մարտահրավերների շուրջ»,- ասաց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը:

Տեսանյութեր

Լրահոս