Բաժիններ՝

«Հայաստանը կարող է հպարտանալ իր մշակութային ժառանգությամբ, որն ապահովում է, թե՛ նյութական, թե՛ հոգևոր շարունակականություն». Պյոտր Սվիտալսկի

Եվրամիության նախաձեռնությամբ այսօր Երևանում մեկնարկեց «Մշակութային ժառանգությունը Հայաստանում, մարտահրավերներն ու պարտականությունները» խորագրով համաժողով՝ նպատակ ունենալով կարևորելու մշակութային ժառանգության եվրոպական տարին։

Համաժողովին ներկա էին Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը, մշակույթի ոլորտի որոշ ներկայացուցիչներ, ուսանողներ և այլք։

Դեսպան Պյոտր Սվիտալսկին կարևորելով մշակութային համաժողովը՝ բացման իր խոսքում ընդգծեց, որ այն կազմակերպվել է մեկ այլ կարևոր միջոցառման շրջանակներում, որը եվրոպական մշակութային տարին է և նրա կարևորությունը։

Ըստ նրա, համաժողովին մաս են կազմելու մի շարք այլ միջոցառումներ, որոնք կազմակերպել են Հայաստանում այժմ ընթացող ժամանակակից արվեստի ցուցահանդեսի շրջանակներում։

«Հայաստանը կարող է հպարտանալ իր մշակութային ժառանգությամբ, որն ապահովում է թե՛ նյութական, թե՛ հոգևոր շարունակականություն և ձևավորում է հայության, նաև՝ եվրոպական ինքնությունը։ Բացի այն, որ մշակութային ժառանգությունը կարևոր է երկրի ժառանգության համար, քանի որ այդ նմուշները հանդիսանում են երկրի կարևոր ակտիվները, այլև հիմք են հանդիսանում ժամանակակից արվեստի զարգացման համար։

Որպես Եվրոպական Միություն՝ մենք համոզված ենք, որ Հայաստանի համար առավելություններից մեկը մշակութային ժառանգությունն է։ Համոզված ենք նաև, որ Հայաստանը կարող է մշտապես մասնակից դառնալ բազմաթիվ մշակութային նախաձեռնությունների, որոնք իրականացվում են»,- ասաց ԵՄ դեսպանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը մաս է կազմում Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվող մշակութային ծրագրերին, ուստի հուսով է, որ դրանք կունենան շարունակություն, որի ընթացքում Հայաստանը հանդես կգա լուրջ առաջարկություններով։
Պյոտր Սվիտալսկին նաև տեղեկացրեց, որ Հայաստանի կառավարության հետ ավարտին են հասցնում գործողությունների 2018 թվականի ծրագրի քննարկումները և բավականին մեծ գումար են հատկացրել ստեղծարար ոլորտներին։

Անդրադառնալով Shaula International ՍՊԸ-ի կողմից կազմակերպված ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսին՝ Պ. Սվիտալսկին փաստեց, որ սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանը կարող է լինել այն խաչմերուկը, որտեղ հանդիպում են ժամանակակից արվեստի տարբեր ներկայացուցիչներ։

«Բավականին հայտնի արվեստագետներ՝ Պակիստանից, Չինաստանից, Իրաքից, Իրանից, Եգիպտոսից, մասնակցում են այս ցուցահանդեսին և պատրաստակամություն են հայտնել Հայաստանում թողնել իրենց արվեստի գործերը։ Սա պայմանավորված է այն ազատության և համերաշխության մթնոլորտով, որը ձևավորված է երկրում, ինչն արվեստագետների համար խիստ գնահատելի է։ Սա վերահաստատում է մեր այն համոզումը, որ Երևանը կարող է լինել արվեստի կենտրոն, որտեղ տեղի են ունենում միջմշակութային նման փոխանակումներ»,- ասաց Պյոտր Սվիտալսկին։

Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը նույնպես կարևորեց միջոցառման անցկացումը Հայաստանի համար, քանի որ սա լավ ճանապարհ է միջազգային լսարանի ուշադրությունը գրավելու համար։

«Այս միջոցառմանը կա միջազգային ակտիվ մասնակցություն, այստեղ ամենակարևորը հուշարձանների պահպանությունն ու հանրահռչակումն է։ Հենց այնտեղից է սկսվում հուշարձանների պահպանությունը, երբ մեր հայրենակիցները գնահատում են այն արժեքները, որոնք ունենք»,- նշեց Տ. Գալստյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս