Բաժիններ՝

Հայաստան-Մակեդոնիա. Հեղինակության, այլ ոչ՝ 3 միավորի հանդիպում

Հայաստանի ազգային հավաքականի վերջին հանդիպումներից հետո հիասթափված էին թե՛ ֆուտբոլիստները, թե՛ երկրպագուները: Եթե Մակեդոնիայի հավաքականի հետ պարտությունը հասկանալ ինչ-որ տեղ կարելի է, ապա սեփական հարկի տակ Ջիբրալթարին պարտվելը մոտ էր քաոսին: Ինչպե՞ս այս իրավիճակից ելք կգտնի Հայաստանի հավաքականը, որը գրեթե չունի խմբում իրավիճակը շտկելու հնարավորություն: Այս խաղը Հայաստանի հավաքականի համար պետք է լինի ոչ թե՝ 3 միավորի, այլ՝ սեփական երկրպագուների և միջազգային ֆուտբոլային հանրության մոտ հեղինակություն փրկելու խաղը:

Հայաստան

Ըստ Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի՝ հավաքականին պետք է երկարաժամկետ ծրագիր այս իրավիճակից դուրս գալու համար:

«Մենք ունենք ռեսուրսներ երիտասարդ հավաքականից, բայց այս փուլում մենք ուզում էինք անպայման արդյունքի հասնել: Իսկ արդյունքի համար այդ երիտասարդներին պետք է փորձ ձեռք բերել: Եթե մենք իրագործենք մեր երկարաժամկետ ծրագիրը, կկարողանանք ուժեղ երիտասարդներ պատրաստել՝ ճիշտ մեթոդներով և ճիշտ մոտեցումներով: Ազգային հավաքականը պետք է համալրենք նոր և երիտասարդ ֆուտբոլիստներով»:

Կարդացեք նաև

Մարզիչը նշում է, որ հավաքականի ճամբարում կա 25 ֆուտբոլիստ, և առաջիկա խաղում փոփոխություններ կլինեն: Մարզչական թիմը դիտել և վերլուծել է Մակեդոնիայի հավաքականի խաղերը և փորձելու է համարժեք պատասխան տալ մրցակցին:

«Հիմա մենք կենտրոնացած ենք Մակեդոնիայի հետ խաղի վրա և նախորդ պարտությունից հետո ուզում ենք, որ մեր ֆուտբոլիստները լավ արդյունք գրանցեն»:

Մակեդոնական մամուլն այս խաղից առաջ գրել էր, որ Հայաստանի հավաքականի ճամբարում կա լարվածություն, մասնավորապես՝ իրար հետ կոնֆլիկտ ունեն Յուրա Մովսիսյանը և Հենրիխ Մխիթարյանը: Գլխավոր մարզիչը նշում է, որ ինքը լարվածություն չի նկատել, ընդհակառակը՝ մարզման ժամանակ ստացել է հակառակ տպավորությունը:

Հայաստանի հավաքականի ճամբարում փոփոխություններ չկան, և Մակեդոնիայի հետ խաղին պատրաստ են նույն 25 ֆուտբոլիստները:

Մակեդոնիա

Մակեդոնիայի հավաքականը շատ լավ է մեկնարկել Ազգերի լիգայում: Թիմը 3 խաղերից հետո ունի 9 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Մակեդոնիայի հավաքականն առանձնապես խնդիրներ  չունեցավ առաջին խաղերում և կարողացավ 3 մրցակիցներին էլ վստահորեն հաղթել: Այժմ Մակեդոնիայի հավաքականը խմբի բացարձակ առաջատարն է: Ի սկզբանե հենց մակեդոնացիները և հայերն էին համարվում խմբի ֆավորիտները: Նույն կարծիքն է հայտնել նաև Մակեդոնիայի հավաքականի ֆուտբոլիստ Գորան Պանդևը:  Ըստ Պանդևի՝ հայաստանյան հանդիպումն ընթանալու է շատ համառ պայքարում:

Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկին նշում է, որ իր թիմն ուշադրություն չի դարձնելու այն հանգամանքին, որ Հայաստանի ընտրանին պարտվել է Ջիբրալթարին: Ըստ Իգոր Անգելովսկու՝ վերջին պարտությունը կարող է լրացուցիչ մոտիվացնել հայ ֆուտբոլիստներին:

Մակեդոնիայի ընտրանու մարզիչը նշում է, որ մարզչական փոփոխությունը չի փոփոխել Հայաստանի հավաքականի խաղային ձեռագիրը, այնպես որ,  իրենք պատրաստ են խաղին:

Նշենք, որ Մակեդոնիայի կազմում ևս չկան վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ:

Այս խաղում Հայաստանի հավաքականը վերականգնվելու խնդիր ունի: Չնայած թիմում կան խնդիրներ՝ չպետք է մոռանալ, որ հավաքականի կազմում կան այնպիսի ստեղծարար ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Մխիթարյանը, Պիզելին, Ղազարյանը և այլք:

Մակեդոնիան երեք խաղում վաստակել է առավելագույն միավորներ, սակայն թիմի պաշտպանությունը չի կարելի համարել ամենահուսալին: Սեփական հարկի տակ Հայաստանի հավաքականը միշտ կարողացել է գնդակ ուղարկել մակեդոնացիների դարպասը: Այս խաղում գոլերը պետք են ոչ միայն՝ հաղթանակի, այլև՝ վստահությունը վերականգնելու համար:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս