ԱՄՀ-ն հաշվել է համաշխարհային տնտեսության վնասը Թրամփի առևտրական պատերազմից

ԱՄՆ-ի առեւտրական պատերազմը, որը սանձազերծել է այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, համաշխարհային տնտեսությանը կզրկի 1,52 տրիլիոն դոլարից, ընդ որում դրանից առավել մեծ վնասը երկարաժամկետ հեռանկարում կկրի հենց ԱՄՆ-ը: Այդ մասին  հայտնել է ABC իսպանական թերթը՝ վկայակոչելով Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան նիստը:

Ինչպես պատմել են ԱՄՀ-ում, իրադարձություների զարգացման վատագույն սցենարի դեպքում համաշխարհային շուկան կկրճատվի 17 տոկոսով, իսկ համաշխարհային ՀՆԱ-ն կնվազի 1,9 տոկոսով: Այդպիսով, համաշխարհային տնտեսությանն ավելի ուժեղ ցնցումներ են սպասում, քան նրանք, որ տեղի ունեցան 2008-2009 թվականների ֆինանսական ճգնաժամի ժամանակներում:

Բացի այդ, ԱՄՀ-ի փորձագետները ենթադրում են, որ համաշխարհային տնտեսությունը դեռեւս լիովին չի զգացել Թրամփի վարչակազմի պրոտեկցիոնիզմի ազդեցությունը: Հենց 2019 թվականին միջազգային առեւտուրը կբախվի առավել մեծ խնդիրների: Ներկայում համաշխարհային առեւտրի սպասվող աճը կազմում է 3,9 տոկոս, ինչը կես տոկոսով ցածր է, քան անցած տարի: Սակայն ԱՄՀ-ի փորձագետները կարծում են, որ այդ ցուցանիշը հարկ է նվազեցնել եւս 0,2 տոկոսով: Ինչպես նշել են ԱՄՀ-ում, եթե ԱՄՆ-ը եւ Չինաստանը չդադարեցնեն իրենց առեւտրական պատերազմը, ապա գլոբալ տնտեսությունը կկորցնի մոտավորապես 1,52 տրիլիոն դոլար:

Ընդսմին տնտեսության վրա բացասական ազդեցություն է գործում նաեւ անորոշությունը Եվրամիութան կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ: Կարճաժամկետ հեռանկարում առեւտրական պատերազմից առավել մեծ վնասը կկրի Չինաստանը, իսկ ահա երկարաժամկետ հեռանկարում, առաջին հերթին պատասխան մաքսատուրքերի պատճառով, ամենից ավելի կտուժի հենց ԱՄՆ-ը, ընդգծում է հրատարակությունը: Ավելի վաղ G20-ի երկրների ֆինանսների նախարարներն ու Կենտրոնական բանկերի ղեկավարները պայմանավորվել է վերացնել լարվածությունը համաշխարհային առեւտրում, որը կարող է վայրիվերումների հանգեցնել ֆինանսական շուկաներում:

«Մենք համաձայնեցինք, որ միջազգային առեւտուրն աճի կարեւոր շարժիչն է եւ մեզ հարկավոր է վերացնել լարվածությունը, որը կարող է բացասաբար ազդել շուկայի տրամադրությունների վրա եւ ուժեղացնել ֆինանսական անկայունությունը»,-ասել է Արգենտինայի ֆինանսների նախարար Նիկոլաս Դուխովնեն՝ Ինդոնեզիայի Բալի կղզում ելույթ ունենալով ֆինանսական G20-ի չորրորդ հանդիպման երկօրյա աշխատանքային նիստերի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: Նա հայտնել է, որ նախարարներն ու ԿԲ-ների ղեկավարները քննարկել են համաշխարհային տնտեսության հեռանկարները, որոնք մնում են դրական, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս