Մտքի ուժը փոխում է մարդու գենետիկ կոդը. գենետիկ Բրյուս Լիպտոնի տեսությունը
Կյանքի էկոլոգիան: Ամերիկացի գենետիկ Բրյուս Լիպտոնը պնդում է, որ իրական հավատի օգնությամբ, մտքի բացառիկ ուժով մարդը իրականում ունակ է ազատվել ցանկացած հիվանդությունից: Եվ ոչ մի միստիկա դրանում չկա: Լիպտոնի հետազոտությունները ցույց են տվել, որ ուղղորդված հոգեկան ազդեցությունը ունակ է փոխել մարդու գենետիկ կոդը:
Շատ տարիների ընթացքում Բրյուս Լիպտոնը մասնագիտացել է գենային ինժեներիայի բնագավառում, հաջողությամբ դոկտորական թեզ է պաշտպանել դարձել ակադեմիական շրջանակներում մեծ ճանաչում բերած մի շարք հետազոտությունների հեղինակ: Նրա իսկ բառերով՝ ողջ այդ ժամանակ Բրյուս Լիպտոնը, ինչպես և շատ գենետիկներ ու կենսաքիմիկոսներ, հավատում էր, որ մարդն իր տեսակի մեջ բիոռոբոտ է, որի կյանքը ենթակա է նրա գեներում գրի առնված ինչ-որ ծրագրի:
Այդ տեսանկյունից գեները որոշում են գործնականորեն ամեն ինչ` արտաքին տեսքի առանձնահատկությունները, ունակություններն ու խառնվածքը, այս կամ այն հիվանդություններին հակվածությունը և, վերջին հաշվով` կյանքի տևողությունը: Ոչ ոք չի կարող փոխել իր անձնական գենետիկ կոդը, նշանակում է, մեծ հաշվով մեզ մնում է միայն հաշտվել այն բանի հետ, ինչ նախանշված է բնության կողմից:
Բրյուս Լիպտոնի կյանքում ու հայացքների մեջ շրջադարձային պահ դարձան նրա կողմից 1980-ական թթ. իրականացված փորձարարությունները՝ բջջային մեմբրանի առանձնահատկությունների ուսումնասիրությունները: Մինչ այդ գիտության մեջ համարվում էր, որ հենց բջջի ատոմում գտնվող գեներն են որոշում, թե ինչ թողնեն մեմբրանի միջոցով, իսկ ինչը` ոչ: Սակայն Լիպտոնի փորձերը հստակ ցույց տվեցին, որ բջջի վրա ազդող արտաքին գործոնները կարող են ազդել գեների վարքագծի վրա ու նույնիսկ հանգեցնել դրանց կառուցվածքի փոփոխությանը:
Մնում էր միայն հասկանալ, թե կարելի՞ է արդյոք այդպիսի փոփոխություններ իրականացնել հոգեկան պրոցեսների օգնությամբ, կամ, պարզ ասած, մտքի ուժով:
«Ըստ էության` ես ոչ մի նոր բան չեմ մտածել,- ասում է դոկտոր Լիպտոնը,- հարյուրամյակների ընթացքում բժիշկներին լավ հայտնի է պլացեբոյի էֆեկտը, երբ հիվանդին առաջարկում են նեյտրալ նյութ` պնդելով, որ դա հրաշագործ դեղամիջոց է: Արդյունքում՝ նյութն իրականում ամոքիչ ազդեցություն է գործում: Բայց, որքան էլ տարօրինակ է, այս երևույթին մինչ օրս գիտական բացատրություն չի տրվել: Իմ բացահայտումը թույլ տվեց այդ բացատրությունը տալ: Դեղի առողջարար ուժի նկատմամբ հավատի օգնությամբ մարդը փոխում է օրգանիզմում ընթացող գործընթացները, այդ թվում և՝ մոլեկուլային մակարդակում: Այն կարող է անջատել մի գեները, ստիպել միանալ ուրիշներին, ու նույնիսկ փոխել իրենց գենետիկ կոդը: Դրանից հետո ես մտածեցի հրաշագործ կազդուրման տարատեսակ դեպքերի մասին: Բժիշկները դրանից միշտ խուսափում էին: Բայց իրականում, եթե մենք նույնիսկ մեկ այդպիսի դեպք ունենայինք, այն պետք է բժիշկներին ստիպեր մտածել դրա բնույթի շուրջ, և մտածել, որ եթե դա հաջողվեց մեկին, ապա հավանաբար այդպիսի բան կանեն նաև ուրիշները»:
Բնականաբար, ակադեմիական գիտությունը սվիններով ընդունեց Բրյուս Լիպտոնի այդ հայացքները: Սակայն նա շարունակեց իր հետազոտությունները, որոնց ընթացքում հետևողականորեն ապացուցեց, որ առանց որևէ դեղի էլ լրիվ հնարավոր է ազդել օրգանիզմի գենետիկ համակարգի վրա:
Ընդ որում, դա կարելի է անել նաև հատուկ ընտրված սննդակարգի շնորհիվ: Այսպես, իր փորձերից մեկի համար Լիպտոնը օգտագործել է բնածին գենետիկ արատներ ունեցող դեղին մկներ, որը նրանց սերունդները դատապարտում էր ավելորդ քաշ ու կարճ կյանք ունենալու: Ապա հատուկ սննդակարգի շնորհիվ նա հասավ նրան, որ այդ մկները սկսեցին տալ իրենց ծնողներին բոլորովին չնմանվող սերունդ` սովորական գույնի, նիհար ու մնացած ցեղակիցների չափ ապրող:
Այս ամենը, համաձայնեք, չէր կարող հարուցել ակադեմիական գիտնականների բարեհաճ վերաբերմունքը: Այնուամենայնիվ, նա շարունակեց փորձերն ու ապացուցեց, որ գեների վրա նմանօրինակ ազդեցության կարելի է հասնել նաև որոշակի ֆիզիկական վարժությունների ճանապարհով: Գենետիկ կոդի վրա արտաքին գործոնների ազդեցության նոր գիտական ուղղությունը ստացավ էպիգենետիկա անվանումը:
Բայց ամեն դեպքում մեր առողջական վիճակը փոխելու ունակ գլխավոր ազդեցությունը Լիպտոնը համարում է հենց մտքի ուժը, այն, ինչ տեղի է ունենում ոչ թե մեր շուրջը, այլ մեր ներսում:
«Դրանում ոչ մի նոր բան չկա,- հայտարարում է Լիպտոնը,- վաղուց հայտնի է, որ 2 մարդ կարող են ունենալ միատեսակ գենետիկ հակվածություն քաղցկեղի նկատմամբ, բայց մեկի մոտ հիվանդությունն արտահայտվում է, իսկ մյուսի մոտ` ոչ: Դա այն պատճառով է, որ նրանք տարբեր կերպ են ապրել: Մեկը հաճախ է սթրեսներ ապրել, քան մյուսը: Նրանք տարբեր ինքնագնահատական ու ինքնազգացողություն են ունեցել, որոնք էլ իրենց հերթին՝ համապատասխանաբար մտքերի տարբեր ընթացք են ծնել: Այսօր ես կարող եմ պնդել, որ մենք ունակ ենք կառավարել մեր կենսաբանական բնույթը: Մենք կարող ենք մտքի, հավատի ու մղումների օգնությամբ ազդել մեր գեների վրա:
Մարդու մեծագույն տարբերությունը երկրագնդի վրա եղած այլ էակներից հենց նրանում է կայանում, որ նա կարող է փոխել իր մարմինը, ինքն իրեն բուժել մահացու հիվանդություններից ու նույնիսկ ազատվել ժառանգական հիվանդություններից` դրա համար օրգանիզմին հոգեկան կարգավորումներ տալով: Մենք բոլորովին պարտավոր չենք լինել մեր գենետիկ կոդի ու կյանքի հանգամանքների զոհը: Հավատացեք այն բանին, որ դուք կարող եք կազդուրվել, ու դուք կբուժվեք ցանկացած հիվանդությունից: Հավատացեք, որ դուք կարող եք նիհարել 50 կգ, ու դուք կնիհարեք»:
Առաջին հայացքից ամեն ինչ պարզ է, բայց միայն՝ առաջին հայացքից…
Եթե ամեն ինչ այդքան պարզ լիներ, ապա մարդկանց մեծ մասը հեշտությամբ կլուծեր առողջության հետ կապված խնդիրները նմանատիպ արտահայտությունների օգնությամբ` «Ես կբուժվեմ այդ հիվանդությունից», կամ՝ «Ես հավատում եմ, որ իմ օրգանիզմն ի վիճակի է ինքնուրույն կազդուրվել»…
Բայց նման բան չի պատահում, և բացի դրանից էլ, ինչպես հստակեցնում է Լիպտոնը, չի էլ կարող տեղի ունենալ, եթե հոգեկան կարգավորումները ներթափանցում են միայն գիտակցության ոլորտ, որը բնորոշում է սոսկ մեր հոգեկան գործունեության 5 տոկոսը` ձեռք չտալով մնացած 95-ին` ենթագիտակցությանը:
Պարզ ասած` իր ուղեղի ուժերով ինքնաբուժությանը հավատացողներից սոսկ եզակիներն են իրականում իսկապես դրան հավատում և դրա համար էլ հաջողության են հասնում: Մեծ մասը, սակայն, ենթագիտակցության մակարդակում ժխտում են այդ հնարավորությունը, ավելի ստույգ` իրենց իսկ ենթագիտակցությունը, որը, ըստ էության, ինքնահոսի մակարդակում էլ վերահսկում է մեր օրգանիզմում ընթացող բոլոր պրոցեսները, մերժում է այդպիսի հնարավորությունը: Միևնույն ժամանակ այն ղեկավարվում է այն սկզբունքով, որ իր հետ լավ բան կատարվելու հավանականությունն ավելի քիչ է, քան իրադարձությունների հետագա ընթացքի հավանականությունը վատագույն սցենարով:
Համաձայն Լիպտոնի` հենց դրան էլ մեր գիտակցությունը սկսում է հարմարվել վաղ մանկության շրջանում` ծննդյան պահից մինչև 6 տարեկան հասակը, երբ ամենաանշան իրադարձությունները, դիտմամբ կամ մեծերի կողմից պատահաբար ասված բառերը, պատիժները, վնասվածքները ձևավորում են «ենթագիտակցության փորձը» և արդյունքում` մարդու անձը:
Ընդ որում, ինքը` մեր հոգեկան աշխարհի բնույթը, այնպես է ստեղծված, որ մեզ հետ տեղի ունեցած ամեն վատ բան ենթագիտակցության մեջ ավելի հեշտորեն է տեղավորվում, քան հաճելի ու ուրախալի պահերի մասին հիշողությունները: Արդյունքում` «ենթագիտակցության փորձը» մարդկանց ճնշող մեծամասնության մոտ 70%-ով բաղկացած է նեգատիվից, և միայն 30 %-ով` պոզիտիվից:
Այսպիսով, իսկապես ինքնաառողջացման հասնելու համար անհրաժեշտ է ամենաքիչը այդ հարաբերակցությունը տեղերով փոխել: Միայն այդ կերպ է հնարավոր կոտրել այն խոչընդոտը, որը ենթագիտակցությունը դրել է դեպի գենետիկ կոդ ու բջջային պրոցեսներ մտքի ուժի ներխուժման ճանապարհին:
Լիպտոնի կարծիքով` շատ պայծառատեսների աշխատանքներ հենց այդ խոչընդոտը կոտրելու մեջ է: Բայց նա ենթադրում է, որ նման էֆեկտի կարելի է հասնել նաև հիպնոսի ու այլ մեթոդների օգնությամբ: Սակայն այդ մեթոդների մեծ մասը դեռ սպասում է իր բացահայտմանը կամ պարզապես լայն ճանաչմանը:
Շուրջ քառորդ դար առաջ տեղի ունեցած աշխարհայացքային հեղաշրջումից հետո Լիպտոնը շարունակեց գենետիկայի ոլորտում իր հետազոտությունները, միաժամանակ դարձավ զանազան միջազգային ֆորումների կազմակերպիչ, որոնց նպատակն էր ավանդական ու այլընտրանքային բժշկությունների միջև կամուրջներ գցելը: Նրա կողմից կազմակերպված կոնգրեսների ու սեմինարների ընթացքում հայտնի հոգեբաններ, բժիշկներ, կենսաֆիզիկոսներ ու կենսաքիմիկոսներ նստում են զանազան ժողովրդական բժիշկների, պայծառատեսների, անգամ իրենց կախարդ անվանողների կողքին: Ընդ որում, վերջիններս սովորաբար հավաքվածներին ցուցադրում են իրենց հնարավորությունները, իսկ գիտնականները մտագրոհ են կազմակերպում դրանց գիտական բացատրությունը տալու համար:
Հենց հիվանդի հոգեկան հնարավորությունների ու, եթե կուզեք, կախարդանքի ու գիտության վրա հիմնված էզոթերիկայի ու բուժման ժամանակակից մեթոդների համադրության շնորհիվ էլ Բրյուս Լիպտոնը տեսնում է բժշկության հետագա զարգացման հիմնական ճանապարհը: Իսկ ճիշտ է նա, թե ոչ, ցույց կտա ժամանակը:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը