«Ռեալը» Ռոնալդուի մասին հոդվածի համար դատի է տվել պորտուգալական թերթին
«Ռեալ Մադրիդը» դատի է տվել պորտուգալական Correio da Manhã թերթին Կրիշտիանու Ռոնալդուի մասին մեղադրական հոդվածի համար:
Թերթը նախկինում գրել էր, որ մադրիդյան ակումբի կամքով է, որ ֆուտբոլիստը վճարել է բռնաբարության ենթադրյալ տուժող Քեթրին Մայորգային: Մեղադրող կողմը նշում է, որ Ռոնալդուն վճարել է կնոջը լռության համար:
«Նյութերը պարունակում են կեղծ տեղեկություններ, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել ակումբի հեղինակությանը:
Մեր ակումբը ոչ մի կապ չի ունեցել թերթում նշված իրադարձությունների հետ, և, հետևաբար, չէր կարող ինչ-որ քայլեր ձեռնարկել:
«Ռեալը» պահանջում է վերոնշյալ թերթի նյութերի լիակատար հերքումը»,- գրում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ ամերիկուհի Քեթրին Մայորգան մեղադրել է Ռոնալդուին բռնաբարության մեջ: Ըստ Der Spiegel-ի՝ միջադեպը տեղի է ունեցել 2009 թվականին Լաս Վեգասում:
Ռոնալդուն, ըստ Մայորգայի, ավելի ուշ վճարել է իրեն 375.000 դոլար՝ լռության համար: Նա առաջին անգամ է այս թեմայով հրապարակայնորեն խոսել:
Կնոջ փաստաբանները պնդում են, որ ունեն ապացույցներ, որտեղ Ռոնալդուն ինքն է նկարագրում տեղի ունեցածը: Ինչպես փաստաբաններն ասում են, խաղացողը ժխտում է բռնաբարության փաստը: Ըստ նրա՝ ամեն ինչ կատարվել է փոխադարձ համաձայնությամբ:
«Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կրկին հերքել է բռնաբարության մասին բոլոր լուրերը:
«Ես կտրականապես հերքում եմ բոլոր մեղադրանքներն իմ դեմ: Բռնաբարությունը սարսափելի հանցագործություն է, որը հակասում է այն ամենին, ինչին ես հավատում եմ:
Որքան էլ շատ ես ցանկանամ մաքրել իմ անունը, չեմ մասնակցի ԶԼՄ-ների հորինած թատրոնին: Ես մաքուր խղճով և հանգիստ սպասում եմ հետաքննության ավարտին»,- գրել է Ռոնալդուն իր թվիթերյան միկրոբլոգում:
Սիրարփի Աղաբաբյան