Խորվաթիա-Անգլիա. խաղից առաջ
Ազգերի լիգայի խաղարկության ամենահետաքրքիր խաղերից մեկը կկայանա ասօր երեկոյան՝ 22:45-ին: Հենց Խորվաթիայի հավաքականն էր, որ խանգարեց անգլիացիներին դուրս գալ Աշխարհի առաջնության եզրափակիչ: Կկարողանա՞ն «երեք առյուծները» ռևանշի հասնել:
Խորվաթիա
Խորվաթիայի ազգային հավաքականն այս ամռանն աշխարհի առաջնությունում հիանալի կերպով դրսևորեց իրեն: Խորվաթները կարողացան հասնել եզրափակիչ, որտեղ զիջեցին Ֆրանսիայի ընտրանուն: Ըստ մասնագետների՝ հիմա թիմն անկում է ապրում: Խորվաթ ֆուտբոլիստներն իրենց ակումբներում այնքան էլ լավ չեն խաղում, և սեպտեմբերի ոչ հաջող խաղը դրա դրսևորումն էր: Պորտուգալիայի հետ ընկերական խաղում ոչ-ոքին նորմալ էր, բայց շատ քչերն էին սպասում, որ Ազգերի լիգայի առաջին խաղում Խորվաթիան կպարտվի 0:6 հաշվով:
Դարպասապահ Լովրե Կալինիչը, հարձակվող Դուե Չոպը և պաշտպաններ Բորնա Բարիշիչը, Շիմյե Վրսալկոն, Իվան Ստրինիչը վնասվածքի պատճառով բաց կթողնեն խաղը:
Անգլիա
Անգլիայի հավաքականը ևս վատ չդրսևորեց իրեն Աշխարհի առաջնությունում՝ դուրս գալով կիսաեզրափակիչ: Երկար ժամանակ է, «երեք առյուծներն» այդքան առաջ չէին գնացել խոշոր մրցաշարում: Կիսաեզրափակչում Խորվաթիային պարտվելը միայն ավելացրել է անգլիացիների մոտիվացիան: Հիշեցնենք, որ անգլիացիները պարտվեցին միայն լրացուցիչ ժամանակում:
Այդ խաղից հետո Անգլիան զիջեց նաև բրնզե մեդալների համար պայքարում, ինչպես նաև չկարողացավ միավորներ վաստակել Ազգերի լիգայի առաջին տուրի՝ Իսպանիայի հետ խաղում՝1:2: Անգլիացիները, սակայն, կարողացան հաղթել Շվեցարիային ընկերական խաղում:
Վնասվածքի պատճառով Անգլիայի հայտացուցակում չկան Ալեքս Մաքքարտնին և Դենի Ռոուզը:
Վիճակագրություն և անձնական հանդիպումներ
- Խորվաթիան վերջին 6 խաղերից ոչ մեկում չի հաղթել՝ առանց լրացուցիչ ժամանակի
- Վերջին 6 խաղերում Անգլիան հաղթել է միայն 2 անգամ
- Թիմերը իրար հանդիպել են 8 անգամ: Չորս անգամ հաղթել է Անգլիան, երկու անգամ՝ Խորվաթիան:
Աշխարհի առաջնության հետ համեմատած՝ Խորվաթիան հիմա ավելի թուլացել է: Հավաքականում կարիերան ավարտել են Մանջուկիչը, Սուբաշիչը և Չորլուկան, ինչպես նաև մի շարք ֆուտբոլիստներ: Հիմա հատկապես թուլացել է պաշտպանությունը:
Անգլիան հիմա ունի բավականին կայուն թիմի տեսք: Այս խաղում ռևանշի ցանկությունը կարող է ավելացնել մոտիվացիան: Մյուս կողմից, Իսպանիային 6 գնդակի տարբերությամբ պարտվելուց հետո Խորվաթիան պետք է ամեն ինչ անի վերականգնվելու համար:
Սիրարփի Աղաբաբյան