Բաժիններ՝

«Ներդրողները դասեր են վերցնում նաև «Լիդիանի» դեպքից». Գագիկ Մակարյան

«Իմ կարծիքով՝ նկատի ունեն այն, ինչ մենք բոլորս ենք ասում՝ հիմնականում պետական ապարատը, նախարարությունները մի քանի պատճառներով կիսալճացած ռեժիմով են աշխատում, ակտիվ չեն, մենեջմենթի, պրոֆեսիոնալիզմի, ժամանակի կառավարման խնդիր ունեն, կարևորը երկրորդականից հասկանալու, ապարատի ուռճացվածության խնդիր ունեն, գործընկերների հետ չերկխոսելու պատճառով ինֆորմացիայի պակաս ունեն։ Կարծում եմ՝ այդ բոլորն ի նկատի ուներ դեսպանը»,- 168.am-ին ասել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հորդորը, որ ՀՀ կառավարությունը պետք է արագ գործի։

Ըստ նրա՝ պետք է արագ աշխատել, որովհետև եթե սպասելիքները շատ են, ու մարդիկ համբերությամբ սպասում են՝ թույլ տալով կառավարությանն ինքնադրսևորվել, չպետք է այդ համբերությունը չարաշահել. «Լուրջ ներդրողները կսկսեն գալ, երբ ԱԺ ընտրություններն ավարտվեն, կառավարությունը կապացուցի, որ քաղաքական գիծը չի փոխվում, իր մոտեցումները նույնն են, և հատկապես կարևոր է վարչապետի վերընտրվելը։ Մինչ այդ ներդրողները չեն գա»։

Գ. Մակարյանի խոսքով՝ փոքր ներդրումներ սփյուռքահայերի, տեղացիների կողմից, որ 2-3 մլն դոլարի չափով են, կիրականացվեն, բայց խոշոր կորպորացիաները կգան ավելի ուշ։ Նա նշեց, որ տարբեր ներդրողներ դիմում են նաև միությանը, բայց անվանական նշելը ճիշտ չի լինի, որովհետև եթե պրոցեսը շարունակվում է, կարիք չկա այդ մասին բարձրաձայնել։

«Ներդրողները դասեր են վերցնում նաև «Լիդիանի» դեպքից, որը 400 մլն դոլարից ավելի  խոշոր ներդրումային փաթեթ է։ Դեսպանը խոսեց հանքարդյունաբերության մասին, «Լիդիանին» էր վերաբերում։ Կառավարությունը պետք է ուշադիր լինի, թե ինչպես կավարտվի «Լիդիանի» գործը։ Եթե այն հավատ ներշնչի, լինի միջազգային փորձաքննություն, ապացուցվի, որ իրականում խախտումներ են եղել, ապա արդարացված կլինի, և կառավարությունը կարող է ասել, որ չի գործի ի վնաս ժողովրդի։

Օրինակ՝ նույն ԵՄ համապարփակ համագործակցության համաձայնագրում գրված է 2 կարևոր արժեք՝ մարդու իրավունքներ և շրջակա միջավայրի պաշտպանություն, և կառավարությունը պետք է տարիների ընթացքում հետամուտ լինի այդ կոնվենցիայի կատարմանը։ Եվ եթե «Լիդիանի» դեպքը հակասում է դրանց, կառավարությունը կարող է այդ հիմնավորումը բերել, ասել, որ եղել են կոռուպցիոն դեպքեր, ու որևէ լուծում գտնել»,- ասաց Գ.Մակարյանը։

Նա նշեց, որ խոշոր կորպորացիաները հետևում են նաև «Լիդիանի» գործին, որովհետև այդտեղ կան ամերիկյան, եվրոպական բաժնետերեր, ու պետք է հասկանան, թե ինչպես է ավարտվելու այդ նախագիծը։

«Շատ կարևոր է նաև, որ պետությունը հստակություն մտցնի իր քաղաքականության մեջ։ Այսինքն՝ եթե ոչ թե «Լիդիանն» է սխալվել, այլ այդ սխալը տեղի է ունեցել մեր օրենքների թերի լինելու պատճառով, մեր նախարարներն ու պաշտոնյաներն են շահագրգռված եղել և թույլտվություններ տվել, դա ներդրողի մեղքը չի։ Ու եթե պետք է օրենքներ փոխվեն, նաև այդ մասին պետք է հայտարարվի, որովհետև այսօր շատերին գայթակղում է ՀՀ օրենքների բարձիթողի վիճակը հանքարդյունաբերության ու էկոլոգիայի ոլորտում։

Մինչդեռ շատ երկրներում պահանջներն այնքան խիստ են, որ ներդրողները խուսափում են այդտեղ մտնել։ Այսինքն՝ ապագա ներդրողի համար կանխատեսելիությունն ու հստակությունը կարևոր հարցեր են»,- նշեց միության նախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս