«Մենք կունենանք ոչ թե վարչապետ, այլ թագավոր, դիկտատոր և բռնակալ». Շարմազանով. news.am
Ես համաձայն չեմ Գեւորգ Կոստանյանի կարծիքին: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Հանրապետական պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հայտարարությունն այն մասին, որ յուրաքանչյուր սթափ դատող մարդ պետք է վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում:
Ինչ վերաբերում է հարցին՝ ՀՀԿ-ն արդյոք թեկնածու կառաջադրի վարչապետի պաշտոնում Փաշինյանի հրաժարականի դեպքում արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, Շարմազանովը պատասխանեց, որ հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ Փաշինյանի միջեւ հուշագիրը, հաշվի առնելով, որ ՀՀԿ խմբակցությունը արդեն խորհրդարանական մեծամասնություն չէ, նույնիսկ եթե ՀՀԿ-ն տեսականորեն թեկնածու առաջադրի, չունի անհրաժեշտ 53 ձայնը: «Թեկնածուի առաջադրումը չպետք է ինքնանպատակ լինի: Թեկնածու առաջադրում են, եթե կա ձայների անհրաժեշտ քանակություն: Մենք ունեինք 49 ձայն, արդեն 48»,- նշեց նա:
Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ում չի քննարկվել վարչապետի թեկնածուի առաջադրման հարցը: «Միակ բանը, որ քննարկել ենք, որ գործընթացը պետք է ընթանա Սահմանադրությանը համապատասխան, որ հարկավոր է ապահովել խորհրդարանաի անկախությունը եւ որ գործադիր իշխանությունը չպետք է միջամտի օրենսդիր իշխանության աշխատանքին:
Այս բոլոր երեք կետերը Փաշինյանը եւ նրա կառավարությունը խախտել են…Եվ եթե կան իրավաբան պատգամավորներ կամ ոչ իրավաբաններ, որոնք այլ կարծիք ունեն այս հարցով….Կյանքը շարունակվում է եւ սա կանցնի: Մենք ավելի ուժեղ քաղաքական գործիչներ ենք տեսել, անձի պաշտամունք, որոնք մեկ կամ երկու տարուց զրո են դարձել: Իսկ այս բոլոր հեքիաթներն այն մասին, որ եթե Փաշինյանը չմնա, պետությունը կփլուզվի, թող իրենց պահեն: Եթե Փաշինյանը բռնապետության ճանապարհով է գնում, ես պետք է նրան պաշտպանե՞մ: Եթե երկրում ոչնչացնում են կարծիքների պլյուրալիզմը, իսկ պետության ղեկավարը խորհրդարանի ամբիոնից սպառնալիքներ է հնչեցնում եւ մարդկանց բերում է շենքի մոտ, ճնշում գործադրում, ես պետք է դա պաշտպանե՞մ», – վրդովվեց Շարմազանովը՝ նշելով, որ «այս բոլոր որոշումներն ընդունվել են ճնշման տակ»:
«Այդ հայհոյանքները եւ սպառնալիքները սոցցանցերում, 20-30 հազար մարդ խորհրդարանի մոտ: Ամեն մեկը չի կարող այդ ճնշմանը դիմանալ: Մնացել է ընդամենը մի քանի նման մազոխիստ, ինչպես մենք ենք»:
Նա նշեց, որ պետական մտածողության տեսանկյունից քննադատությունն օգտակար է իշխանության համար, քան շաբաթական 6 անգամ կարծիքի փոփոխությունը:
«Հայաստանին կարծիքների պլյուրալիզմ է պետք, եթե անգամ երկրում մեկ մարդ է մնում, որն այլ կերպ է մտածում, այդ այլախոհությունը հարկավոր է պաշտպանել: Իսկ վերջին 5 ամիսների ընթացքում Փաշինյանը եւ նրա կողմնակիցները փորձում են Հայաստանում ոչնչացնել կարծիքների պլյուրալիզմը:
Ես գիտեմ, որ այժմ շատերը կվրդովվեն իմ բառերից: Բայց ինձ պետք չէ պատգամավորական մանդատը: Ես այսօր գտնվում են Թուրքիայում եւ պաշտպանում եմ Հայաստանի շահերը: Եվ ոչ ոք չի կարող ասել, որ ես առաջնորդվել եմ անձնական եւ կուսակցական շահերով: Թող ոչ ոք չմտածի, որ հանրապետականները պայքար են մղում իրենց մանդատների համար: Խնդիրը բովանդակության մեջ է: Չի կարելի ոտնահարել Սահմանադրությունը, ճնշել խորհրդարանին: Հայաստանում չպետք է մարդ լինի, որն ինչն էլ անի, բոլորն ասեն, որ նա ճիշտ է: Ստալինը կերազեր, որ անձի նման պաշտամունք ունենար: Ուր ենք մենք գնում…»
Շարմազանովը նաեւ շնորհավորեց «Բարգավաճ Հայաստանին» եւ Փաշինյանին հուշագրի ստորագրման կապակցությամբ: «Դրանք քաղաքական գործընթացներ են, քաղաքականության մեջ ինձ ոչինչ չի զարմացնում»:
Հարցին՝ ինչպես են լինելու ըստ նրա հետագա քաղաքական զարգացումները, նա նշեց, որ կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
«Միթե, պարզ չէ: Վերջն արդեն եկել է: Հայաստանում բռնաբարել են Սահմանադրությունը եւ իշխանության տարանջատման սկզբունքները: Առաջին անգամ Հայաստանում գործադիր իշխանությունն ուժով ներխուժել է օրենսդիր իշխանության տարածք: Կոչեք դա ժողովրդի ցանկություն…Ինչպես ուզում եք անվանեք… Ժամանակին այդպես վարվեց Բոնապարտը, Հիտլերը, բոլշեւիկները նույնպես ժողովրդի անունով էին պաշտպանվում՝ տրոցկիստներին գնդակահարելով:
Արդեն կարեւոր չէ, թե ով ինչքան տոկոս կհավաքի: Սա վերջն է: Պլյուրալիզմը Հայաստանում մահացել է: Պարզապես մենք կունենանք ոչ թե վարչապետ, այլ թագավոր, բռնապետ կամ բռնակալ: Սա՞ էիք ուզում: Վայելեք: Ես այս ամենն ասում եմ, հասկանալով, որ Հայաստանի բնակչության մեծ մասի մոտ իմ խոսքերը հակառակ ռեակցիա կառաջացնեն; Բայց ես սա ասում եմ ինձ համար, որպեսզի իմ խիղճը մաքուր լինի: Ստացվում է, որ ով հավաքում է 20-30 կամ 100 հազար մարդ, կարող է ինչ ուզի անի՞: Սակայն քաղաքականության մեջ միշտ գործում է բումերանգի օրենքը: Ես այս ամենն ասում եմ նաեւ մեր սխալները հաշվի առնելով»,- եզրափակեց նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: