ԱՄՆ-ը կարող է թուլացնել պատժամիջոցները Իրանից նավթ ներմուծողների համար. Reuters

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է Իրանից նավթ ներմուծողների համար պատժամիջոցները թուլացնելու հնարավորությունը, որոնք կրճատում են հումքի գնումները Թեհրանից: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան կառավարության մի աղբյուրի:

Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ը դիտարկում է պատժամիջոցների հարցում զիջումների գնալու հնարավորությունը եւ պատրաստ է անհատական կարգով աշխատել այն երկրների հետ, որոնք կրճատում են ներմուծումը: Այս ֆոնին Brent մակնիշի՝ 2018 թվականի դեկտեմբերի մատակարարման նավթի ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE բորսայում նվազել է 1 տոկոսով եւ կազմել բարելի դիմաց 83,31 դոլար:

Ավելի վաղ Իրանի ազգային նավթընկերության (NIOC) ղեկավար Աքի Քարդորը հայտարարել է, որ Թեհրանը չի պլանավորում նվազեցնել նավթի արդյունահանման ծավալը, չնայած ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների սահմանման սպառնալիքին: Նրա խոսքով՝ Իրանը կշարունակի արդյունահանումը, «օգտագործելով իր ունեցած բոլոր հզորությունները», եւ երկիրը խնդիրներ չի ունենա նավթի վաճառքից դրամական միջոցների ստացման հարցում:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: «Վեցյակի մնացած անդամները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այդ քայլին: Վաշիգնտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ կնքված գործարքի պայմանները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս