
«Նիկոլ Փաշինյանն ազնիվ է իր նպատակների և քաղաքական ուղղվածության մեջ». Գևորգ Կոստանյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը գտնում է, որ Հայաստանում այս պահին ստեղծված քաղաքական իրավիճակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում վարչապետի մեկ այլ թեկնածու առաջադրելը կարող է քաղաքական ու հասարակական լուրջ ռեզոնանս արձանագրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Գևորգ Կոստանյանն արձանագրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ կա լայն հասարակական կոնսոլիդացիա, ուստի նրա հրաժարականի դեպքում մեկ այլ թեկնածու առաջադրելը կարող է արհեստածին լինել, իսկ արհեստական որևէ բանի ինքը կողմնակից չէ:
«Իմ խորին համոզմամբ՝ անկախ կուսակցական պատկանելությունից և դիրքորոշումների տարբերություններից, մի կարևոր սկզբունք կա: Այսօր կա իշխանություն: Եթե այդ իշխանությունը ձախողվեց, ձախողվում է ամբողջ երկիրը, ձախողվում է մեզանից յուրաքանչյուրը և մեզանից յուրաքանչյուրի երեխայի ապագան: Հետևաբար, ես ողջամտորեն չեմ կարծում, որ որևէ մեկն, անկախ կուսակցական շահերի հանգամանքից, կխոչընդոտի կամ պետք է խոչընդոտի ներկայիս իշխանության գործունեությանը:
Ընդհակառակը, իմ խորին համոզմամբ՝ ցանկացած ողջամիտ մարդ պետք է օժանդակի այսօրվա իշխանությանը և այսօրվա կառավարությանը, որովհետև դա է երկրի առաջընթացի երաշխիքը: Իսկ մեր խնդիրը, ես չեմ կարծում, թե որևէ մեկի նեղ կուսակցական, նեղ անձնական կամ նեղ քաղաքական շահերն են:
Բոլորի մտահոգությունը՝ իմը հատկապես և մասնավորապես, երկրի ճակատագրին է վերաբերվում: Կա լայն հասարակական կոնսոլիդացիա հենց Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ, և դա նշանակում է, որ եթե մենք ունենք հասարակական կոնսոլիդացիա, հետևաբար, այսօրվա իշխանությունը և Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ, ունի ժողովրդական և հանրային աջակցություն, որն օժանդակության կարիք ունի նաև իրավական հարթության մեջ:
Այս պայմաններում, եթե որևէ քաղաքական ուժ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարականի դեպքում առաջադրի վարչապետի իր թեկնածուն, սա շատ լուրջ քաղաքական ու հասարակական ռեզոնանս է առաջացնելու: Եթե կա որևէ վարչապետի թեկնածու, որն ունի առնվազն նույնքան կամ ավելի հասարակական կոնսոլիդացիայի հիմք, մենք կարող ենք քննարկել, բայց ես չեմ տեսնում:
Հետևաբար, ես կարծում եմ, որ այս իրադրության պայմաններում որևէ ձևով վարչապետի այլ թեկնածու առաջադրելը կարող է արհեստածին լինել և, ըստ էության, խոչընդոտել, որովհետև եթե չկա հանրային կոնսոլիդացիա, դա մեխանիկորեն կհանգեցնի արհեստականության, իսկ արհեստական որևէ բանի ես երբեք կողմնակից չեմ»,- ասել է Կոստանյանը:
Պատգամավորը հավելել է, որ ինչքանով ես այս ընթացքում համոզվել է Նիկոլ Փաշինյանն ազնիվ է իր նպատակների մեջ, ազնիվ է իր ցանկությունների մեջ, ինչը իր համար չափազանց կարևոր նշանակություն ունի: «Նա ազնիվ է իր քաղաքական ուղղվածության մեջ, որը ինձ համար ընդունելի է անձնապես: Այլ հարց է, թե դա հիմա ինչ չափով է իրականացվում: Իմ ասածը հետևյալն է՝ եթե ես գտնում եմ, որ նպատակների, ցանկությունների, գործողությունների մեջ կա այդ ազնվությունը և երկրի բարօրության համար է իրականացվում, ես միշտ կկանգնեմ իր կողքին ցանկացած պահի»,- ասել է Գևորգ Կոստանյանը:
Փաշինյանն ազնիվ է, ես ամբողջությամբ աջակցում եմ նրան. Կոստանյան
Փաշինյանն ազնիվ է, ես ամբողջությամբ աջակցում եմ նրան. Գևորգ Կոստանյան
Gepostet von Ազատություն ռադիոկայան am Montag, 8. Oktober 2018