Բաժիններ՝

Տիեզերագնաց Անտոն Շկապլերովը Հայաստան բերեց տիեզերքում 197 օր անցկացրած ՀՀ պետական դրոշը

«Զվարթնոց» օդանավակայան հոկտեմբերի 6-ին ժամանեց փորձարկիչ տիեզերագնաց, Ռուսաստանի Դաշնության հերոս Անտոն Շկապլերովը, ով իր հետ բերեց Միջազգային տիեզերական կայանում 197 օր անցկացրած Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: Լրագրողների հետ զրույցում Շկապլերով նշեց, որ ինքն ավելի քան 8 հազար անգամ պտտվել է Երկրի շուրջը, տիեզերքից բազմաթիվ անգամ տեսել է Հայաստանը, Երևանը և Սևանա լիճը, նկարել այդ տեսարանները և տեղադրել սոցիալական ցանցի իր էջում:

«Ես երազում էի լինել Հայաստանում և շնորհիվ բարերար Հրաչյա Պողոսյանի հնարավորություն ունեցա ժամանել և ավելի մոտիկից ծանոթանալ երկրի հետ: Ցավոք, կարճ ժամանակով եմ գալիս՝ ընդամենը երեք օր, որովհետև ներկայումս տիեզերական թռիչքից հետո վերականգման փուլում եմ գտնվում, սակայն կհասցնեմ գոնե հիմնական տեսարժան վայրերն ուսումնասիրել: Կարծում եմ՝ մյուս անգամ ավելի երկար ժամանակով կգամ»,- ասաց Շկապլերովը:

Տիեզերագնացը պատրաստվում է դրոշը նվիրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Շկապլերովը նաև հայտնեց, որ երկու շաբաթ հետո տիեզերագնաց Օլեգ Արտեմևը Հայաստան է բերելու Երևանի դրոշը:

Անտոն Շկապլերովը Հայաստան է ժամանել պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանի հրավերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս