
Facebook-ը հետաքննության օբյեկտ է դարձել տվյալների խոշոր արտահոսքից հետո

Իռլանդիայի տվյալների պաշտպանության հանձնաժողովը՝ Եվրամիության գլխավոր կարգավորիչը, Facebook սոցիալական ցանցից տվյալների արտահոսքի հետաքննություն է սկսել, որի հետեւանքով չարագործները կարողացել են մուտք գործել 50 մլն օգտահաշիվներ: Այդ մասին ասված է հանձնաժողովի հայտարարության մեջ:
«Հետաքննության ընթացքում ստուգվելու է, թե Facebook-ը կատարել է արդյոք համապատասխան տեխնիկական ու կազմակերպչական միջոցներ ձեռնարկելու իր պարտավորությունը, որոնք ապահովում են անձնական տվյալների անվտանգության ապահովումը»,- նշվում է փաստաթղթում:
Ինչպես ճշտում է Guardian թերթը, եթե պարզվի, որ Facebook-ը խախտել է կանոնները, նրան տուգանք է սպառնում մինչեւ 1,63 մլրդ դոլարի չափով:
Խոցելիությունը, որը հաքերներին թույլ է տվել տիրանալ ուրիշների օգտահաշվիներին, ընկերության ինժեներների կողմից հայտնաբերվել էր սեպտեմբերի 24-ին: Այդ արտահոսքը հավանաբար ամենաընդգրկունն է դարձել սոցիալական ցանցի պատմության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: