Գլենդելի դպրոցներից մեկում հայ և մեքսիկացի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի դպրոցներից մեկում ծեծկռտուք է եղել հայ և մեքսիկացի աշակերտների միջև:
Այս մասին տեղեկացնում է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականը:
Լուրը սկզբում տարածվել է սոցիալական ցանցերում, ապա պարզ է դարձել, որ ծեծկռտուքը սկսվել է երկու աշակերտի միջև, ապա ներգրավվել է տասնյակից ավելի աշակերտ: Այն դպրոցի տնօրինությունը, որտեղ սովորում են աշակերտները, ոստիկանություն է կանչել:
Գլենդելի ոստիկանության խոսնակ Դեն Սեթլզը նշել է, որ ոչ ոք չի տուժել, զենք չի կիրառվել և միջադեպն արագ հարթվել է:
Ոստիկանությունը դեռևս չի պարզել ծեծկռտուքի պատճառը, սակայն աշակերտները մասնավոր զրույցներում նշել են, որ այն երկու խումբ աշակերտների միջև է եղել:
Օրվա կեսից՝ միջադեպի պատճառով, դասերն ընդհատվել են, փակվել հարակից տարրական և միջնակարգ դպրոցները՝ որպես անվտանգության լրացուցիչ միջոցառում:
«Մենք արագ կապ հաստատեցինք համայնքի մեր գործընկերների հետ: Միջադեպը ոստիկանության օպերատիվ գործողությունների շնորհիվ արագ հարթվեց: Արտակարգ իրավիճակներում մենք պետք է կարողանանք ճկուն լինել»,- ընգծել է Գլենդելի դպրոցների միացյալ մարմնի ղեկավար Ուինֆրեդ Ռոբերտսոնը:
Նրա խոսքով՝ աշակերտների միջև հակասությունը վերացնելու և խնդիրը հասկանալու համար դպրոցն առաջիկայում կլինի կրթօջախների ղեկավար մարմնի ուշադրության առանցքում: