«Վարչապետն այնքան էլ լավ չի տիրապետում բիոլաբորատորիաներին վերաբերող ինֆորմացիային». Գրիգոր Գրիգորյան
«Վարչապետն այնքան էլ լավ չի տիրապետում այն ինֆորմացիային, որը վերաբերում է կենսաբանական լաբորատորիաներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Սննդի անվտանգության պաշտպանության ծառայության առաջին պետ Գրիգոր Գրիգորյանը՝ անդրադառնալով ռուսաստանցի մասնագետների՝ Հայաստանում ամերիկյան ներդրումներով ստեղծված բիոլաբորատորիաներ մուտք գործելու փաստին:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին «Կոմերսանտին» տված հարցազրույցում հայտարարել էր, որ ռուս մասնագետներին թույլ են տվել Հայաստանում ԱՄՆ ներդրումներով ստեղծված լաբորատորիաներ մուտք գործել, ուր զբաղվում են կենսաբանական նյութերի ուսումնասիրությամբ. «Մենք պատրաստ ենք համագործակցության, և արդեն ռուս մասնագետները գտնվել են այնտեղ ու համոզվել, որ այդ լաբորատորիաներում ոչ մի սարսափելի բան չկա»,- ասել էր վարչապետը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անհանգստություն է հայտնել` կապված Վաշինգտոնի` ռազմակենսաբանական ոլորտում Ռուսաստանի սահմանների մոտ Պենտագոնի ցուցաբերած կենսաբանական ակտիվության հետ: Ըստ նրա՝ ԱՄՆ գործողություններն իրականացվում են ամերիկյան ռազմական գերատեսչության հետաքրքրությունների շրջանակում, այլ ոչ մարդասիրական նպատակներով, ինչպիսիք են կանխարգելումը, նախկին ԽՍՀՄ հանրապետություններում ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարը:
«Մեր ունեցած տեղեկություններով՝ եղել են մանրէաբաններ՝ սարատովյան մանրէաբական ինստիտուտից, ովքեր մտել, ուսումնասիրություններ են անցկացրել, բայց դա չի եղել զուտ գնահատական, որովհետև արդեն Իրանն էլ է հետաքրքրված և ցանկանում է մուտք ունենալ այդ լաբորատորիաներ, որպեսզի ստուգումներ անցկացնի։ Մեր գործընկերները հետաքրքրված են կենսաբանական զենք հանդիսացող կամ օգտագործվող հարուցիչների հնարավոր օգտագործման մեթոդներով»,- հայտարարեց Գրիգոր Գրիգորյանը։
Փորձագետի խոսքով՝ Հայաստանը հստակ պարտավորություններ ունի կենսաանվտանգության ոլորտում. անկախությունից ի վեր Հայաստանը ստորագրել է պայմանագիր կենսաբանական զենքի տարածման, կանխարգելման վերաբերյալ, որը վավերացրել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ: Դրանից հետո նաև ՀԱՊԿ-ի շրջանակում է պայմանագիր կնքվել, որով կողմերը պարտավորվում են չձեռնարկել ոչ մի գործողություն, որ կարող են հակասել ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգությանը:
Գ. Գրիգորյանի խոսքով՝ ոլորտն ուսումնասիրողները պետք է մասնագետներ լինեն, այլ ոչ թե հիմնվեն մյուս մասնագետների կարծիքների վրա. «Եթե ԱԱԾ կուրատորն ինձ հարց տա, ես միջազգային փորձագետ եմ, կարող եմ այս կամ այն կողմի օգտին խոսել։ Ազգային անվտանգությանը չի կարելի մոտենալ սիրողական մակարդակով, այսինքն՝ ուսումնասիրությունները պետք է կատարեն հենց ԱԱԾ-ի մասնագետները»։
Հայաստանում ամերիկյան ներդրումներով ստեղծված բիոլաբորատորիաներում, ըստ նրա՝ աշխատում են հայ մասնագետներ, ովքեր բավականին լուրջ վերապատրաստում են անցել, ունեն բարձր մասնագիտական որակներ. «Այլ հարց է, թե ուսումնասիրությունն ինչ ոլորտում է կատարվում»։
Գրիգոր Գրիգորյանը նշեց, որ Առողջապահության նախարարությունը տարիներ շարունակ հրապարակում էր վիճակագրական տվյալներ վարակիչ հիվանդությունների վերաբերյալ, բայց այժմ վիճակագրությունը չի հրապարակվում:
«Երբ որ ստեղծվեց հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնը, ամեն ամիս հրապարակվում է զեկույց, որում Հայաստանի համաճարակաբանական իրավիճակն արտացոլված էր: Դա շատ կարճ տևեց՝ ապրիլից սեպտեմբեր: Վերջին զեկույցում՝ սեպտեմբերին, արդեն արձանագրվում էր բրուցելյոզ հիվանդության աճ: Դրանից հետո այլևս զեկույց չհրապարակվեց: Մեզ մոտ վիճակագրությունը չի հրապարակում, թե քանի հիվանդություն ենք ունեցել կենդանիների շրջանում, քանի բռնկում ենք ունեցել բույսերի շրջանում: Վերջին 10 տարիներին, երբ որ այդ հարցը բարձրանում է, ասում են՝ դա ստրատեգիկ նշանակություն ունեցող ինֆորմացիա է: Բայց եթե դա գաղտնիք է, ո՞նց ենք մենք այդ ինֆորմացիան տրամադրում 3-րդ կողմին։ Մեր ռուս և պարսիկ գործընկերների հետաքրքրությունը ես կարող եմ հասկանալ»։
Հատուկ վտանգավոր հիվանդություններով զբաղվող լաբորատորիան, ըստ նրա՝ չի կարող բաց լինել հանրության համար, ինչպես հայտարարվում է. «Դա սխալ է։ Այստեղ մենք ունենք մի քանի խնդիր՝ Հայաստանի կենսաբանական պաշտպանության մակարդակը շատ ցածր է, այսինքն՝ մենք ունենք որոշակի արձագանքման մեխանիզմներ, բայց ինչ վերաբերում է հետազոտություններին, կանխարգելմանը, չունենք նման մեխանիզմ։ Չունենք ազգային համակարգ, որը կհավաքագրի համապատասխան ինֆորմացիան»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում