
Մակեդոնիայի վերանվանման շուրջ հանրաքվեն ճանաչվել է չկայացած

Մակեդոնիայի Հանրապետության վերանվանման մասին Հունաստանի հետ միջկառավարական պայմանագրի ստորագրման հարցի շուրջ հանրաքվեն, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին, ճանաչվել է չկայացած: Այդ մասին Սկոպիեում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Պետական ընտրական հանձնաժողովի (ՊԸՀ) նախագահ Օլիվեր Դերկոսկին բոլոր քվեաթերթիկների հաշվումից հետո:
«2018 թվականի հանրաքվեում քվեարկության հաստատված արդյունքի համաձայն, որոշում չի ընդունվել, քանի որ չի քվեարկել ընտրացուցակներում նշված ընտրողների ընդհանուր թվի կեսը»,-նշել է նա:
ՊԸՀ-ի ղեկավարը հայտնել է, որ հանրաքվեում քվեարկության արդյունքները «Ծառայողական լրաբերում» կհրապարակվեն դրա անցկացման օրվանից 15 օրվա ընթացքում: Դրանք նաեւ կուղարկվեն Մակեդոնիայի Հանրապետության խորհրդարան եւ միաժամանակ կհրապարակվեն ընտրական հանձնաժողովի կայքում: ՊԸՀ-ի տվյալներով՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 36,91 տոկոս: Հունաստանի հետ միջկառավարական պայմանագրի օգտին հանդես է եկել քվեարկածների ընդհանուր թվի 91,46 տոկոսը (ավելի քան 609 հազար քաղաքացի), դեմ՝ 5,65 տոկոսը:
Սեպտեմբերի 30-ի հանրաքվեում քաղաքացիներին առաջարկվել էր պատասխանել մեկ հարցի՝ «Պաշտպանում եք դուք արդյոք անդամակցությունը ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին՝ ընդունելով Մակեդոնիայի Հանրապետության եւ Հունաստանի Հանրապետության միջեւ համաձայնագիրը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: