
Ազնավուրը միշտ եղել է մեր պայքարի կողքին՝ լիներ Արցախի, թե Հայոց ցեղասպանության հետ կապված. Մուրադ Փափազյան

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահը մեծ կորուստ է հայ ազգի համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:
«Շառլ Ազնավուրի աշխատանքն անգնահատելի է: Նա միշտ եղել է մեր պայքարի կողքին՝ լիներ Արցախի, թե Հայոց ցեղասպանության հետ կապված հարցեր: Շարլ Ազնավուրը զորավիգ է եղել մեր պահանջներին: Հայ ժողովուրդն ուներ Շարլ Ազնավուր, ով մեծ արժեք էր միջազգային մշակույթում: Շատ ազգեր հայերին ճանաչում էին հենց Շարլ Ազնավուրով: Մեզ համար, իսկապես, մեծ կորուստ է, ցավակցություններս եմ հայտնում ոչ միայն ընտանիքին, այլև հայ ժողովրդին»,-ասաց Մուրադ Փափազյանը:
Հոկտեմբերի 1-ին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է 94 տարեկան հասակում: