
Ինդոնեզիայի փրկարարները չեն կարողանում կապ հաստատել Սուլավեսիի երկու խոշոր շրջանների հետ

Ինդոնեզիայի փրկարարները չեն կարողանում հասնել Կենտրոնական Սուլավեսիի նահանգի երկու խոշոր շրջաններում գտնվող բնակավայրեր, քանի որ ճանապարհներն ավերված են երկրաշարժի պատճառով: Այդ մասին լրագրողներին հայտնել է Տարերային աղետների կանխման ազգային գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Սուտոպո Նուգրոխոն:
«Շատ լուրջ իրավիճակ է ստեղծվել Դունգալայի շրջանում, որտեղ գտնվում էր սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը: Այնտեղ ստորգետնյա ցնցումները շատ ավելի ուժեղէին, քան նահանգի վարչական կենտրոն Պալուում»,-ասել է պաշտոնյան: Ըստ վերջին տվյալների, միայն այդ քաղաքում զոհվածների թիվը գերազանցել է 1,2 հազարը:
Սուտոպո Նուգրոխոն նաեւ պատմել է, որ Դունգալայում «շատ ավելի հզոր ցունամիի է գրանցվել, երբ ալիքների բարձրությունը հասել է 7 մետրի»: Նա նաեւ նշել է, որ «լուրջ մտահոգություն է առաջացնում նաեւ Սիգի շրջանի իրադրությունը, որտեղ, երկրաշարժից բացի, գրանցվել են սելավահոսքեր»: «Մենք առաջվա պես լիարժեք կապ չունենք այդ շրջանների հետ»,-հավելել է գործակալության ներկայացուցիչը:
Ընդհանուր առմամբ այն շրջաններում, որտեղ զգացվել է երկրաշարժը, ինչպես նաեւ դրան հաջորդած ցունամին, բնակվում է մոտավորապես 1,4 մլն մարդ: Մինչ այս պահը նաեւ հայտնի է հարյուրավոր վիրավորների մասին, անօթեւան է մնացել ավելի քան 16 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: