«Մանչեսթեր Յունայթեդը»՝ Զիդանի հետ բանակցությունների մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը մոտ գտնվող աղբյուրներն անհիմն են համարում այն խոսակցությունները, ըստ որոնց՝ մանկունյանցիները սկսել են բանակցել մարզիչ Զինեդին Զիդանի հետ:
Զիդանը հետաքրքրված է մանչեսթերյան ակումբում աշխատանքով, սակայն մանչեսթերյան ակումբից հերքել են նրա հետ բանակցություններ սկսելու մասին խոսակցությունները:
The Telegraph-ի տվյալներով՝ ակումբում միայն թեթև քննարկում է եղել այն մասին, որ Ժոզե Մոուրինիոն կարող է հեռանալ մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից:
Ավելի վաղ անգլիական մամուլը գրել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» մի քանի ֆուտբոլիստներ զայրացած և հիասթափված են գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի աշխատանքի մեթոդներից:
Պորտուգալացի մասնագետին աջակցում է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների միայն մի փոքր մասը: Խաղացողներից մեկն անգամ ասել է, որ Մոուրինիոյի ղեկավարության ներքո դեգրադացվել է, հայտնում է ESPN-ը՝ մեջբերելով ակումբին մոտ կանգնած աղբյուրներին:
Այնուամենայնիվ, «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը և անձամբ գործադիր փոխնախագահ Էդ Վուդվորդը հասկացրել են խաղացողների ներկայացուցիչներին, որ իրենք լիովին աջակցում են Մոուրինիոյին:
Սիրարփի Աղաբաբյան