
«Տրամի» թայֆունը մարդկային կյանքեր է խլել Ճապոնիայում

Առնվազն երկու մարդ է զոհվել, եւս երկուսն անհայտ կորած են համարվում Ճապոնիայում մոլեգնող «Տրամի» թայֆունի պատճառով, որը թվով 24-րդն է այս տարի: Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը: Նրա տվյալներով՝ զոհեր են գրանցվել Տոտորի եւ Յամանասի պրեֆեկտուրաներում:
Եվս երկու հոգու որոնումները շարունակվում են Տոտորի եւ Միյաձակի պրեֆեկտուրաներում: Ճապոնիայի 19 պրեֆեկտուրաներում վնասվածքներ Է ստացել 127 մարդ:
«Տրամի» թայֆունը Ճապոնիա էր հասել սեպտեմբերի 30-ին՝ քամու ուժեղ պոռթկումներով ու անձրեւներով անցնելով ամբողջ երկրով՝ Օկինավայից մինչեւ Հոնսյու կղզու հյուսիսային շրջան: Իշխանությունները սողանքների ու հեղեղումների սպառնալիքների կապակցությամբ կարգադրել էին 3,8 մլն մարդ տարհանել ամբողջ երկրում: Վաղօրոք չեղարկվել էր գնացքների երթեւեկությունը:
Փակվել էր Օսակայի «Կանսայ» միջազգային օդանավակայանը, չեղարկվել էր ավելի քան հազար չվերթ: Տոկիոյում ու նրա արվարձաններում առանց էլեկտրականության էր մնացել շուրջ 450 հազար բնակարան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: