«Ամայացած քաղաքական դաշտում շուտափույթ նոր, նույնիսկ մաքուր ընտրություններ անցկացնելը, չի նպաստի այդ խնդրի լուծմանը»
ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի կարծիքը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ.
«Հայաստանն ունի բազմաթիվ ներքին պրոբլեմներ: Տարիներ շարունակ դրանք չլուծելը, որոշ խնդիրների էլ խորացումը հանգեցրեց ապրիլ-մայիսյան ընդվզմանն ու համաժողովրդական շարժմանը։
Բոլոր ներքին հիմնախնդիրները (հովանավորչություն, կոռուպցիայի բարձր մակարդակ, անպատժելիություն, բարեխիղճ տնտեսական մրցակցության բացակայության պատճառով ոչ արդյունավետ տնտեսական համակարգ և այլն) աճել են մեկ արմատից՝ պերմանենտ կեղծվող ընտրություններից՝ սկսած 1995 թվականից, որը հետզհետե հասցրեց քաղաքական դաշտի փլուզման և ամայացման, գաղափարական-ծրագրային լուրջ կուսակցությունների և քաղաքական մրցակցության վերացման: Դա արդեն ինքնըստինքյան դարձել է պետական կառավարման լուրջ խոչընդոտ:
Եթե ուզում ենք բուժել հասարակությունը, ունենալ ժողովրդավարական պետությանը բնորոշ մրցակցային քաղաքական լուրջ կուսակցություններ, ազատ ընտրությունների միջոցով նպաստել պետական ինստիտուտների զարգացմանը, ապա ամայացած քաղաքական դաշտում շուտափույթ նոր, նույնիսկ մաքուր ընտրություններ անցկացնելը, իմ կարծիքով, չի նպաստի այդ խնդրի լուծմանը, այլ հակառակը՝ կխորացնի այն:
Անգամ հաղթանակի իրական հավակնություն և հնարավորություն ունեցող կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», ըստ ժողովրդավարական երկրի չափորոշիչների, դեռևս կազմավորման ընթացքի մեջ է՝ իր զինանոցում ունենալով հիմնականում միայն մեկ գլխավոր ակտիվ՝ ժողովրդի որոշակի հատվածի սերը կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:
Հետևաբար ի՞նչ է պետք անել:
Առաջին՝ ընդունել օրենք կամ կառավարության որոշում կուսակցությունների զարգացման մասին (այդ թվում և կուսակցությունների պետական ֆինանսավորման), միաժամանակ փոփոխել «Կուսակցությունների մասին» օրենքը:
Երկրորդ՝ ընդունել նոր ընտրական օրենսգիրք,որը կհամապատասխանի ժամանակակից պետության չափորոշիչներին և կապահովի ինչպես տեղական, այնպես էլ համապետական շահերի առկայությունը նորընտիր Ազգային ժողովում:
Այս ամենն անելուց հետո միայն, նախապես հայտարարելով ողջամիտ ժամկետ, անցկացնել խորհրդարանական ընտրություններ:
Այս ողջ գործընթացի վերաբերյալ այժմյան Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները պետք է գան կամավոր համաձայնության, այդ ամենը հռչակեն որպես նպատակ և պաշտոնապես հանդես գան հայտարարությամբ՝ հանրության առջև պարտավորվելով նաև, որ մինչև նոր ընտրությունները կնպաստեն ներկա կառավարության արդյունավետ գործունեությանը: Անհրաժեշտության դեպքում ԱԺ խմբակցությունների ձեռք բերած պայմանավորվածությունն ամրագրել իրենց կուսակցությունների համագումարների որոշումներով:
Իսկ այդ պարտավորության իրականացման դատավորը կլինի մեր հասարակությունը»: