Բաժիններ՝

«Մենք Հայաստանում լավագույն կոնյակն ենք արտադրում». «Արարատի» գինու գործարանում խաղողի մթերման ակտիվ շրջան է

«Արարատի» գինու գործարանում խաղողի մթերման ակտիվ շրջան է։ Ավելի քան 1 դար գործող ընկերության համասեփականատեր Հարություն Սարգսյանը գոհ է մթերման ընթացքից և խաղողի որակից։

«Մենք ի վիճակի ենք ընդհանրապես մինչև 20 հազար տոննա խաղող մթերելու։ Ինչքան լինի, կմթերենք։ Վերջին տարիներին մենք միշտ առաջիններից ենք բացել մթերման շրջանը և վերջինն ենք փակել, այսինքն՝ որևէ տեղ արդեն խաղող չէր ընդունվում, մենք դեռ ընդունել ենք, և ուշացած ֆերմերներն իրենց բերքն այստեղ են բերել, և մենք վճարումը կատարում ենք տեղում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հ. Սարգսյանը։

Ըստ նրա՝ այս տարի խաղողի բերքի որակը բավարար է, և անցած տարիների դժգոհությունը պակասել է, իսկ խաղողի գինն ընկերությունը բարձրացրել է՝ 1 կիլոգրամը 145 դրամ՝ անցած տարվա 120 դրամի փոխարեն։ Սարգսյանի խոսքով՝ գինը շուկան է թելադրում, դրա վրա ազդում են նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Գործարանն իր արտադրանքը՝ «Քարերի աշխարհ» բրենդով, հիմնականում արտահանում է ԱՊՀ երկրներ, փորձ է արվել նաև Կորեա, Իսրայել, Եվրոպա արտահանել, սակայն Ռուսաստանի պահանջարկն ամենամեծն է, և այդ շուկան չեն ուզում կորցնել։

«Մենք Հայաստանում լավագույն կոնյակն ենք արտադրում, մենք մեր որակի համար պատասխանատու ենք։ Մենք աշխատում ենք ռուս գործընկերների հետ, որոնք որակին շատ մեծ տեղ են տալիս»,- ասաց Հ.Սարգսյանը՝ հավելելով, որ 3 մլն եվրոյի ներդրում է իրականացվել, և խորհրդային տարիների ցիստեռնները փոխարինվում են նորերով, որը թույլ կտա շատ ավելի քանակի խաղող ընդունել։

Վանաշեն գյուղից խաղողագործ Գագիկ Մովսիսյանը մեզ հետ զրույցում գոհունակություն հայտնեց ընկերության աշխատանքից՝ մթերման գինը, թեև շատ չէ, բայց բարձրացրել են, մնում է միայն հասցնեն ամբողջ բերքը հավաքել ու հանձնել։ Վեգետացիայի ընթացքում Մովսիսյանը խնդիր է ունեցել միայն ոռոգման հետ կապված. «Քո ուզած ժամանակ չես կարողանում ջրես, իսկ եթե ամեն ինչ իր ժամանակին չի արվում, տուժում ես»։

Արարատ գյուղից Արմեն Բալայանի խոսքով՝ մթերման մասին նախօրոք պայմանավորվածությունն օգնում է գյուղացիներին։ Խաղողագործի խոսքով՝ իր դժգոհությունը եղանակային պայմաններից էր, որ ամառը շատ շոգ էր, և շատ բերք է չորացել։

«Աստծո հաջողությունը լինի, մի քիչ գոնե ավելի բարձր գներով մթերեն խաղողը։ Կառավարությունը գործարանատերերին սատար կանգնի, ցածր տոկոսներով վարկեր տան, որ մեր շահույթն էլ մի քիչ շատանա»,- ասաց Բալայանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս