Բաժիններ՝

Հայկական որոշ ապրանքներ բարձր մաքսատուրքերի պատճառով չեն արտահանվում ԵՄ երկրներ և դառնում են անմրցունակ

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու խոսքով՝ Եվրամիությունը Հայաստանի արտահանման ամենամեծ շուկան է և այսօր ԵՄ-ն ցանկանում է առևտուրը ընդալայնել և աջակցել ՀՀ կառավարությանը՝ արտահանման և ներդրումների ոլորտում երկկողմ հաջողության հասնելու համար, ԵՄ դեպսանը նման տեսակետ հայտնեց ՀՀ տնտեսական և ներդրումների նախարարությունում Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ/CEPA) շրջանակներում մեկնարկած բիզնես ֆորումի ընթացքում։

«Ֆորումի ընթացքում մենք կքննարկենք համատեղ առևտրի հնարավորությունները։ Այս նոր համաձայնագիրը կօգնի, որպեսզի նոր ներդրումներ իրականացվեն Հայաստանում, և մեծանա Հայաստանի և Եվրամիության միջև առևտրաշրջանառությունը։ Այդ ամենին հասնելու համար ՀՀ-ն կընդունի կարգավորող շրջանակներ, որով կհամահարթեցնի հարաբերությունները ԵՄ շուկայի հետ։ Միասին կքննարկենք, թե ինչ պետք է արվի, որպեսզի Հայաստանն ավելի գրավիչ լինի ներդրումների համար, մենք բաց ենք հայ գործարարների կողմից արվող տարբեր առաջարկների համար։ Համոզված եմ, որ եվրոպական ընկերությունները շատ լավ վերլուծում են ՀՀ-ի շուկան՝ իրենց ներդրումներն այստեղ կատարելու համար։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին նաև ֆինանսական խնդիրները լուծելու համար»,- նշեց Պ. Սվիտալսկին։

Ըստ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանի՝ հայ գործարար շրջանակները պարբերաբար բարձրաձայնում են խնդիրներ, որոնք կարիք ունեն լուծելու, ուստի այս բիզնես ֆորումի ընթացքում փորձելու են գտնել լուծման մեխանիզմներ։

«Օրինակ, ԵՄ-ում կան մատչելի վարկային միջոցներ, որը բիզնեսին պետք է տա հնարավորություն ավելի հասանելի և մատչելի վարկեր ստանալ՝ ձեռնարկությունների ընդլայնման և նոր գործ հիմելու համար, սակայն դրա հետ կապված՝ գործարարները կանգնում են մի շարք խնդիրների առաջ։ Մեր նպատակն է՝ խոսել այդ բոլոր խնդիրների մասին, վերաձևել այն բոլոր ծրագրերը, որոնք ապագայում ունենալու ենք ԵՄ գործընկերների հետ»,- փաստեց Մ. Ադամյանը։

Հարցին, թե ներդրումների համար Հայաստանում ո՞ր ոլորտներն են պատրաստվում առաջարկել եվրոպացի ներդրողներին, Մանե Ադամյանը նկատեց, որ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայանագրով ներդրումային կոմպոնենտը դեռեևս ներառված չէ բանակցային գործընթացքում։

«Խոսքն այստեղ x քանակով ներդրումների մասին չէ, քանի որ համաձայնագիրն ապահովում է այն իրավական շրջանակը, որը թույլ է տալիս խթանելու ներդրումները։ ՀՀ կառավարության գերակա բոլոր ոլորտներում մենք ունենք առաջարկելու նյութ, վերականգնվող էներգետիկա, բարձր տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, գյուղմթերքի վերամշակում և այլն»,- շեշտեց փոխնախարարը։

Չնայած GPS+ համակարգին, հայաստանյան մի շարք արտադրողներ կանգնած են իրենց արտադրանքը ԵՄ երկրներ արտահանելու մեծ խնդիրի առջև, օրինակ՝
Երևանի շոկոլադի գործարանը փաստացի չի կարող շոկոլադ արտահանել ԵՄ երկրներ։ Գործարանի արտահանման ավագ մասնագետ Հռիփսիմե Գևորգյանը փաստեց, որ ներմուծողի կողմից բարձր մաքսատուրքերը թույլ չեն տալիս արտադրանքն արտահանել, որի արդյունքում էլ արտադրանքը դառնում է անմրցունակ։ Գործարանի ներկայացուցիչը պատրաստվում էր բիզնես ֆորումի ժամանակ եվրոպացի գործարարների մոտ բարձրաձայնել այս խնդրի մասին։

«Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն» ուղղված է ԵՄ-Հայաստան համագործակցության մակարդակի բարձրացմանն ու շրջանակի ընդլայնմանը։ Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակի, ինչպես նաև Համագործակցության և Գործընկերության համաձայնագրի համեմատությամբ, այս համաձայնագիրն ավելի է բարելավում երկկողմ պայմանները։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս