«Անհատապաշտությամբ այսօր պետություն չենք կառուցի». Կոմիտաս վարդապետ

Արդեն մի քանի օր է՝ Հայաստանում ստեղծվել է «Քաղաքացիական հարթակ» երիտասարդական հասարակական նախաձեռնություն, որի նպատակն է՝ վեր հանել այն բոլոր խնդիրները, որոնք ի հայտ են եկել Հայաստանում իշխանափոխությունից հետո՝ այլասերվածության, աղանդների քարոզ, խոսքի ազատության և կարծիքի արտահայտման սահմանափակում և այլն: Ի տարբերություն ներկայիս իշխանության, որ, նախաձեռնության անդամների խոսքով՝ այս ամենը կանխելու համար ոչինչ չի անում, նախաձեռնությունը փորձելու է գտնել նշված խնդիրների լուծման ճանապարհները:

Կոմիտաս վարդապետ Հովնանյանն անդրադառնալով Հայաստանի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին և աղանդների քարոզին՝ նկատեց, որ Հայաստանը տարբեր ժամանակաշրջանում տարբեր խնդիրների առջև է կանգնած եղել, և թշնամին հայ ժողովրդին ոչնչացնելու համար նախ՝ փորձել է նրան կտրել Մ այր եկեղեցուց;

«Հայ Առաքելական եկեղեցին է եղել այն ուժը, որը պետականության բացակայության պայմաններում պահպանել է հայի ինքնությունը: Եթե այսօր ցանկանում են վերացնել հայ ժողովրդի գոյատևման հիմքը, նախ պետք է վերացնեն եկեղեցին: Բավական է ավանդական եկեղեցիների վերացումը, որպեսզի ժողովրդին ոչնչացնեն, այդ պատճառով էլ ամեն ինչ արվում է, և քանի որ Արևմուտքը մեզ շատ է «սիրում», աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ: Մենք պետք է հասկանանք, որ անհատապաշտությամբ այսօր պետություն չենք կառուցի, այն ազգը, որը չունի սրբության գաղափար, նա ոչինչ է: Ազգին պետք է պահենք ազգային գաղափարախոսության ներքո»,- ընդգծեց Կոմիտաս վարդապետը:

«Զորակցություն հայրենյաց պաշտպանին» հայրենակցական հ/կ նախագահ Անի Կարապետյանն էլ խոսելով իշխանափոխությունից հետո երկրում տիրող մթնոլորտի մասին՝ նշեց, որ իշխանության հայտարարած սիրո և համերաշխության հեղափոխության փոխարեն, անձամբ տեսնում է, որ այն պարզապես ատելության հեղափոխություն էր:

«Մեր երկրում տիրում է սարսափելի մթնոլորտ, ինչը վտանգավոր է մեր երկրի և ազգային ինքնության պահպանության համար: Ժողովուրդն այսօր հոգեբանական կազուսի մեջ է, մենք շատ լավ տեսնում ենք, որ ներկայիս իշխանությունները ժողովրդավարությունն իրականացնում են միայն նույնասեռականների և աղանդավորականների համար: Պարզ երևում է, որ աղանդավորները սերտաճած են ներկա իշխանությունների հետ: Ամիսներ շարունակ անհայտ ծագմամբ «Նոր Հայաստան, Նոր հայրապետ» նախաձեռնությունը հալածանքի է ենթարկում մեր եկեղեցուն, իսկ իշխանությունը հայտարարում է, թե սա պետական խնդիր չէ: Եթե այսօր եկեղեցին վտանգված է , ինչո՞ւ է իշխանությունը հրաժարվում եկեղեցուն պաշտպանել, բայց դատական համակարգում կայացնում է որոշումներ»,- փաստեց Ա. Կարապետյանը:

Նրա բնորոշմամբ՝ ներկայիս իշխանություններն իրենց անգործությամբ աջակցում են այլասերվածություն տարածողներին, չունեն պետական մտածելակերպ:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս