«ՏԻՄ ընտրությունները ստացվել են, վստահության հանրաքվեն՝ ոչ, բայց լայն օրակարգով քաղաքական կոնսուլտացիաների կարիք կա». Արմեն Աշոտյան

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մանհեթենի «Յեյլ» ակումբում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Երևան վերադառնալուն պես բանակցություններ է սկսելու ԱԺ ուժերի ղեկավարների հետ՝ ԱԺ-ը ցրելու մասին, ասել է.

«Խոստովանենք, որ երկրում քաղաքական երկխոսության և կոնսուլտացիաների կարիք Հայաստանում իրոք կա։ Իշխանափոխությունից անմիջապես հետո իշխանությունն ու ընդդիմությունը կորցրին քաղաքական երկխոսության հնարավորությունները և սկսեցին միմյանց հետ շփվել բացառապես հրապարակային, հանրային քաղաքական դաշտում։ Վարչապետ Փաշինյանը, երկար ժամանակ է՝ իշխանությունների անունից սպառնում է ընդդիմությանը, ընդդիմությունը հրապարակավ անդրադառնում և մերժում է այդ սպառնալիքները։ Հուսամ, այս նախաձեռնության ձևական պատրվակն է միայն Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշվող օրակարգային հարցը, այն է՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման իր ցանկությունը, որովհետև նման կոնսուլտացիաների, հանդիպումների ընթացքում կողմերը պետք է ազատ լինեն քաղաքական օրակարգ ձևավորելու։

Կարող ենք անդրադառնալ բազմաթիվ հարցերի, այդ թվում ՝մենք ունենք քաղաքական հարցադրումներ, որոնք, երկար ժամանակ է, բացառապես հանրային դիսկուրսում են, և ուղիղ, անմիջական քննարկման չեն ենթարկվել իշխանությունների կողմից։ Կարծում եմ՝ եթե վարչապետն այս նախաձեռնության գալիս է բացառապես իր օրակարգով, ապա այս նախաձեռնությունն իր ձևի մեջ իր բովանդակությանը չի ծառայելու, որովհետև քաղաքական կոնսուլտացիաները չպետք է հիշեցնեն ուլտիմատում։

Քաղաքական երկխոսության անհրաժեշտությունը մեր երկրում չպետք է պայմանավորված լինի բացառապես վարչապետի կողմից կարևորվող օրակարգային հարցով։ Հակառակ պարագայում դա հիշեցնելու է խոսակցություն, որտեղ վարչապետն իրեն վերագրելու է ուժային դիրք՝ մեկնաբանելով Երևանի ավագանու ընտրությունները՝ որպես իրեն տրված քվե։ Մենք դա, բնականաբար, վիճարկելու ենք, որովհետև Երևանի ընտրություններին մասնակցության տոկոսը դիտարկելու ենք ոչ թե՝ որպես քաղաքական ընտրությունների կամ վստահության հանրաքվեի մասնակցության տոկոս, այլ ՏԻՄ ընտրությունների մասնակցության տոկոս՝ ընդունելով ՏԻՄ ընտրությունների արդյունքները և շնորհավորելով երևանցիներին և շեմը հաղթահարած քաղաքական ուժերին, այդ թվում՝ հաղթող քաղաքական ուժին՝ այս պատասխանատու աշխատանքին անցնելու կապակցությամբ։

Այնուհանդերձ, պնդում եմ՝ քաղաքական կոնսուլտացիաների, երկխոսության անհրաժեշտություն իսկապես կա, սակայն օրակարգը պետք է լինի բաց։ Մենք պատրաստ կլինենք լսել վարչապետի հիմնավորումները, և նա պետք է պատրաստ լինի լսել նաև ոչ միայն մեր հակադարձումները, այլև մեր կողմից առաջադրվող քաղաքական հարցադրումները։ Եվ թող որ Երևանի ընտրությունների հնարավոր շահարկումը կամ մեկնաբանությունները կողմերի կողմից առիթ դառնան նման քաղաքական հարթակ, նման քաղաքական ձևաչափ վերակենդանացնելու կամ ստեղծելու համար։ Այդ առումով հատկապես տարակուսելի է ժողովրդավարական երկիր կառուցող իշխանությունների համար ուժի տեսակետից խոսելու ցանկությունը։ Սա նույնպես ընկալելի չէ, և ՀՀ օրենսդիր մարմնի վրա ճնշումներ գործադրելու շեշտադրումներ այդ քաղաքական կոնսուլտացիաները չպետք է ունենան, հակառակ պարագայում, ավելի լավ է՝ դրանք տեղի չունենան»։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը և նրա կողմնակիցները Երևանի ավագանու ընտրություններն ամեն կերպ փորձում են ներկայացնել ոչ թե՝ որպես Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ, այլ՝ որպես իշխանությունների նկատմամբ վստահության հանրաքվե, որը, նրանց համոզմամբ, կայացել է։ Արմեն Աշոտյանը հակադարձեց.

«Վստահաբար կարող ենք ասել՝ ՏԻՄ ընտրությունները ստացվել են, վստահության հանրաքվեն՝ ոչ։ Քաղաքական երկխոսության անհրաժեշտություն կա, սակայն միայն ու միայն բաց և լայն օրակարգով»։

Տեսանյութեր

Լրահոս