«Սա վստահության քվե էր, և երևանցիները հաստատեցին գործող իշխանության չափազանց բարձր ռեյտինգը»
«Ես սպասում էի մոտավորապես այսպիսի ցուցանիշներ: Ես մտածում էի, որ ԲՀԿ-ն մի փոքր ավելի շատ ձայներ կստանա, «Լույսի» ստացած քվեները սպասելի էին, ինչպես նաև սպասելի էին մյուսների ցուցանիշները: «Իմ քայլը» դաշինքի շանսերը ես գնահատում էի մոտ 70-80%, բայց ոչ այդքան բարձր, ինչ գրանցվեց: Սա, հնարավոր է՝ նրա արդյունք է, ինչ տեղի էր ունենում օր ու գիշեր՝ ԲՀԿ-ի գրասենյակներում խուզարկություններ, և այլն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ ամփոփելով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները:
Ըստ նրա՝ ավագանու ընտրությունները ցույց տվեցին գործող իշխանության շատ բարձր լեգիտիմությունը: Քաղաքագետի խոսքով՝ սա ոչ թե քաղաքի ընտրություններ էին, այլ վստահության քվե էր, և երևանցիները հաստատեցին գործող իշխանության չափազանց բարձր ռեյտինգը:
Անդրադառնալով ընտրություններին քաղաքացիների մասնակցության խնդրին՝ Ա.Իսկանդարյանը նշեց, որ նման ակտիվությունը շատ թե քիչ սպասելի էր իր համար.
«Նախ՝ դա քաղաքային ընտրություններ էին, որոնց երբեք այդքան մեծ մասնակցություն չի լինում, անցած տարի ավելի քիչ էր, երկրորդ՝ սա վստահության քվե էր, ընտրությունները քաղաքական էին, և հռետորաբանությունը քաղաքական էր: Քաղաքական ընտրությունների համար ընտրողների մասնակցությունը մեծ չէ: Սակայն բացատրել քաղաքական ընտրությունների համար փոքր մասնակցությունը շատ հեշտ է, որովհետև դա, այսպես ասած, հաղթողի «անեծքն» է, որ բոլորին հայտնի է ընտրությունների արդյունքները, և մարդիկ, վստահելով իրենց թեկնածուին, չեն գնում ընտրությունների: Այսինքն՝ քաղաքական մրցակցության նվազ մակարդակի դեպքում մարդիկ քիչ են գնում ընտրությունների»:
Ա.Իսկանդարյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ վարչապետն ուղիղ մասնակցություն ունեցավ, ֆինանսական ռեսուրսի մասին չի կարելի խոսել, մարդկանց ավտոբուսներով չէին բերում և չէին վճարում քվեարկելու համար: Նրա խոսքով՝ շատ դժվար է հաշվարկել, թե ավագանու անցած ընտրությունների ժամանակ ավտոբուսներով բերված մարդկանց որ մասն է այս անգամ ինքնակամ եկել ընտրության և ինչպես է քվեարկել:
«Հեղափոխական էյֆորիան սրանք վերածեցին քաղաքական ընտրությունների: Գործող իշխանության հաղթանակն ակնհայտ է, և դա հաստատում է իշխանությունների վստահության քվեն ու լայն լեգիտիմությունը»,- ասաց Ա.Իսկանդարյանը:
Միաժամանակ, ըստ նրա, Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին երկրում քաղաքական կուսակցությունների բացակայությունը, մասնավորապես՝ ընդդիմադիրները՝ ՀՀԿ-ն և Ռոբերտ Քոչարյանը, չէին մասնակցում, իսկ մյուս մասնակիցները, բացի «Լույսից» և ԲՀԿ-ից, մասնակցում էին ուղղակի մասնակցության համար:
Ա.Իսկանդարյանը նշեց, որ «Լույս» դաշինքը կանցնի ավագանի միայն առնվազն երեք ուժերի առկայության պահանջի շնորհիվ: ԲՀԿ-ի՝ սպասվածից քիչ քվե ստանալը քաղաքագետը բացատրեց նրանով, որ դա կարող է լինել ընտրարշավի կոշտության արդյունք. «ԲՀԿ-ն չկարողացավ լուրջ արդյունք ցույց տալ նաև այն պատճառով, որ գյուղացիները Երևանում շատ չեն, ԲՀԿ-ի պոտենցիալ ընտրողները քաղաքից դուրս են»:
Ա.Իսկանդարյանը ռազմավարական առումով ճիշտ գնահատեց, որ ընտրություններին գնաց «Իմ քայլը» դաշինքը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թաքցրեցին.
«Մարությանի փոխարեն՝ ով էլ լիներ, նույն արդյունքը կլիներ: Ընտրությունը հաղթեց ոչ թե Մարությանը, կամ ՔՊ-ն, այլ Փաշինյանի անձը: Սա ցույց է տալիս, որ երկրում խորհրդարանական կառավարում՝ կուսակցությունների ակտիվությամբ, չկա: Այս հանգամանքը և այն, որ մենք տեսնում ենք կառավարող կուսակցության ստացած բարձր քվեները, ժողովրդավարական երկրներում կառավարող կուսակցության համար 80% չեն քվեարկում, կարելի է ասել, որ մենք վերադարձանք 90-ականներ»:
Հարցին, այսինքն՝ 4-5 տարի հետո նորից կլինի վերադարձ հնի՞ն, Ա.Իսկանդարյանը պատասխանեց, որ ինքը Նոստրադամուսը չի, բայց Հայաստանին պետք է, որպեսզի իր քաղաքական համակարգն աշխատի.
«Զարգացած քաղաքական համակարգը, ժողովրդավարացումը քվեարկող մարդկանց թիվը չէ, որոնք նույնանման են քվեարկում, այլ ինստիտուտների ստեղծումն է: Դրանք չի կարելի ստեղծել մի օրում, մի ստորագրությամբ, մի մարդու կողմից: Քաղաքական կուսակցությունների կայացումը լուրջ և դժվար, երկար ուղի է, որ պետք է անցնեն ոչ միայն իշխանությունները, այլ հասարակությունը: Տարբեր տարբերակներ են հնարավոր: Ե՛վ ռիսկեր կան, և՛ հույսեր»: