«Երևանի քաղաքապետի որակները չպետք է լինեն միայն ջրմուղկոյուղու ինժեների, կամ շինարարի, կամ ճարտարապետի». Միքայել Մելքումյան
ԲՀԿ անդամ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ խախտումներ չի նկատել։ Այսօր ասուլիսի ժամանակ նա հույս հայտնեց, որ այս ընտրությունների արդյունքում կունենանք նոր իրավիճակ։ Սակայն, ըստ նրա, այն պայմանավորվածությունները, որ քաղաքական ուժերն ունեին՝ հարգալից վերաբերվել միմյանց, մասնավոր դեպքերում որոշ չափով խառնվեց, սոցցանցերում նույնիսկ անձնական վիրավորանքներ եղան, բայց իրենց արձագանքից հետո պետք է որ դադարի։
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն առանձնացրեց մի կարևոր հանգամանք, որ ՀՀ-ում ընտրությունները հասարակությանը բևեռացման էին տանում, ծեծկռտուքներ և այլն, իսկ այս անգամ նման դեպքեր դեռ չեն արձանագրվել։
«Մի քանի օր է մնացել, և ես կարծում եմ, այդ օրերը վճռորոշ են լինելու քաղաքացիներին ծրագրերը ներկայացնելու, թիմի անդամներին լավագույնս ներկայացնելու համար, որ Երևանի բնակիչները կարողանան ճիշտ ընտրություն կատարել»,- ասաց Վ.Էնֆիաջյանը։
Մ.Մելքումյանը նշեց, որ Երևան քաղաքի ընտրությունները քաղաքական ընտրություններ են՝ դասական համամասնական, և Երևանի քաղաքապետի որակները չպետք է լինեն միայն ջրմուղկոյուղու ինժեների, կամ շինարարի, կամ ճարտարապետի, այլ նա պետք է ղեկավարի քաղաքի ավագանին, և դա քաղաքական բարձրագույն պաշտոն է։ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ ծրագրերը հաճախ մի կողմ են մղվում և մրցակցային տարբեր բառապաշարով գնահատականներ են տրվում. «Ես գտնում եմ, որ որևէ քաղաքական ուժ չպետք է կառավարվի այլ ուժերի կողմից, այսինքն՝ մի ուժը մի բան ասեց, դու քո ելույթն ամբողջությամբ նվիրես դրան։ Ցանկալի է, որ ծրագրային մոտեցումները շատ լինեն։ Ծրագրայինը և քաղաքականը պետք է միահյուսված լինեն, որ դա որակ տա և ազդի ընտրողների վրա»։