Ավանի հացը հարամ չի արված. Նիկոլ Փաշինյանը՝ ավանցիներին
Երևանի Ավան վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի սեպտեմբերի 17-ի հանրահավաքի վայրը հուզել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Երբ եկանք փողոցով և մտանք այս թաղամասը, հոգիս տակնուվրա եղավ: 2017թ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի առաջին օրն այս թաղամասում բավական տարօրինակ ու խորհրդանշական բան տեղի ունեցավ: Մենք անցնում էինք կրպակների արանքով, և ճանապարհին մարդիկ անընդհատ հաց էին հյուրասիրում ինձ: Դա իսկապես շատ խորհրդանշական և ինձ համար անմոռանալի պահ էր: Երևի իմ քաղաքական գործունեության ամենակարևոր պահերից մեկը, որովհետև հացի ամեն կտորը կուլ տալիս ինձ համակում էր այն զգացողությունը, թե ես ուխտ եմ կնքում մեր ժողովրդի հետ այդ հացի միջոցով: Մենք հայ ենք և հացը մեզ համար առանձնահատուկ արժեք ունի: Ես այստեղ կանգնած ուրախ եմ ասել, որ այդ ուխտի պայմանը պահված է, այդ հացը հարամ չի արված և դու հաղթել ես, հայ ժողովուրդ»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով` այդ ուխտն այսօր նորոգվում է նոր թափով, որովհետև հանրահավաքին ներկաների մեծամասնությունը կազմում են երեխաները, ովքեր Հայաստանի վաղվա օրն են:
«Հայաստանի Հանրապետությունում գոյություն է ունենալու միայն ժողովրդին սիրող ու ժողովրդի առաջ խոնարհվող իշխանություն և սա այլընտրանք չունի: Այդ ուխտը այսօր նորոգվում և նոր թափ է ստանում, որովհետև տեսեք, որ այս հավաքի առնվազն կեսը 7-14 տարեկան երեխաներ են, որոնք ընդհանրապես ընտրող չեն, ձայն չունեն այս ընտրություններում, բայց այդ երեխաները ՀՀ-ում արել են հեղափոխություն: Չի կարող որևէ մեկը ՀՀ-ում կամ աշխարհի որևէ ծայրում կասկածի տակ դնել այս երեխաների ապագան: Բոլոր նրանք, որ կփորձեն որևէ ոտնձգություն անել այս երեխաների ապագայի նկատմամբ, մենք նրանց ոչ միայն ասֆալտներին կպառկեցնենք, մենք նրանց պատերով կտանք»,- ասաց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը վարչական շրջանի բնակիչներին ու ՀՀ քաղաքացիներին հայտնեց, որ իրենց հետ կապած ուխտը դրժված չէ և պահպանվելու է այնքան ժամանակ, քանի դեռ բաբախում է իր սիրտը:
«Ես ուզում եմ այսօր ուղիղ նայել գարնանային այդ օրը մեզ հաց հյուրասիրած բազմաթիվ հայրենակիցների աչքերի մեջ ոչ միայն Ավանում, այլև` հանրապետության ողջ տարածքում, որովհետև մենք երկրի ամեն անկյունում հացով, արցունքով, պայքարով ու ժպիտով սրբազան ուխտ ենք կնքել յուրաքանչյուր քաղաքացու հետ: Ես այսօր հպարտ եմ յուրաքանչյուրիդ աչքերի մեջ նայելով ասելու` մեր ուխտը դրժված չէ, ձեր հացը հարամ արված չէ, ձեր հացի սրբությունը պահված է և պահվելու է այնքան ժամանակ, քանի դեռ իմ սիրտը բաբախում է: Ես դա ձեզ ասում եմ ձեր աչքերի մեջ ուղիղ նայելով, որովհետև քրիստոնեական մեր հավատքը ասում է` մի երդվիր, թող քո այո-ն լինի այո, իսկ ոչ-ը` ոչ: Մենք ոչ ենք ասել կոռուպցիային, քծնանքին, թալանին, կեղծավորության, ստին, կեղծիքին: Այո ենք ասել քաղաքացուն, այս երեխաներին ու իրենց ապագային, մեր սրբազան նահատակներին: Նրանց գերեզմանների առաջ ասել ենք, որ Հայաստանը լինելու է ազատ, հզոր և երջանիկ»,- նշեց ՀՀ վարչապետը:
Փաշինյանն իր ելույթը չցանկացավ ավարտել որևէ քաղաքական հայտարարությամբ` չցանկանալով նսեմացնել իր սկզբնական ելույթի արժեքը: