«Գագիկ Ծառուկյանն այսօր անձամբ կպատասխանի». Իվետա Տոնոյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը պնդում է, որ ինքն անձամբ դեմ է քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետության հարցին։ Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ նա հայտարարեց, որ այդ քվեարկությանն իրենց խմբակցության պատգամավորներն ազատ են եղել։

Անդրադառնալով Մարտի 1-ի դեպքերից հետո արտակարգ դրություն մտցնելու հարցին ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի՝ «կողմ» քվեարկությանը, Վ.Էնֆիաջյանը նշեց, որ Զոհրաբյանն ինքն էլ է ասել, որ, եթե 2008-ի մարտյան դեպքերից հետո արտակարգ դրություն չհաստատվեր, զոհերի թիվը, քաոսային իրավիճակն անհամեմատ շատ էր լինելու, և այդ իրավիճակը տրամաբանությունից դուրս ժամանակով ձգվելու էր. «Կանխարգելելու նպատակով է նա կողմ քվեարկել»։

Թե ինչպե՞ս են այս իրավիճակում շարունակվելու ԲՀԿ-ի հարաբերությունները «Քաղաքացիական պայմանագրի» հետ կառավարությունում, Վ.Էնֆիաջյանը նշեց, որ կառավարությունում իրենք նորմալ գործակցում են, ունեն ծրագրեր, ամիսներ առաջ ժողովուրդն է փոփոխություններ իրականացնելու օրակարգ ձևավորել. «Մեծ նպատակները միայն մեծ կոնսոլիդացիայի պայմաններում է հնարավոր իրականացնել»։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հորդորեց բոլոր քաղաքական ուժերին՝ վերադառնալ նորմալ, քաղաքակիրթ մրցապայքարի հուն, ներկայացնել բացառապես քաղաքի զարգացմանը վերաբերող ծրագրերը, չտեղափոխել անձնական վիրավորանքների, միմյանց վրա ցեխ շպրտելու գործելաոճի. «Կարծում եմ՝ սրանից առաջին հերթին՝ տուժելու է մայրաքաղաքը, տուժելու են մայրաքաղաքի բնակիչները»։

«Վերադարձեք նորմալ քաղաքական պայքարի հուն»,- ասաց Ի. Տոնոյանը։

Հարցին՝ արդյոք Գագիկ Ծառուկյանը կիսո՞ւմ է  Նաիրա Զոհրաբյանի մտքերը, Ի.Տոնոյանը նշեց, որ Ծառուկյանն այսօր երեկոյան մասնակցելու է Նոր Նորքում կայանալիք հանդիպմանը, որի ընթացքում նա անձամբ կպատասխանի հուզող հարցերին։

Տեսանյութեր

Լրահոս