«Հայաստանում այս պահին տեսնում ենք բավականին աղքատիկ տեխնոլոգիաներով պայքար». Արմեն Բադալյան

Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածի կեսն արդեն անցել է, սակայն այս ժամանակահատվածում քաղաքական ուժերն իրենց հնարավորություններն առավելագույնս չեն օգտագործել։ Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը։

Ըստ նրա՝ քարոզարշավի ընթացքի 2-3 օրերին լրատվական դաշտը զբաղված էր հայտնի կոմպրոմատի (ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության) լուսաբանմամբ, ինչը հարված հասցրեց քարոզարշավի ոչ ֆավորիտ ուժերին, որովհետև նրանք կորցրեցին այդ օրերը՝ իրենց տեսակետը ներկայացնելու գործում.

«Այնուամենայնիվ, այս պահի դրությամբ իրենց հնարավորությունները, իհարկե, ոչ ամբողջովին, բայց իրենց պատկերացմամբ՝ ամբողջովին, կարողանում են ներկայացնել «Իմ քայլը» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Այդ ուժերը հանդիսանում են ֆավորիտներ և, անկասկած, տեղ կունենան ապագա ավագանու կազմում։ Արդեն երևում է, որ պայքարն ընթանալու է 3-րդ տեղի համար։ Թե ո՞վ կզբաղեցնի այդ տեղը, այս պահի դրությամբ դժվար է ասել՝ կլինի ՀՅԴ-ն, «Լույս» դաշի՞նքը, թե՞ մեկ այլ ուժ։ Դա կարող են ասել սոցիոլոգիական հարցումները, բայց հայտնի է, որ Հայաստանում նախկին տարիներին սոցիոլոգիական հարցումները՝ որպես անկախ ինստիտուտ, չեն զարգացել, և տարածված է սոցիանկարչությունը։ Դրա համար այս պահի դրությամբ մենք չենք կարող ասել՝ երրորդ ուժը որը պետք է լինի։ Բայց ավագանին չի կարող բաղկացած լինել 3-ից պակաս ուժերից։ 2 ուժ անցնում են՝ ԲՀԿ և «Իմ քայլը», չեմ կարող ասել՝ այս պահին ով է դրանցից առաջինը լինելու, բայց երկուսն էլ անցնում են ավագանի և բավականին մեծ տեղ են ունենալու։ Երրորդ ուժը կամ չորրորդը, որոնք կանցնեն, դժվար է ասել։ Միանշանակ է, որ բոլոր ուժերը չեն անցնում»։

Հարցին՝ ծրագրերի պայքար կա՞, Ա. Բադալյանը նշեց, որ ծրագրերն իրենց տեղն ունեն, ընտրական կամպանիայում ոչ մի բան երկրորդական չէ, բայց բոլորը միաժամանակ պետք է լինի, որպեսզի ընտրական կամպանիան արդյունք ունենա.

«Այսինքն՝ սա զուտ ծրագրերի պայքար չէ, ակադեմիայում թեզի պաշտպանություն չէ, որ միայն ծրագրերով առաջնորդվեն։ Ծրագիրն իր տեղն ունի, թռուցիկը՝ իր, հեռուստատեսությամբ հանդես գալը՝ իր, կուսակցության ղեկավարների ներկայացվածությունը՝ իր, այսինքն՝ ամեն ինչ պետք է լինի, միայն ծրագրով չէ։ Եթե բոլորը կոմպլեքս ճիշտ է օգտագործվում, ծրագիրը նշանակություն ունի, եթե շատ գործոններ ուղղակի անհաջող են օգտագործվում, ապա ամենահաջող ծրագիրն էլ դերակատարություն չունի»։

Անդրադառնալով քաղաքապետերի թեկնածուների միջև բանավեճերի բացակայությանը՝ Ա.Բադալյանը նշեց, որ ընդհանրապես Հայաստանում շատ քիչ՝ 1-2 անգամ է պատահել, երբ թեկնածուների միջև պայքար է գնում։ Նրա խոսքով՝ այս պահի դրութամբ ամեն մեկը մտածում է, որ ինքն ավելի ճիշտ կանի, որ ոչ թե մյուսի հետ բանավիճի, այլ իրեն ներկայացնի ընտրողներին։

Նա համաձայնեց դիտարկմանը, որ համեմատության մեջ դրական ու բացասական կողմերն ավելի ակնհայտ են դառնում.

«Իհարկե, աշխարհի ժողովրդավարական շատ երկրներում ուղղակի քաղաքականապես պարտադիր է թեկնածուների միջև պայքարը, երբ թեկնածուները կանգնում են, և նրանց հարցեր են տալիս լրագրողները, որոնք չեն ասոցիացվում այս կամ այն քաղաքական ուժի հետ։ Թեկնածուները ներկայացնում են իրենց տեսակետները, դա ավելի տեսանելի է դարձնում թեկնածուների ուժեղ և թույլ կողմերը։ Պարզապես, քանի որ Հայաստանում նախկինում նման բան չի եղել, եղածն էլ ձևականություն է եղել, այս պահի դրությամբ դա որպես ինստիտուտ զարգացած չէ։ Միգուցե հետագայում լինի, կամ երկրորդ շաբաթվա ընթացքում կտեսնենք, բայց կարծում եմ՝ բոլորը կգնան իրենց ճանապարհով»։

Քաղտեխնոլոգը քարոզարշավի ընթացքում օրենքից դուրս երևույթներ չի նկատել։ Ա.Բադալյանի կարծիքով՝ այս պահի դրությամբ տեղի ունեցող պայքարն ամբողջությամբ օրինականության դաշտում է, ուղղակի շատ աղքատիկ է, որովհետև ընտրությունների ժամանակ բազմաթիվ տեխնոլոգիաներ են օգտագործվում ամբողջ աշխարհում այնտեղ, որտեղ ընտրությունները որպես ինստիտուտ դերակատարություն ունեն և ձևավորում են իշխանություն։ Սակայն, նրա խոսքով, Հայաստանում այս պահին տեսնում ենք բավականին աղքատիկ տեխնոլոգիաներով պայքար՝ բուկլետների բաժանում, պաստառների փակցնում, բակային հանդիպումներ, որոնք հեռարձակվում են հեռուստատեսությամբ կամ կայքերով։

Հարցին, թե «Զիբիլիքսի» գործով Ս.Ս.-ին և Հ.Ա.-ին մեղադրանք առաջադրելն այս փուլում կազդի՞ ուժերի վարքի վրա, Ա.Բադալյանը բացասական պատասխան տվեց.

«Ոչ, ազդեցություն չունի։ Կարող է դրա մասին որոշ լրատվամիջոցներ գրեն, քննարկեն, հետո կմոռանան։ Անգամ այդ հայտնի կոմպրոմատը, որ 2 իրավապահ համակարգերի ղեկավարների հեռախոսազրույցը տարածվեց սոցցանցերում, անգամ դա հասարակության վրա որևէ ազդեցություն չթողեց։ Հավատացեք՝ «Զիբիլիքսը» նույնպես որևէ ազդեցություն չի թողնելու»։

Տեսանյութեր

Լրահոս