«ԱՄՆ-ը ամենապարզ լեզվով հասկացրեց, թե ինչը կարող է ընդունելի լինել իր համար, ինչը` ոչ»
Սիրիայում Ռուսաստանի հետ համատեղ մարդասիրական առաքելություն իրականացնելու ՀՀ կառավարության նախագիծն ակտիվորեն քննարկվում է Հայաստանում և այն գործընկեր երկրներում, որոնք անտարբեր չեն մերձավորարևելյան «կաթսայում» ծավալվող իրադարձությունների նկատմամբ:
Օրերս Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաքելության հիմնական նպատակը Հալեպի և ընդհանրապես Սիրիայի հայ համայնքին աջակցելն է։ «Ես շատ ուրախ եմ, որ մեր երկրներն այս համատեղ որոշումը կայացրել են, և ՀՀ ՊՆ հումանիտար առաքելության ներկայացուցիչները կգործեն Հայաստանի դրոշի ներքո։ Այս առաքելությունը մենք իրականացնելու ենք Ռուսաստանի հետ համատեղ, քանի որ սա մարդասիրական առաքելություն է, հուսով եմ` միջազգային հանրության նորանոր ներկայացուցիչներ կներգրավվեն այս գործընթացին»,- ասել էր Փաշինյանը։
Նրա խոսքով` Հայաստանն առանձնահատուկ հետաքրքրություն ունի այս հարցում` հաշվի առնելով հայ համայնքի առկայությունը։ «Եվ մենք կարևոր ենք համարում հումանիտար օգնություն ցուցաբերելը։ Մոտավորապես նույնպիսի առաքելություններ իրականացնում ենք նաև այլ երկրներում»,- ասաց վարչապետը։ Փաշինյանն ընդգծել էր` տվյալ դեպքում Հայաստանն իրականացնելու է բժշկական և հումանիտար ականազերծման առաքելություն։ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օրերս տված իր հարցազրույցում մանրամասնել էր, որ պլանավորված է Սիրիայի Արաբական Հանրապետություն գործուղել Պաշտպանության նախարարության մասնագետների խումբ՝ կազմված բժիշկներից, հումանիտար ականազերծման մասնագետներից և նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմից։
«Բնականաբար, Պաշտպանության նախարարության մասնագետները հիմնականում զինվորականներ են, սակայն դա ոչ մի կերպ չի կարելի ներկայացնել՝ որպես մարտական զորախումբ, քանի որ հայ մասնագետների խումբը Սիրիայում մարտական խնդիրներ չի կատարելու, այլ զբաղվելու է բացառապես հումանիտար խնդիրներով: Հետևաբար, այն ունենալու է ոչ թե զորախմբի, այլ մասնագետների խմբի կարգավիճակ»,- հստակեցրել էր նա: Նախարարը նաև տեղեկացրել էր, որ Սիրիա են գործուղելու մինչև 100 մասնագետների՝ այս տարվա ընթացքում: «Ինչ վերաբերում է գործուղման ժամկետին, ապա դա հընթացս որոշելու խնդիր է, և հստակ ժամկետ սահմանված չէ»,- ասել էր նա:
Հաշվի առնելով սիրիական հակամարտության թեմայի զգայունությունն Արևմուտքի, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների համար, շատ են կարծիքներն այն մասին, որ այս ծրագրին մասնակցությունը կարող է հարվածի տակ դնել Հայաստան-Արևմուտք հետագա համագործակցությունը՝ խոչընդոտելով Հայաստանին նոր ֆինանսական աջակցությունների հնարավորությունը, հարաբերությունների ընդլայնումն ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ:
Սակայն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն անդրադառնալով թեմային՝ նշել է, որ Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակին: «Սիրիայի հայկական բնակչությանն օգնելու ՀՀ կառավարության ցանկությունը հասկանալի է: ԱՄՆ-ը ևս մտահոգ է Սիրիայի պատերազմի մարդասիրական հետևանքներով և խաղաղ բնակչության դժվարին վիճակով: Սիրիայում Հայաստանի ենթադրվող առաքելության մասին մեկնաբանություններ չենք կարող տալ, սակայն նշենք, որ Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակին, որտեղ երեք միլիոն անմեղ քաղաքացիական բնակչություն գտնվում է շրջապատման մեջ, ու նրանց սպառնում է հարձակում Ասադի ռեժիմի կողմից, որին սատարում են Ռուսաստանն ու Իրանը»:
«168 Ժամի» հետ զրույցում ամերիկացի քաղաքական վերլուծաբան, ամերիկացի նախկին դիվանագետ Փոլ Գոբլն ասաց, որ իսկապես սիրիական հակամարտությունը ԱՄՆ արտաքին քաղաքական ծրագրում առանձնակի լուրջ տեղ ու դերակատարություն ունի, քանի որ կապված է մի շարք վտանգների, այդ թվում՝ ամենակարևորը՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների հետ, քանի որ, ինչպես մի շարք այլ թեմաներում, այնպես էլ՝ սիրիական հակամարտությունում, ԱՄՆ-ը ու Ռուսաստանը հակառակորդներ են:
Նրա խոսքով, բնականաբար, ցանկացած երկրի միջամտություն մեկ այլ երկրում տեղի ունեցող զարգացումներին քննադատելի է, թեև սիրիական հակամարտությունը վաղուց դուրս է եկել այդ տրամաբանությունից:
«Այնուամենայնիվ, եթե խոսենք Հայաստանից, ապա հասկանալի արտահայտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստանը ցանկանում է նոր մակարդակի բարձրացնել հայ-ռուսական հարաբերությունները: Հարաբերություններն ավելի բարձր մակարդակի դուրս բերելու գինն այս առաքելությունն է: Հասկանալի է, թե ինչու է սա նախաձեռնվել հենց այս փուլում: Ինչպես մեր, այնպես էլ ՀՀ իշխանությունների համար պարզ է, որ Սիրիայում առկա հակամարտությանը ներքաշվելու, դրան միջամտելու փորձերը լի են բազում և բազմաբևեռ մարտահրավերներով: Հենց այդ պատճառով մշակվել է մի կոնցեպտ, որը, ըստ էության, թվացյալ ամենաանմեղ նախագիծն է»,- նշեց Փոլ Գոբլը՝ շարունակելով, որ հասկանալով հնարավոր վտանգները՝ հայկական կողմը վստահաբար այս հարցը քննարկել է բոլոր մտահոգ գործընկերների հետ:
Նրա խոսքով՝ հնարավոր մտահոգ գործընկերներից մեկը կարող էր լինել ԱՄՆ-ը: «Սակայն, իմ կարծիքով, երկխոսություններ այս թեմայով ընթացել են, դրա ապացույցներից մեկը դեսպանատան արձագանքն էր»,- նշեց Գոբլը:
Բացատրելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիրքորոշումը` Գոբլն ասաց, որ այն կարճ էր, բայց տարողունակ:
«Ըստ էության, ԱՄՆ դեսպանատունը հրապարակավ ճանաչեց Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնելու ՀՀ իշխանությունների ցանկությունը, ընդունեց, որ դա հասկանալի է՝ հաշվի առնելով այնտեղ առկա հայ համայնքի փաստը և ընդհանրապես մարդասիրական առաքելություն իրականացնելու ցանկությունը: Բնականաբար, Միացյալ Նահանգները նաև հասկանում է, թե ինչպիսին է Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակը, հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները և բոլոր կողմերի հետ հարաբերություններում դրական հունը պահելու ցանկությունը:
Սակայն ամերիկյան կողմը նշեց նաև Իդլիբում տեղի ունեցող զարգացումների մասին, Ասադի ռեժիմի քայլերի, Ռուսաստանի և Իրանի մասին: ԱՄՆ-ը ըստ էության ամենապարզ լեզվով հասկացրեց, թե ինչը կարող է ընդունելի լինել իր համար, իսկ ինչը` ոչ: Ներկայիս ակտիվ ռազմական գործողությունների թատերաբեմն Իդլիբ նահանգն է, որից իր մարդասիրական առաքելության շրջանակում պետք է հեռու մնա Հայաստանը՝ խնդիրներից խուսափելու նպատակով: Սակայն, վստահաբար, ՀՀ իշխանություններն այս թեման քննարկել են բոլոր կողմերի հետ իրենց պաշտոնական և մասնավոր զրույցներում՝ հասկանալու համար դրա հնարավոր հետևանքները և իրենց ազատության սահմանները: Վերջերս, եթե չեմ սխալվում, եղել են հանդիպումներ Հայաստանի իշխանությունների և ամերիկյան կողմի մի շարք ներկայացուցիչների միջև:
Նման գործընկերների պարագայում սովորաբար գործընկերները հասկանում են, որ Հայաստանը, օրինակ, չի կարող գործընկերություն չունենալ Իրանի հետ, քանի որ ԱՄՆ-Իրան հարաբերությունները լարված են, և մի շարք նման հարցեր: Ուստի, եթե իսկապես առաքելությունն իրականացվի այնպես, ինչպես հայտարարել են ՀՀ իշխանությունները, խնդիրներ չեն լինի, քանի որ, ի վերջո, Սիրիայի վերականգնմամբ զբաղվելու են շատ երկրներ, որոնք կցանկանան մասնակցել այդ գործընթացին, և այն, ինչ հայտարարվել է, միայն օգուտ կարող է բերել Սիրիայի ժողովրդին և այնտեղի հայ համայնքին:
Իսկապես պետք է հասկանալ, որ Սիրիայի ռազմական գործողություններին միջամտելը կամ դրանց ինչ-որ կերպ առնչվելը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ ցանկացած երկրի, այդ թվում՝ Հայաստանի համար, որտեղ իրավիճակը դեռ վերջնականապես չի կայունացել հեղափոխությունից հետո, որն ունի փակ սահմաններ երկու հարևանների հետ, տարածքային հակամարտություն և ոչ այնքան բարենպաստ աշխարհագրական դիրք: Պետք է զգուշավորությունը պահպանել»,- ասաց Գոբլը: